Հայաստանում 2026 թվականին անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման արդյունքների համաձայն՝ երկրում ԵՄ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը մնում է ընդհանուր առմամբ դրական. հարցվածների 72%-ը ԵՄ-Հայաստան հարաբերությունները բնութագրում է որպես լավ, մինչդեռ 56%-ը ԵՄ-ին ավելի շատ է վստահում, քան որեւէ այլ միջազգային դերակատարի։
Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին 1000 հոգուց բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանում՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ամենամյա հարցումները 2016 թվականից ի վեր անցկացվում են «EUNEIGHBOURS east» ծրագրի կողմից Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության մյուս հինգ երկրներում։
Այս տարվա հարցումը նաեւ ցույց է տվել, որ քաղաքացիների 45%-ը դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին, մինչդեռ 30%-ը չեզոք է, 14%-ը՝ ոչ մի կարծիք չունի, եւ ընդամենը 11%-ն ունի բացասական կարծիք։ Տնտեսական զարգացումն (43%) ու անվտանգությունն (32%) այն հիմնական ոլորտներն են, որոնց աջակցությունը հարցվողներին ավելի դրական կտրամադրի ԵՄ-ի նկատմամբ:
ԵՄ-ն ճանաչվում է որպես հիմնական ֆինանսական աջակից, քանի որ հարցվածների 75%-ը տեղյակ է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության մասին, սակայն այդ աջակցության ընկալումը միանշանակ չէ. 61%-ը ԵՄ աջակցությունը գնահատում է բարձր կամ միջին, եւ միայն 17%-ն է ԵՄ-ն նշում որպես խոշորագույն դոնոր։
Հայաստանցիները կցանկանային, որպեսզի ԵՄ-ն ավելի մեծ դերակատարություն ունենար երկրի պաշտպանության ամրապնդման գործում (25%), կրթության եւ ցկյանս ուսումնառության (23%), ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման (19%) ոլորտներում։
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի


















































