Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությանը եվրոպական ստանդարտներ պարտադրելուց առաջ` իշխանությունը նախ ինքը պետք է գործի եվրոպական պետականության և իրավականության տրամաբանությամբ. Տաթև Զորյան

Հունիս 09,2026 15:26 Share

Aravot.am-ը ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանից մեկնաբանություն խնդրեց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան այն դժգոհության վերաբերյալ, որ «ընդդիմությունը՝ արժանապատիվ պարտվելու փոխարեն, գնացել-կորել է խորքային վերլուծությունների խորխորատներում» և չի շնորհավորել հաղթող կողմին, ինչպես դա անում են մի շարք երկրներում։

«Հայաստանի հետընտրական իրավիճակը Ֆրանսիայի կամ Հունգարիայի հետ համեմատելը մեթոդոլոգիական կոպիտ սխալ է։ Ֆրանսիայում (ինչպես 2017-ին, այնպես էլ հաջորդ ընտրություններում), ինչպես նաև Հունգարիայում, ընդդիմադիր թեկնածուները հաղթողին շնորհավորում են ժամը 20:00-ին կամ 21:00-ին այն պատճառով, որ այդ նույն պահին հրապարակվում են հեղինակավոր, անկախ սոցիոլոգիական կենտրոնների էքզիթ փոլերի (քվեարկության ելքի հարցումների) արդյունքները։

Այդ երկրներում էքզիթ փոլերի սխալի հավանականությունը 1-2% է, և բոլոր կողմերը վստահում են այդ ինստիտուտին։ Հայաստանում որևէ պաշտոնական, անկախ և հեղինակավոր էքզիթ փոլ չի իրականացվել։ Փաշինյանը հաղթանակ է հայտարարել ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների հազիվ 15-20%-ի նախնական մշակման պայմաններում։ Արևմտյան դեմոկրատիաներում իշխող թեկնածուի կողմից նման քայլը կորակվեր որպես պետական ինստիտուտների նկատմամբ բռնաճնշում և քաղաքական անլրջություն»,- ընդգծեց Տաթև Զորյանը։

«Իշխանական քարոզչությունը պնդում է, թե ընտրատեղամասերում քվե կեղծելը տեխնիկապես անհնար է եղել։ Սա մասնակի ճշմարտություն է, որով քողարկվում է ամբողջական պատկերը։ 21-րդ դարում, հատկապես հիբրիդային վարչակարգերում, ընտրությունները չեն կեղծվում տեղամասերում քվեատուփ լցնելով կամ արձանագրություն կեղծելով։ Դրանք կանխորոշվում են նախքան ընտրության օրը։ Դա արվում է տոտալ վարչական ռեսուրսի, ուժային կառույցների բացահայտ գործադրմամբ, ընդդիմադիր գործիչների նկատմամբ քարոզարշավի ընթացքում ֆիզիկական և իրավական ճնշումներով, հանրային տեղեկատվական դաշտի մոնոպոլիզացմամբ և հանրությանը անվտանգային ու աշխարհաքաղաքական շանտաժի ենթարկելով։

Հետևաբար, տեղամասերի տեխնիկական թափանցիկությունը դեռևս չի նշանակում արդար և հավասար պայմաններով ընտրական գործընթաց։

Որևէ ընդդիմություն պարտավոր չէ ընդունել պարտությունը, քանի դեռ ինստիտուցիոնալ առումով չեն սպառվել բոլոր քվեների հաշվարկի, արձանագրված խախտումների քննության և բողոքարկման իրավական ընթացակարգերը։

Եվրոպական օրինակները մեջբերողները մոռանում են ամենակարևորը՝ և՛ Ֆրանսիայում, և՛ Հունգարիայում քաղաքական ուժերը հարգում են խաղի կանոնները և պետական ինստիտուտները։ Երբ իշխանության թեկնածուն կեսգիշերին ինքն իրեն հաղթող է հռչակում՝ չսպասելով ԿԸՀ-ի հրապարակմանը, նա առաջինն է խախտում այդ կանոնները։ Ուստի, ընդդիմությանը եվրոպական ստանդարտներ պարտադրելուց առաջ իշխանությունը նախ ինքը պետք է գործի եվրոպական պետականության և իրավականության տրամաբանությամբ»,- ասաց քաղաքագետը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Տաթեւ Զորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930