Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի ճշտված բյուջեն կազմել է 16,2 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 13,1 մլրդ դրամ: Իրականացվել է 6 ծրագիր, 33 միջոցառում:
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի խոսքով 2024 թվականի համեմատ 2025 թվականին նախարարությանը հատկացվել է 5,1 մլրդ դրամով ավելի գումար: 2024 թվականի համեմատ հաշվետու շրջանում ծախսերը 3,8 մլրդ դրամով ավելի են եղել:
Նախարարության ապարատի եւ ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանության մասով հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը կատարվել է 98,7 տոկոսով:
Նախարարության ներքո գործող 10 ՊՈԱԿ-ների փաստացի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է շուրջ 3 մլրդ դրամ: Կովկասի բնության հիմնադրամի կողմից բնության հատուկ պահպանվող 4 տարածքներին 2025 թվականին հատկացվել է 220,6 մլն դրամ դրամաշնորհ:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը կազմել են մոտ 3,1 մլրդ դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելի է 185 մլն դրամով:
Զեկուցողն ընդգծել է, որ ՀՀ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղվում են ոչ միայն պետական բյուջեի հատկացումները, այլեւ սերտ համագործակցելով միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ նախարարությունն իրականացնում է տարբեր բնապահպանական ծրագրեր՝ ներգրավելով զգալի ֆինանսական միջոցներ: «Որպես զարգացող երկիր եւ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի պատասխանատու գործընկեր՝ Հայաստանը կարեւորում է միջազգային բնապահպանական եւ կլիմայական ֆինանսավորման դերը գլոբալ պարտավորությունների իրականացման գործում»,- նշել է Համբարձում Մաթեւոսյանը եւ հավելել, որ միջազգային դոնորների աջակցությամբ ընթացքի մեջ են 35 ազգային եւ 4 տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում՝ 5 ծրագիր հաստատվել է 2025 թվականի ընթացքում՝ ընդհանուր 23,5 մլն ԱՄՆ դոլար բյուջեով:
Նախարարն անդրադարձել է նաեւ տարվա ընթացքում իրականացված միջոցառումներին եւ ձեռքբերումներին:
«Այսօր Հայաստանը գտնվում է կենսաբազմազանության կոնվենցիայի պատմական փուլում՝ պատրաստվելով 2026 թվականին ընդունել «COP 17»-ը եւ ստանձնել կոնվենցիայի նախագահությունը: Այս առաքելությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հյուրընկալել համաշխարհային օրակարգի քննարկումները, այլեւ մինչեւ 2028 թվականը նպաստել կենսաբազմազանության գլոբալ քաղաքականությունների առաջմղմանը»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
ԱԺ


















































