Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշի պնդումները, թե վառարանը վառելիս 5 լիտրանոց տարայի մեջ բենզինը կիսով չափ է եղել կամ օգտագործել է սուրճի բաժակով, անհիմն են. վաշտի հրամանատար

Հունիս 12,2026 14:16 Share

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր հարցաքննվում է մեղադրյալներից Գոռ Մարգարյանը: Արդեն 1.5 ժամ է՝ ինչ նա կարդում է իր գրավոր ցուցմունքը:

Պնդել է, որ հրդեհից հետո կացարանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է 45 լիտր բենզին՝ 5 լիտրանոց 9 տարաներով, հետեւաբար Եղիշե Հակոբյանի այն պնդումները, թե վառարանը վառելիս 5 լիտրանոց տարայի մեջ բենզինը կիսով չափ է եղել կամ օգտագործել է սուրճի բաժակով, անհիմն են:

Գոռ Մարգարյանը նաեւ պնդում է՝ ԳՇ պաշտոնատար բարձրաստիճան անձինք քաջատեղյակ են եղել զինվորների տեղակայման վայրերում հակահրդեհային միջոցների ապահովման կարիքի մասին, սակայն դրանցով ու հատկապես կրակմարիչներով զինվորների տեղակայման վայրերը համալրված չլինելու իրական պատասխանատուներից ոչ մեկի նկատմամբ մինչ օրս հանրային քրեական հետապնդում չի հարուցվել:

Մարգարյանը նաեւ գույքի ամփոփագրին հղում անելով, ասաց՝ այդտեղ որեւէ հիշատակում չկա հակահրդեհային միջոցների, այդ թվում կրակմարիչների հատկացման մասին: Հետեւաբար, ըստ Մարգարյանի, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը, որը նույնպես այս գործով մեղադրյալ է, ողբերգական դեպքից առնվազն 40 օր առաջ տեղյակ է եղել կրակմարիչների բացակայության մասին:

Ըստ Մարգարյանի՝ նախաքննության ընթացքում ԳՇ պետի կարգադրությանը ծանոթանալով, իր համար ակնհայտ էր, որ հակահրդեհային միջոցների ապահովման հարցը հանձնարարված է եղել զորամասի հրամանատարի թիկունքի գծով հրամանատարին, բայց կարգադրության պահանջներն անտեսվել են:

Զորամասի թիկունքի պետի -հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, այս գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանի նյարդերը տեղի տվեցին ու շատ սուր արձագանքեց տեղից Մարգարյանի մեղադրանքներին՝ ասելով՝ մի քիչ էլ քո պարտականություններից խոսիր:

Հիշեցնենք, որ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնը եւ պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ եւ ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ եւ խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար: Սակայն Գոռ Մարգարյանի կողմից իր պարտականությունները չեն կատարվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930