Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լայն հնարավորություններ ենք տալիս անձանց՝ ազատվել վաղաժամ պատժի կրումից․ այս տարի արդեն ազատվել է 105 անձ»․ Սրբուհի Գալյան

Հունիս 17,2026 14:07 Share

«Առաջարկում ենք վերանայել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, կատարելագործել այն՝ ավելի լայն հնարավորություններ տալով անձանց վաղաժամ ազատվել պատժի կրումից»,- ԱԺ նստաշրջանում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 2025 թվականի պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ, 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ազատվել է 105 անձ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել էր 53 անձ։ «Այսինքն՝ մենք արդեն իսկ մեր կատարած աշխատանքի շնորհիվ ակտիվացրել ենք այս պրոցեսը»,- հավելեց նախարարը։

Անդրադառնալով կրկնահանցագործությունների վիճակագրությանը՝ Գալյանն ասաց, որ 2010-2020 թվականներին եղել է կրկնահանցագործության տարեկան մեկական դեպք։ Այդ միտումը պահպանվել է նաեւ հաջորդ տարիներին։ «Ընդհանուր թիվ ասեմ ՝ 2026 թվականի հունիսի 15-ի դրությամբ ՔԿՀ-ներում պատիժ են կրում 22 դատապարտյալ, որոնք պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո փորձաշրջանի ընթացքում կրկին կատարել են հանցագործություն։ Այս թիվը 2008 թվականից հաշվարկված թիվն է, այսինքն՝ իրավիճակը բավականին դրական է՝ մենք տարեկան ունենում ենք կրկնահանցագործության մեկ, երկու կամ առավելագույնը երեք դեպք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սրբուհի Գալյանը նաեւ ներկայացրեց նախագիծ, որը հնարավորություն է տալիս տնային կալանքում գտնվող անձանց հեռավար կարգով իրացնել իրենց կրթության իրավունքը։ Նա ասաց, որ նմանատիպ կարգավորումեր չկան գործող օրենսդրության մեջ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930