Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Հովակիմյանը փաստորեն այսօր ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Ասում է՝ օրենքով թեև նախատեսված էր, բայց ես չեմ կատարել, որովհետև կարգավորումները լավը չեն». Սուրեն Սուրենյանց

Հունիս 15,2026 18:25 Share

Դեռևս մի քանի օր առաջ առիթ ունեցել ենք արձանագրելու, որ ընդդիմադիր առանցքային ուժերի միջև սկսվել են կոնսուլտացիաներ, որոնք, բնականաբար, պիտի հանգեցնեին որոշակի համաձայնությունների։ Եվ երեկ, ինչպես տեսաք, ակցիայից բացի, տեղի ունեցավ նաև համատեղ հայտարարության ընդունում, որը ստորագրել էին ընտրական գործընթացի մասնակից վեց քաղաքական ուժեր»,- ասաց ԲՀԿ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԱԺ ընտրությունների ընթացքում իրենց քաղաքական ուժի նկատմամբ կիրառված իշխանական ճնշումներին և ձայների վերահաշվման արդյունքում ԲՀԿ-ին փաստացի ԱԺ ընտրություններում ձայն տված քաղաքացիների քվեները կոպտորեն խլելու ու ԱԺ մտնելուց զրկելու որոշմանը։

«Ըստ էության, երեկ ինչ տեղի ունեցավ ԿԸՀ-ում, պետական հեղաշրջում էր ԿԸՀ-ի ձեռքերով, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամբողջովին անտեսեց ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի պահանջները և հրաժարվեց վերաքվեարկություն նշանակել այն երեք տեղամասերում, որոնց արդյունքների չեղարկումը էապես ազդել է ընտրությունների ընդհանուր պատկերի վրա։ Այսինքն, խնդիր էր դրված՝ ամեն կերպ հասնել նրան, որ ԲՀԿ-ն ներկայացված չլինի նոր խորհրդարանում։ Այդ խնդիրը Վահագն Հովակիմյանը և հանձնաժողովի մյուս անդամները Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ լուծեցին՝ քրեորեն պատժելի արարք կատարելով։

Ես ուզում եմ ԿԸՀ անդամներին, այդ թվում՝ Երրորդ գյուղացի Վահագին, զգուշացնել, որ ինքը կատարել է քրեորեն հետապնդելի արարք, և Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, երբ էլ դա տեղի ունենա, իրենք կանգնելու են արդարադատության առաջ։ Այսինքն, տեղի ունեցածը հակասահմանադրական է, հակաօրինական է։

Վահագն Հովակիմյանի այսօրվա բացատրությունները, ես իրեն շատ վաղուց՝ 36 տարի, եմ ճանաչում, պրովիցիալ շուստրիության փորձ են, «կռուտիտներ», բայց նույնիսկ այդ փորձը չի ստացվել։

ԿԸՀ նախագահն իրավունք չունի իրեն դնել օրենսդիրի կարգավիճակում և մեկնաբանել օրենքը։ Ինքը ոչ Սահմանադրական դատարան է, ոչ Ազգային ժողով։

Ինքը օրենքը պիտի կատարի՝ անկախ նրանից՝ օրենքը լա՞վ է, վա՞տ է։ Այդ կարգավորումներն իր կամ իր ենոքավանցի Մուսոլինի շեֆի ճաշակո՞վ են, թե՞ ճաշակով չեն։

Այդ օրենքը ինքը պարտավոր էր կատարել։

Ինքը փաստորեն այսօր ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ հետո դա կդառնա քննության առարկա։ Ասում է՝ օրենքով թեև նախատեսված էր, բայց ես չեմ կատարել, որովհետև կարգավորումները լավը չեն։ Ինչ-որ տերմիններ է օգտագործում։ Տեսնես, գիտի՞ այդ տերմիններն ինչ են նշանակում։ Օրինակ՝ «տակտիկական քվեարկություն»։ Եվ ընդհանրապես գիտի՞ այդ հասկացությունն ինչ է նշանակում։

Ինքը ընդհանրապես հասկանո՞ւմ է, որ վերաքվեարկությունն ինքնին ենթադրում է, որ վերաքվեարկությանը մասնակցող քաղաքացիներն արդեն ընդհանուր պատկերը գիտեն։ Հակառակ պարագայում այդ տերմինի անունը «վերաքվեարկություն» չէր լինի, այլ կլիներ «ընտրություն» կամ «քվեարկություն»։

Մի խոսքով, ակնհայտորեն ԿԸՀ-ի երեկվա որոշումներով ապալեգիտիմացվել են ընտրությունները, ընտրական գործընթացը։ Իհարկե, դրանք կվիճարկվեն վարչական կամ սահմանադրական դատարաններում։ Ինչպիսի՞ արդյունք կլինի, հիմա չեմ ուզում կանխատեսումներ անել, որովհետև պետական որևէ ինստիտուտի նկատմամբ մեծ հավատ չունեմ։ Դրանք բոլորը վերածվել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների։ Բայց այնուամենայնիվ բոլոր գործիքակազմերը պետք է օգտագործենք։

Նույնիսկ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ ԿԸՀ-ի երեկվա որոշումը իրավական ական է ընտրությունների արդյունքների տակ։ Սրանից դիպուկ գնահատական դժվար էր մտածել։ Վահագն Հովակիմյանին ինֆորմացիան ուշ է հասնում՝ հասկանալի պատճառներով. մտածողության հետ ակնհայտ խնդիրներ կան։ Եվ այսօրվա իր պարզաբանումներն էլ այն ոճով էին, ինչ ոճով ինքը խոսում է։ Ես հատուկ իր համար ասեմ, որ Դանիել Իոաննիսյանը ընդդիմադիր գործիչ չէ»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930