«Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանությունը երիտասարդ դեսպանություն է: Մենք մեզ հաճախ անվանում ենք ստարտափ դեսպանատուն, որովհետև մեր նպատակն է նորը լինելով՝ կամուրջներ ստեղծել Հայաստանի և Բելգիայի թե հաստատությունների, թե ժողովրդի, թե ընդհանրապես երկրների միջև: Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելը և իմ շատ լավ գործընկեր ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յաղուբյանն են այսօր օգնելու՝ նոր կամուրջ գցել հայ-բելգիական համագործակցության ընդլայնման նպատակով»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մյունքը:
«Հայաստանն ունի հրաշալի մշակութային հաստատություններ, օպերա, համերգասրահներ, թատրոններ: Վերջին 2,5 տարիների ընթացքում փորձել ենք համագործակցության եզրեր գտնել նրանց և բելգիական գործընկերների միջև: Այսօր էլ մենք ներկայացնում ենք Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան, որը գերազանցության հիանալի կենտրոն է:
Բելգիայում բավականին մեծ հայկական ներկայություն կա՝ 30-40 հազար հայկական ծագմամբ քաղաքացի ունենք: Այնպես է ստացվել, որ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի հետ համագործակցությունն արդեն կա: Նաև շատ ուրախ եմ, որ ՀԲԸՄ-ի աջակցությամբ հնարավորություն կունենանք թե հայկական Սփյուռքը կապել Կապելլային, և ընդլայնել համագործակցությունը կապելլայի հետ Հայաստանում»,-հավելեց դեսպանը:
Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելը խոսքը սկսեց հայտնի արտահայտությամբ՝ «Կասաբլանկա» ֆիլմից. «Սա մի գեղեցիկ բարեկամության սկիզբն է: Բայց ես սա ոչ թե բարեկամության սկիզբ եմ համարում, այլ շարունակություն, որովհետև իրականում Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի հետ համագործակցությունը սկիզբ է առել 1939 թվականից: Թագուհին և Արամ Խաչատրյանը ջերմ հարաբերություններ ունեին, նրանք անգամ ճամփորդել են, մեկնել ԱՄՆ՝ փառատոնի»:
Կարդացեք նաև

Արամ Խաչատրյանը` Բելգիայի թագուհի Էլիզաբեթի հետ, Բելգիա, 1960 թ. Լուսանկարը՝ կոմպոզիտորի թանգարանի ֆեյսբուքյան էջից
Գրեգոր Շապելը հավելեց, որ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան միջազգային ռեզիդենտական կազմակերպություն է, այս պահին ունեն 67 ռեզիդենտ՝ 22 երկրներից. «Մեր հաստատությունն աշխարհի լավագույն հնգյակում է, մենք գերազանցության կենտրոն ենք՝ արվեստի ոլորտում, իսկ մեր գերագույն նպատակն է Բելգիան դարձնել գերազանցության օրրան: Երաժշտությունը, որպես համամարդկային լեզու, զարգացնելով և այդ ոլորտում կրթություն ապահովելով՝ ուզում ենք հասնել ազգերի միջև խաղաղության ու բարեկամության»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































