Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանից կեռասի, ծիրանի, սալորի, հանքային ջրի, գինու եւ բրենդիի արտահանումը խթանելու նպատակով հունիսի ընթացքում տնտեսվարողներին փոխհատուցում կտրամադրվի։ Մասնավորապես, ծիրանի մեկ կիլոգրամի համար կհատկացվի 200 դրամ, սալորի եւ դեղձի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր մեկ լրտի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր մեկ լիտրի համար՝ 830 դրամ եւ հանքային ջրի համար՝ 150 դրամ։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ասաց, որ որոշումը տարածվում է նաեւ հունիսի մեկից արդեն արտահանված ապրանքների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ճիշտն ասած, որ ես այս փոխհատուցման գները նայեցի, առաջին հարցը, որ ծագեց, հետեւյալն էր՝ համոզվա՞ծ եք, որ հետո ստիպված չեք լինելու հետ ներմուծել այդ նույն ապրանքները։ Սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնա ՀՀ-ում։ Ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ ենթադրենք, Երեւանից մարդիկ չզանգեն Փարիզ իրենց բարեկամներին ասեն՝ մի քիչ մեզ ծիրան ուղարկեք»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է օպերատիվ մոնիտորինգ անել, որպեսզի ներքին շուկայում խնդիրներ ու անտրամաբանական գնաճ չառաջանան։ «Նաեւ պետք է հաշվի անենք զբոսաշրջության մեծ հոսքերը, դրանք նույնպես սպառումն էականորեն ավելացնելու են։ Պետք է հաշվի առնել նաեւ ընտրակաշառքի մեծ ծավալները, որոնք էլի սպառումն ավելացնելու են ու ոնց որ թե արդեն ավելացրել են» ,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































