ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ի համատեղ նիստում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է Կոմիտեի՝ 2025 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը:
Արթուր Նահապետյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի տարեկան բյուջեն կազմել է 3 միլիարդ 464 միլիոն դրամ, փաստացի ծախսը՝ 3 միլիարդ 388 միլիոն դրամ․ արդյունքում ապահովվել է ծրագրային ցուցանիշի 97,8 % կատարողական: Նա հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ՝ Կոմիտեի ծախսերն աճել են 270 միլիոն դրամով կամ 8,7 %–ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հաստիքների համալրմամբ:
Արդյունքային ցուցանիշների առնչությամբ Արթուր Նահապետյանը հայտնել է, որ Կոմիտեում քննված քրեական վարույթների ընդհանուր թիվը կազմել է 2,585՝ նախորդ տարվա 2,289-ի համեմատ, իսկ բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվը կազմել է 2,057՝ նախորդ տարվա 1,585-ի համեմատ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ չնայած հաստիքների սահմանափակ քանակին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ էության, մեծածավալ աշխատանք է կատարել ընտրական հանցագործությունների բացահայտումների ուղղությամբ: Կոմիտեի նախագահի խոսքով՝ համալրված է քննիչի 72 և օպերատիվ-հետախուզական ծառայողի 78 հաստիք: Միաժամանակ, ըստ Արթուր Նահապետյանի, Կոմիտեում այս պահին առկա է գրեթե 60 թափուր հաստիք, սակայն անգամ նման ներուժի պայմաններում կառույցը բավականին արդյունավետ աշխատանք է կատարել՝ իրականացնելով 100-ից ավել բացահայտումներ ամբողջ հանրապետության տարածքում և քննելով շուրջ 115 քրեական վարույթ, որոնք դեռևս ավելանալու են:
Կարդացեք նաև
Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է տարածքային ստորաբաժանումներ ունենալ բոլոր մարզերում, և այդ գործընթացը արդեն իսկ մեկնարկել է նախորդ տարվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ


















































