Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտման զոհ դարձած կուսակցությունը կհայտնվի անարդար դրության մեջ․ Արթուր Ղամբարյան

Հունիս 14,2026 19:50 Share

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործով դատական ակտերի մասին

Ծանոթացա ԲՀԿ գործով դատական ակտերից մեկին, և կարծում եմ, որ ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունը ճիշտ է։
ՀՀ ընտրական օրենսգրքի (ԸՕ) 48.1-րդ հոդվածն արգելում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) վերանայել «ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները», սակայն այս նորմը վերաբերելի չէ ընտրատարածքային հանձնաժողովի ՀՀ ԸՕ 73-րդ հոդվածի կարգավորմամբ ընդունված որոշմանը, քանի որ ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների, ՀՀ ԱԺ ընտրությունների դեպքում ընտրատարածքային հանձնաժողովներն ընտրության արդյունքներն ամփոփելու լիազորություն չունեն, հետևապես այդ իմաստով ամփոփելու մասին որոշում չեն կայացնում: Տվյալ դեպքում ՀՀ ԸՕ 73-րդ հոդվածը պարտադրում է ընդունել միջանկյալ բնույթի որոշում (խախտումների ազդեցության գնահատում), որը ՀՀ ԸՕ 48.1-րդ հոդվածի իմաստով «ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում» չի, հետևաբար ԿԸՀ-ն իրավասու է վերանայել այն:

ՀՀ ԱԺ ընտրության արդյունքով ընդունված (ԱԺ ընտրվելու և մանդատների բաշխման մասին) որոշումն ընդունում է ԿԸՀ-ն, որը կարող է հետագայում վիճարկվել ՀՀ ՍԴ-ում:

Ընդ որում, ՀՀ ԸՕ 48.1-րդ հոդվածի հիման վրա ԿԸՀ-ի կողմից տվյալ տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելը ինքնին վերջնական լուծում չէ, այլ հիմք է հետագա` ամփոփման փուլում որոշումներ կայացնելու համար:

2. Վերաքվեարկության մասին

ՀՀ ԸՕ 95-րդ և 101-րդ հոդվածների համատեղ վերլուծությունից բխում է հետևյալը. երբ ԿԸՀ-ն արդյունքների ամփոփման փուլում գալիս է եզրակացության, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, օրենսդիրը նրան տալիս է երկու և միայն երկու իրավական հնարավորություն, որոնց միջև ընտրությունը կատարվում է ելնելով խախտման բնույթից.

ա) Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակել. ԿԸՀ-ն պարտավոր է նշանակել վերաքվեարկություն, եթե գտնում է, որ խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, և միաժամանակ համոզված է, որ այդ միջոցով հնարավոր է շտկել խախտումների հետևանքները (101-րդ հոդվածի 1-ին մաս, 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):

բ) ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչել և ընտրությունների վերաքվեարկություն նշանակել. Եթե ԿԸՀ-ն գտնում է, որ խախտումները կարող էին ազդել արդյունքների վրա, բայց դրանց հետևանքները հնարավոր չէ շտկել առանձին տեղամասերում վերաքվեարկությամբ, ապա նա պարտավոր է ԱԺ ընտրություններն ամբողջությամբ ճանաչել անվավեր և նշանակել ամբողջական վերաքվեարկություն (101-րդ հոդվածի 1-ին մաս, 95-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ):
Այսպիսով, եթե արդյունքների ամփոփման փուլում ԿԸՀ-ն եզրահանգի, որ վիճարկվող տեղամասի անվավեր ճանաչված արդյունքները կարող էին ազդել մանդատների բաշխման վրա, ապա նա պարտավոր կլինի նշանակել վերաքվեարկություն կամ ամբողջությամբ անվավեր ճանաչել ընտրությունները:

ԿԸՀ-ի մյուս բոլոր գործողությունները (օրինակ, միայն որոշակի տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելն առանց վերաքվեարկության) այս երկու հնարավորությունների շրջանակից դուրս են և, հետևաբար, համարվում են անօրինական և հակասում են իրավունքի (արդարադատության) հիմնարար մաքսիմաներից մեկին՝ «բողոքարկումը չի կարող վատթարացնել բողոքարկողի վիճակը» (non reformatio in peius):

Այս մաքսիմայի համաձայն՝ վերադաս մարմինը կամ դատարանը, բողոքարկողի կողմից ներկայացված գանգատի քննության արդյունքում, չի կարող վատթարացնել նրա դրությունը, այսինքն՝ կայացնել այնպիսի որոշում, որը բողոքարկողի համար ավելի վատ արդյունք կունենա, քան մինչև բողոքարկումը եղած դրությունը: Այս մաքսիմայի էությունն այն է, որ քաղաքացին (կազմակերպությունը) հնարավորություն ունենա բողոքարկել իրավական ակտը` առանց վախենալու, որ դրա հետևանքով իր դրությունն առավել կվատթարանա:

Տվյալ գործի համատեքստում, եթե ԿԸՀ-ն, ընտրատեղամասի արդյունքները վերանայելով, այսօր ընտրության արդյունքների ամփոփման նախնական փուլում չնշանակի վերաքվեարկություն, ապա խախտման զոհ դարձած կուսակցությունը կհայտնվի անարդար դրության մեջ. մի կողմից կհաստատվի, որ տեղի է ունեցել խախտում, մյուս կողմից՝ այն կկորցնի տվյալ տեղամասում ստացած ձայները, ինչը էականորեն կվատթարացնի նրա՝ մինչև բողոքարկումը եղած վիճակը:

Այսպիսով, օրենսդիրը ԿԸՀ-ին ՀՀ ԸՕ 48.1-րդ հոդվածով օժտելով վերանայման լիազորությամբ, իսկ 95-101-րդ հոդվածներով սահմանելով վերաքվեարկություն նշանակելու պարտականություն` կանխել է հենց այս անարդար արդյունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930