Aravot.am-ը «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանից մեկնաբանություն խնդրեց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան այն դժգոհության վերաբերյալ, որ, «ընդդիմությունը՝ արժանապատիվ պարտվելու փոխարեն, գնացել-կորել է խորքային վերլուծությունների խորխորատներում» և չի շնորհավորել հաղթող կողմին, ինչպես դա անում են մի շարք երկրներում։
«Ես կարծում եմ՝ իրենք պետք է բավարարվեն ադրբեջանական ԶԼՄ-ներում եղած շնորհավորանքներով։ Ու բոլորովին տեղին չէ ակնկալել, որ նման ոչ ազատ, ոչ թափանցիկ, ոչ արդար ընտրությունների, քաղաքական բանտարկյալներ ունենալու, Արթուր Օսիպյանի 22-րդ օրվա հացադուլի պայմաններում, իրենց հակապետական գործունեության արդյունքում՝ իրենց նախնական տվյալները մեկը պետք է շնորհավորի։ Թող բավարարվեն ադրբեջանական շնորհավորանքներով, ինչպես արդեն նշեցի»,- ասաց տիկին Կարապետյանցը։
Հավելենք, որ ՔՊ-ին շնորհավորել են «Հանրապետություն» եւ «Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք կուսակցությունները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































