Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն»․ Արման Եղոյան

Հունիս 18,2026 13:08 Share

«Ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների վրա, այլ երկկողմ հարաբերությունների։ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված հարցեր, եւ այդ ուղղությամբ մենք պետք է աշխատանք տանենք, ոչ թե կենտրոնանանք շնորհավորել-չշնորհավորելու հարցի վրա։ Շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՌԴ իշխանությունները չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, թեպետ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվել են։ 

Արման Եղոյանն ընդգծեց․ «Ամեն դեպքում տեղի են ունեցել ընտրություններ, ձեւավորվել է իշխանություն, կարծում եմ՝ այդտեղ որեւէ մեկը կասկած չունի։ Եվ որեւէ մեկը կասկած չի հայտնել, թե այս ընտրությունների արդյունքում ով է ընտրվել ՀՀ վարչապետ, որ քաղաքական ուժն է ձեւավորում խորհրդարանական մեծամասնություն»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ սկսում է ընդդիմադիր ուժերի համախմբում։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը՝ Եղոյանն ասաց․ «Ինձ չի թվում, թե ինչ-որ բան պլանավորվում է, ոչ մի բան էլ չունեին պլանավորած եւ հիմա էլ չունեն պլանավորած»։

Նրա խոսքով՝ փողոցներն ու հրապարակները ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունն են լցնում, այլ հասարակությունը, երբ տեսնում է, որ տեղի է ունենում անարդարություն։ «Եթե կա անարդարության զգացում, հասարակությունը դա արտահայտում է»,- հավելեց նա։

Եղոյանն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԲՀԿ-ին դուրս չի թողել խորհրդարանից։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, անսալով ընդդիմության պահանջը, ստուգել է երեք տեղամասերում տեղի ունեցած խնդիրները եւ հանգել է եզրակացության, որ տեղի են ունեցել անթույլատրելի խախտումներ, եւ այդ երեք տեղամասերի արդյունքները ճանաչել է անվավեր»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930