Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է 2026թ. հունիսի 8-ից 12-ը Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 103-րդ լիագումար նիստին, որի ընթացքում հաստատվել է ԳՐԵԿՈ-ի գնահատման հինգերորդ փուլի Հայաստանի համապատասխանության զեկույցը։

ԳՐԵԿՈ-ի 103-րդ լիագումար նիստին ՀՀ պատվիրակության կազմում մասնակցած ոլորտային պատասխանատու մարմինների պատվիրակները ներկայացրել են վերջին երկու տարիներին Հայաստանի կողմից հակակոռուպցիոն ոլորտում արձանագրված առաջընթացը: «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը իշխանության կենտրոնական մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում և իրավապահ մարմիններում)» խորագիրը կրող զեկույցով Հայաստանին ներկայացված 22 հանձնարարականից բավարար կատարված է համարվել վեց հանձնարարական, մնացյալ 16 հանձնարարականից 15-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել է մասնակի կատարված, 1 հանձնարարական՝ չկատարված:
Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է ԳՐԵԿՈ-ի գնահատման հինգերորդ փուլի Հայաստանի գնահատման զեկույցի ընդունումից՝ 2024 թվականի մարտից ի վեր իրականացված աշխատանքները, որոնք ուղղված էին ԳՐԵԿՈ-ի հանձնարարականներին համապատասխանությանը:
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը բոլոր 22 հանձնարարականների կատարման ուղղությամբ և ողջունել արձանագրված ձեռքբերումները: ԳՐԵԿՈ-ն ընդգծել է բարձրագույն գործադիր մարմիններում գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների, գնումների գործընթացում արարողակարգային ծախսերի թափանցիկության ապահովման, լոբբիստական գործունեության, քաղաքացիական հասարակության մասնակցության խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Որպես արձանագրված ձեռքբերում՝ ԳՐԵԿՈ-ն անդրադարձել է նաև շահերի բախման կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը բարձրագույն գործադիր մարմիններում գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց շրջանում, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ սա ԳՐԵԿՈ-ի գնահատման հինգերորդ փուլի Հայաստանի գնահատման զեկույցի ընդունումից հետո ԳՐԵԿՈ-ի հանձնարարականներին համապատասխանության Հայաստանի առաջին զեկույցն է: ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման ուղղությամբ հետագա աշխատանքների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի քարտուղարությանը հաշվետվություն է ներկայացվելու 18 ամիս անց, որի հիման վրա էլ հետագայում կազմվելու է համապատասխանության երկրորդ զեկույցը:
ՀՀ արդարադատության նախարարություն


















































