Երեւանի՝ 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 148 մլրդ 517 մլն դրամ, փաստացի 100.5 տոկոս՝ ըստ կատարողականի, որից սեփական եկամուտները հավաքագրվել են 96 մլրդ 596 մլն դրամի չափով կամ մոտ 9 տոկոս գերակատարմամբ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավելի է 2024 թվականի փաստացի ցուցանիշից 25 մլրդ 396 դրամով:
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 12-ի համատեղ նիստում ներկայացրել է հաշվետու տարում մայրաքաղաքում իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները:
2025 թվականի բյուջեով կատարվել է 147 մլրդ 825 մլն դրամի աշխատանք, որը ծախսային հոդվածներով նախատեսվածի 95 տոկոսն է եղել: Բազմաթիվ եւ բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես, 4 մլրդ դրամի իրականացվել են ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող աշխատանքներ՝ միջին նորոգում, փոսալցում:
Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակում տրվել է 45 նոր տրոլեյբուսների 30 տոկոս կանխավճարը, մնացած գումարը տրվել է ընթացիկ տարում:
Կարդացեք նաև
«Երեւանում այլեւս չունենք շատ հին տրանսպորտային միջոցներ: Փոխարինել ենք բոլոր հին գազելները, գնել ենք 749 նոր ավտոբուս, 75 նոր տրոլեյբուս»,- հայտնել է քաղաքապետը: Երեւանի քաղաքապետարանը նաեւ սուբսիդավորել է տրանսպորտային ընկերություններին:
Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման համար օգտագործվել է 3 մլրդ դրամ:
2025 թվականին ավարտվել է Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման փուլը: Աշխատանքներն այս հարցի հետ կապված շարունակվում են:
Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին ուղղվել է մոտ 13.7 մլրդ դրամ, աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների, այդ թվում՝ դիալ մաքրման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 6.3 մլրդ դրամ:
Կատարվել են սահմանված այլ ծրագրեր եւ միջոցառումներ:
Տիգրան Ավինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ


















































