Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիս Առաքելյանն արձագանքում է Գյումրիում իշխանափոխություն անելու մտադրություն ունեցող Նիկոլ Փաշինյանին

Հունիս 09,2026 19:33 Share

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ քննարկման ժամանակ հայտարարել էր՝ Գյումրիում հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ։

«Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ մինչև Գյումրիում հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելը, թեկուզև շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պետք է արագ՝ այսօրվանից սկսած, գործողություններ իրականացնել։

Aravot.am-ի խնդրանքով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին։

«Հիշեցնեմ, որ Գյումրու իշխանությունը լեգիտիմ է։ 8 ամիս շարունակ ապօրինի կալանքի տակ եք պահում Գյումրու քաղաքապետին՝ Վարդան Ղուկասյանին։ Տեսնելով, որ նրան մեղսագրվող շինծու արարքը չի հաստատվում, փուչիկի նման պայթում է, հիմա էլ անցել եք անհասկանալի այլ մեղադրանքներ սարքելու։

Ճիշտ կլինի ազատել քաղաքապետին, ու կհամոզվեք, որ նա Գյումրին կսկսի շենացնել, ինչպես որ արել է 13 տարի շարունակ»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասի՝ Անիի փողոցների վատ վիճակին ու դրանք վերանորոգելու ծրագրին։

«Գիտեք, որ Անի թաղամասի փողոցները վերանորոգվելու են ՎԶԵԲ-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով։

2025 թվականին գալով իշխանության՝ մենք արագացրել ենք այդ պրոցեսը։ Նախագիծն արվում է, դրվելու է համալիր փորձաքննության, և դրանից հետո հայտարարվելու է շինարարի մրցույթ։ Ո՛չ մի րոպե, ո՛չ մի վայրկյան չենք դադարել աշխատել, խոչընդոտ չենք հանդիսացել։

Հակառակը՝ այն, ինչ մի քանի տարի շարունակ միասին փորձում էին անել «Բալասանյան դաշինքը» ու ՔՊ-ն՝ Անի թաղամասի փողոցների պահով, իրականում ոչինչ էլ չարեցին, անում ենք մենք։

Մենք շունչ տվեցինք այդ ծրագրին, այս տարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն, 3 լոտերով ենք հայտարարելու մրցույթը, որ մի քանի շինարարական ընկերություններ մասնակցեն, լինի մրցակցային»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930