Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից գազ ստանալը Հայաստանին կարող է արժենալ Սևանի կեսը»

Հունիս 23,2026 22:30 Share

«Հայաստանն Ադրբեջանից գազ գնելու հնարավորություն, իհարկե, ունի։ Բայց ամեն ինչ իր գինն ունի։ Ընդունենք, որ դա հնարավոր է։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը Հայաստանին հենց այնպես պե՞տք է գազ վաճառի։ Իհարկե ոչ», – «Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդաշարի շրջանակում, պատասխանելով ռուսական գազի փոխարեն Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու հնարավորությունների մասին հարցին, ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագիտության դոկտոր Հայկ Ֆարմանյանը։

Դիտարկմանը՝ խաղաղություն ենք կառուցում այդ երկրի հետ, հակադարձեց. «Այդ խաղաղությունն էլ ունի իր գինը։ Ես վախենում եմ այդ միտքը բարձրաձայնել. գուցե ասեն՝ Սևանի էն վերևի հատվածը տվեք մեզ, ու հարյուր տարի անընդմեջ գազ կունենաք։ Դա մեզ պե՞տք է, թե պետք չէ։ Երբ ասում ենք՝ ռուսական գազը կփոխարինենք ադրբեջանականով, ամեն ինչ իր գինն ունի. Ադրբեջանը պահանջելու է Սևանա լիճը, Ադրբեջանը պահանջելու է Սյունիքը, բազմաթիվ այլ պահանջներ են ներկայացնելու, որոնց ես, որպես Հայաստանի քաղաքացի, համաձայն չեմ, բնականաբար, և հույս ունեմ, որ մեր բնակչության մեծամասնությունը համաձայն չի»։

Մեր զրուցակիցը պնդում է՝ մարդիկ պետք է հասկանան, որ Հայաստանը շատ վատ վիճակում կարող է հայտնվել, եթե շարունակենք հավատալ գործող իշխանություններին։

Գազի այլընտրանքային հնարավորությունների մասին էլ ասում է՝ տեխնիկական խնդիրներ կան. Հայաստանը կարող է նաև ղազախական կամ թուրքմենական գազ ներկրել, բայց դա տարիներ պահանջող հարց է։

Խոսելով Հայաստանից ՌԴ արտահանումների սահմանափակումների վերջին ակտիվ փուլի մասին՝ մեր զրուցակիցը զուգահեռներ է տանում հարևան Վրաստանի հետ. «Եթե չլինի ԵԱՏՄ շուկան, վրացական տնտեսությունը կոլապսի կենթարկվի, թեև տարիներ առաջ Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց ասոցացման համաձայնագիրը։ Ո՛չ վրացական, ո՛չ հայկական հանքային ջրերը, գինիները հնարավոր չի լինի սպառել ԵՄ-ում։ Սա մեր կառավարությունը պետք է գիտակցի և չանի քայլեր, որոնք կթշնամացնեն մեզ ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորաբար ՌԴ-ի հետ»։

Նկատում է՝ բացի գյուղմթերքի արտահանման սահմանափակումներից, կա նաև դրամական փոխանցումների սահմանափակման ռիսկ, գազի թանկացման և այլն, և եթե 2018-ի հետ ենք համեմատում 2025-ի տվյալները, ստացվում է, որ գործող իշխանության օրոք Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից անհամեմատ մեծացել է, բայց իրենք անընդհատ խոսում են ինքնիշխանությունից, դիվերսիֆիկացիայից, ինչը իրականության հետ աղերս չունի։

Տնտեսագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գործնականում Հայաստանից արտահանվող բոլոր ապրանքներն են ռիսկի տակ հայտնվել, թեև ֆորմալ առումով հայտարարվել է գյուղմթերքների մասին։ Օրինակ՝ կահույք արտահանողներն էլ են խնդիրներ ունենում։

Տնտեսվարողներին հորդորում է՝ չվախենալ, խոսել խնդիրների մասին հրապարակային, բողոքել, այլապես հարցերը միայն քաղաքական գործիչների կողմից բարձրաձայնելով չեն լուծվի։

Հայկ Ֆարմանյանը նաև կարծում է, որ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, առավելապես ՌԴ, վերաարտահանման արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ թե կրկնակի, այլ չորս անգամ կարող էր աճել, եթե ՀՀ կառավարությունը վերաարտահանման սահմանափակումներ չմտցներ, կառավարության որոշմամբ որոշ ապրանքատեսակների վերաարտահանումը չբացառեր։ Նկատում է՝ օդում կախված լուրերի համաձայն, ԱՄՆ դեսպանատնից ՀՀ ԿԲ-ին հրահանգվել էր սահմանափակել նաև ռուսական բանկերի հետ գործարքները։ Արդյունքում, փաստում է, որ վերաարտահանող ընկերությունները «փախան Հայաստանից», և այնպես չէ, որ այժմ այդ ընկերությունները չեն աշխատում. հիմա դրանք աշխատում են Ղազախստանի, Բելառուսի միջոցով։

Հայկ Ֆարմանյանը ցավակցում է ՀՀ իշխանություններին, քանի որ համոզված է՝ շատ վատ վիճակում են հայտնվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930