– Պարոն նախագահ, ամփոփելով ընտրական գործընթացը՝ ի՞նչ զգացում ունեք այսօր, երբ փաստացի Ձեր բոլոր կանխատեսումները, ընտրական պրոցեսի վերաբերյալ գործընկերներին ուղղված Ձեր զգուշացումներն իրականություն են դարձել։ Ի՞նչ եք կարծում, օրինակ, Ձեր առաջարկած օրակարգը՝ իմպիչմենթը, ա՞յլ հանգրվանի կբերեր։
– Ես դրա համար ուրախ չեմ և հիմա չեմ կարծում, որ իմաստ ունի դրա մասին խոսել։ Հիմա քաղաքական այն ուժերը, ովքեր անցել են խորհրդարան, այսինքն՝ ում սատարել է մեր ժողովուրդն այդ չափով, նրանք պիտի որոշում կայացնեն, և մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք, մենք բոլորս պետք է այդ որոշումներն իրականացնենք։
– Իսկ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այդ ուժերի համար այս պահին, այս փուլում, այս համատեքստում։
– Շատ տարբերակներ չկան՝ կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կա՛մ հրաժարվում են մանդատներից։ Այդ երկու ձևերի մեջ, երկու ելքերի մեջ կան և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր, բայց խնդիրը ձևն ընտրելը չէ. խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության։
Կարդացեք նաև
– Մի հստակեցում, կներեք, իհարկե, փողոցի օրակարգն այսօր իրատեսակա՞ն է։
– Փողոցը միշտ էլ օգտակար է։
– Կարո՞ղ է իրավիճակ փոխել այս փուլում։
– Չգիտեմ, դա կախված է ոչ միայն մեզանից, այլև, նորից եմ կրկնում, այն ուժերից, ովքեր ստացել են բավականաչափ մեծ սատարում մեր ժողովրդի կողմից։
– Պարոն նախագահ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք անցկացված ընտրությունները, ի՞նչ դիտարկումներ ունեք Դուք։
– Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ։ Եվ կարծում եմ, որ եթե մենք, օրինակ, 2017 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը՝ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Բայց ես չեմ ակնկալում, որ հիմա այդ դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն՝ հասկանալի պատճառներով, որովհետև այդ նախընտրական փուլում իրենց քաղաքական ղեկավարներն ամբողջական սատարումն են հայտնել այսօրվա իշխանություններին, և կարծում եմ՝ դա այդ մարդկանց կկաշկանդի։
– Ամեն դեպքում, արձանագրումներ արվել են, նշվել են նաև վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր։
– Դա մի բան է, երբ այդպես թեթև նշում են. դա էլ չէին կարող ընդհանրապես չնշել, որովհետև շատ ակնհայտ էր։ Իմ ասած ձևակերպումն այն է, որ դիտորդներն ընդհանրապես տալիս են վատ ընտրություններին։
– Իսկ վերահաշվարկն առհասարակ ինչ-որ իրավիճակ կարո՞ղ է փոխել։
– Այո՛, ես վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի։
– Պարոն նախագահ, Հանրապետական կուսակցությունը պատրա՞ստ է փողոցային պայքարի։
– Հանրապետական կուսակցությունը, նորից եմ ասում, պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, ովքեր ստացել են մեր ժողովրդի քվեն բավականին մեծ չափով։
– Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանը դեմ էր Ձեր երրորդ անգամ ընտրվելուն, և այսօր արդեն երրորդ անգամ տեսանք, որ նա ընտրվեց։ Այս մասով Ձեր գնահատականը։
– Նախ, ես երրորդ անգամ չեմ ընտրվել։
– Երրորդ ժամկետ։
– Երրորդ ժամկետ չեմ ընտրվել, որովհետև ես երկու ժամկետ եղել եմ Հանրապետության նախագահ, երրորդ ժամկետը դա նախագահի ժամկետ չէ. դա իրենց կողմից հնարված քարոզչական թեզ էր, և չեմ կարծում, որ ինքն էլ է հիմա երրորդ ժամկետ ընտրվում, որովհետև նախկին երկու ընտրությունները եղել են արտահերթ։ Այնպես որ, երրորդ ժամկետի խնդիր չկա։


















































