Լրահոս
Օրվա լրահոսը

Գործը ձեր փոխարեն բացահայտել ենք, սկուտեղի վրա մատուցել… դուրս եկեք, դուրս չեմ գալիս. Ազատի կացարանի գործով իրավիճակը կրկին սրվեց

Հունիս 12,2026 16:33 Share

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր հարցաքննվող մեղադրյալներից Գոռ Մարգարյանը շուտասելուկի պես արագ՝ ավելի քան 2 ժամ ընթերցեց իր ցուցմունքը, այնքան արագ էր ընթերցում, որ դատարանը դիտողություն արեց մի քիչ դանդաղ ընթերցել, սակայն Մարգարյանը շարունակեց նույն տեմպով:

Զոհերի ծնողները տեղից մի քանի անգամ արձագանքեցին. «100 անգամ մի բանը կարդացիր»:

Գոռ Մարգարյանի խոսքով՝ դատաքննության ժամանակ պարզ է դարձել, որ հրդեհը բռնկվել է 00:50-ից հետո, իսկ Եղիշե Հակոբյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը կացարանի ներսում փրկարարական աշխատանքներ չեն արել.

«Լիովին հավանական եմ համարում այն տվյալը, որ բենզինի բռնկումից հետո Եղիշեն ինքնապաշտպանական բնազդով դուրս է եկել կացարանից»:

Երբ տղաների տարհանումը անհնար է եղել, ըստ Գոռ Մարգարյանի, Եղիշե Հակոբյանը, Ռադիկ Մարտիրոսյանն ու Լեւոն Խառատյանը հրդեհի մասին ոչ միայն պատասխանատուներին անմիջապես տեղյակ չեն պահել, այլեւս, ըստ նրա, ամենատարօրինակն այն է, որ նույնիսկ փրկարարներին չեն զանգահարել:

Ըստ Գոռ Մարգարյանի հստակ է նաեւ՝ Լեւոն Խառատյանը կրակի բռնկման պահին կացարանում չի եղել ու ժամանակին հրդեհը չի հայտնաբերել, զբաղված է եղել այլ խնդիրներով, եւ դրա վերաբերյալ նրա բերած բոլոր պատճառաբանություններն անհիմն են:

Հանրային մեղադրողը Մարգարյանից հետաքրքրվեց. «Նշում եք՝ Գոռ Աղեկյանը ունի որոշակի գործառույթներ ու չի արել, Մառլեն Սարգսյանը ունի որոշակի գործառույթներ, չի արել վերադասությունը, Գլխավոր շտաբը… բոլորը ինչ-որ բան չեն արել, հիմա ուզում եմ հասկանալ` հակահրդեհային անվտանգության պահպանման համար որպես վաշտի հրամանատար ամեն ինչ ճի՞շտ եք արել»:
Մարգարյանը պատասխանեց՝ այո:

Դատախազը շարունակեց՝ «բա եթե` այո, ինչո՞վ կբացատրեք, որ հակահրդեհային միջոց կացարանում չի եղել»:

Հարցին առարկեց Մարգարյանի պաշտպանը՝ ասելով. «Մանրամասն ցուցմունք տվեց, մանրամասնեց, բացահայտումներ արեց, հակահրդեհային միջոցների բացակայության մասով, դրանից առավել ի՞նչ եք ուզում, ձեր փոխարեն քննություն ենք արել, գործը բացահայտել, սկուտեղի վրա մատուցել»:

Արձագանքեցին տուժողները, հայհոյեցին: Դատարանը հրահանգեց դուրս հրավիրել տուժող Մարտիրոսյանին,. «Դուրս եկեք»:

«Դուրս չեմ գալիս»,- արձագանքեց տուժողը:

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ ասելով, որ տուժողների հետ քննարկել է՝ ծավալուն հարցեր ունեն, հնարավոր է՝ այսօր սկսեն ու չավարտեն, իսկ իրենք ցանկանում են նույն դատական նիստում սպառել իրենց հարցերը: Դատարանը բավարարեց միջնորդությունն ու նախքան նիստը հետաձգելը` քննարկեց մեղադրյալներից Եղիշե Հակոբյանի խափանման միջոց կալանքի հարցը, քանի որ կալանքի ժամկետը մոտենում էր ավարտին:

Հիշեցնենք, որ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնը եւ պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ եւ ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ եւ խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար: Սակայն Գոռ Մարգարյանի կողմից իր պարտականությունները չեն կատարվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930