«Հայաստան» դաշինքը դեռ չի որոշել՝ Ազգային ժողովի մանդատները վերցնելո՞ւ են, թե՞ ոչ։ Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ պահանջելով ընտրությունների արդյունքների չեղարկում։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն ՍԴ-ից, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք Սահմանադրական դատարանին հնարավորություն ենք տալիս, որ ինքը մնա օրինականության շրջանակներում եւ վերականգնի ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքը։ Կգնա՞ այդ ճանապարհով, շատ լավ, չի գնա, ինքը կդառնա այս հանցագործի մեղսակիցը։ Ինչ վերաբերում է մանդատներին, բազմիցս ասել ենք՝ քննարկումները շարունակվում են, ՍԴ որոշումից հետո մեր որոշման մասին մանրամասն, հիմնավորված կտեղեկացնենք ձեզ»։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չունի սահմանադրական մեծամասնություն, այլ՝ առհասարակ լեգիտիմություն։ «Ինքը չի ստացել մեր ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իր իշխանությունն ամրապնդելու համար ապօրինի գործողություններ է իրականացնում ընդդիմադիր քաղաքական գործիչների ու քաղաքական ուժերի, մեր նախագահների նկատմամբ։ Առհասարակ ազգային ուժերի նկատմամբ այս բռնաճնշումների նպատակն այն է, որպեսզի փորձի նման մեթոդներով ձերբակալել, վախեցնել, ունեզրկել մարդկանց եւ ամեն գնով պաշտպանել իր ապօրինի, ոչ լեգիտիմ իշխանությունը։ Ինքը գիտի, որ չի հաղթել, աննախադեպ արտաքին միջամտության, համատարած խուժանությունների, ապօրինությունների, պետական ընտրակաշառքի, ճնշումների ու ուղղորդումների պայմաններում ինքը չի կարողացել 50+ ձայն հավաքել։ Հետեւաբար, իր իշխանությունն ամրապնդելու համար գնում է այս ճանապարհով»,- ասաց Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր ու մյուս ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցվող քրեական գործերին։
Կարդացեք նաև
«Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի վզին կախված է հանձնված Արցախ, 5000 զոհ, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, հանդես են գալիս նոր պահանջներով։ Ինքը լավ գիտի, որ այս վստահության քվեով չի կարողանալու Սահմանադրություն փոխել, նոր տարածքներ հանձնել։ Այս շոուներն անելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի հետեւյալ հարցին՝ պատրա՞ստ է հայտարարել, որ Տիգրանաշենը չի հանձնելու, Հայաստանից նոր տարածքներ չի հանձնելու։ Թող այդ հարցին պատասխանի»,- հավելեց նա։
Սաղաթելյանն ասաց, որ խաղաղության անվան տակ Նիկոլ Փաշինյանը ռումբ է դրել մեր երկրի սահմանների, այդ թվում՝ Երեւանի տակ․ «Իր արածը խաղաղության հետ կապ չունի, սա թրքահպատակ, խամաճիկ իշխանություն է, որը երկրի ու պետականության գոյությունը հարցականի տակ է դրել։ Այս մարդն առաջիկայում երկիրը տանելու է նոր փորձությունների՝ անվտանգային խնդիրների եւ տնտեսական կոլապսի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































