Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովան հունիսի 11-ին հայտարարել է, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ռուս դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել, այդ թվում՝ «որոշ սկզբունքային խախտումներ»։
«Խախտումներ եղել են, եկեք անկեղծ ասենք՝ շատ, և որոշ սկզբունքային խախտումներ»,- հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Պամֆիլովայի խոսքով՝ ՌԴ ԿԸՀ անդամ Պավել Անդրեևը ընտրություններին հետևել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության կազմում, իսկ ՌԴ ԿԸՀ մեկ այլ անդամ՝ Լյուդմիլա Մարկինան, ներկայացրել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը։ Նրա խոսքով՝ դիտարկմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ընտրական հանձնաժողովների 24 անդամներ։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է, թե իրականում ինչ խախտումների և խնդիրների մասին են խոսել ԱՊՀ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները, և որքանով են դրանց պաշտոնական գնահատականները համընկնում Պամֆիլովայի հայտարարության հետ։
Կարդացեք նաև
ԱՊՀ առաքելություն. «Արդյունքի վրա ազդող խախտումներ չեն հայտնաբերվել»
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 8-ի ամփոփիչ ասուլիսում դրական է գնահատել Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։
Առաքելության ղեկավար Նուրլան Սեիտիմովը հայտարարել է, որ քվեարկության օրը դիտորդները այցելել են ավելի քան 750 ընտրատեղամաս, տեղամասերը բացվել են ժամանակին, քվեարկությունն անցկացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, իսկ տեխնիկական սարքավորումները հիմնականում աշխատել են անխափան։
«Դրանք բազմակուսակցական, բաց և մրցակցային էին»,- ասել է նա։
Առաքելության եզրակացությամբ՝ արձանագրված առանձին թերությունները տեխնիկական բնույթի էին և օպերատիվորեն շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ «Ընտրությունների արդյունքների վրա ազդել հնարավոր խախտումներ առաքելությունը չի հայտնաբերել»,- նշվել է ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ, ԱՊՀ դիտորդները խոսել են մի շարք խնդիրների մասին։ Դրանց թվում նշվել են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները, տնից քվեարկության հնարավորության բացակայությունը, նախընտրական արշավի լարված մթնոլորտը, ձերբակալություններն ու վիրավորանքները, ինչպես նաև ընտրացուցակների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը, թե որոշ հասցեներում իրենց անծանոթ անձինք են գրանցված եղել։
ՌԴ ԿԸՀ անդամ Լյուդմիլա Մարկինան նաև նշել է ընտրական հանձնաժողովների անդամների ոչ բավարար պատրաստվածության, քվեարկության և հաշվարկի գործընթացների ձգձգման, առանձին տեղամասերում զինծառայողների մեծ խմբերով քվեարկության, ինչպես նաև Արմավիրի մարզի 16/25 տեղամասում դիտորդական ակտը ոչնչացնելու պահանջի մասին։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը կազմակերպված էր, իսկ նկատված խնդիրների մի մասը տեղում շտկվել է։
Ռուս սենատոր Ալեքսանդր Սավինն իր հերթին խոսել է իրավապահների կողմից «աննախադեպ ճնշումների», ակտիվիստների ձերբակալությունների, առանձին կուսակցությունների քվեաթերթիկների անբավարար քանակի մասին, ինչպես նաև քննադատել ՀՀ օրենսդրությունը, որն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն չի տալիս։
ԱՊՀ առաքելության պաշտոնական հաղորդագրությունում ևս Պամֆիլովայի հայտարարությանը համարժեք ձևակերպումներ չկան։ Հաղորդագրության համաձայն՝ ընտրական օրենսդրությունը բավարար իրավական հիմք է ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, թեկնածուների առաջադրման և գրանցման ընթացակարգերը համապատասխանել են Ընտրական օրենսգրքին, իսկ ընտրությունների օրը քվեարկությունն ու ձայների հաշվարկը, առաքելության գնահատմամբ, անցել են օրենքի պահանջներին համապատասխան։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Ընտրությունն իրական էր, բայց կար արտաքին ճնշում
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ևս ինչպես հունիսի 8-ի ասուլիսում, այնպես էլ հրապարկված նախնական զեկույցում, արձանագրել են մի շարք խնդիրներ։ Միաժամանակ, առաքելության նախնական եզրակացությամբ՝ ընտրությունները ընտրողներին ապահովել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ ընդհանուր առմամբ լավ կազմակերպված գործընթացի պայմաններում։
Զեկույցում նշվում է, որ քարոզարշավը եղել է ակտիվ և հիմնականում խաղաղ, սակայն անցկացվել է խիստ բևեռացված և առճակատային միջավայրում։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություններ է հայտնել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումների, օրենքի ընտրովի կիրառման ընկալման, լրատվամիջոցների կողմնակալության, ապատեղեկատվության տարածման, արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակության, ֆինանսական թափանցիկության խնդիրների, ինչպես նաև ընտրության օրվա որոշ տեխնիկական և ընթացակարգային թերությունների վերաբերյալ։
Միաժամանակ, զեկույցը հատուկ անդրադարձել է արտաքին ազդեցությանը։ Դրա համաձայն՝ քարոզարշավի ընթացքում արձանագրվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների խստացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որը նպատակ ուներ հօգուտ ընդդիմադիր ուժերի ազդել ընտրողների վրա։
«Քարոզարշավի ողջ ընթացքում զգալի տեղ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրված ուղղակի ճնշումը՝ արտահայտված առևտրային սահմանափակումների աստիճանական խստացմամբ և ընտրությունների արդյունքների հետ պայմանավորված երկրի ապագա տնտեսական կայունությանը և անվտանգությանը վերաբերող սպառնալիքներով»,- նշված է զեկույցում։
Այսպիսով, Պամֆիլովայի հայտարարությունը միայն մասնակի և ընտրողաբար է արտացոլում միջազգային դիտորդների արձանագրած խնդիրները։ Թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունները նշել են տարբեր թերություններ և մտահոգություններ, սակայն դրանց պաշտոնական գնահատականները չեն հաստատում Պամֆիլովայի պնդումը «բազմաթիվ և սկզբունքային խախտումների» մասին։


















































