Այսօր Շառլ Ազնավուրի անվան գրադարանում տեղի է ունեցել «Գիտաֆանտաստիկ գրականությունն ու ժամանակակից մարդը» խորագրով հանդիպում-քննարկում՝ արձակագիր, հասարակական գործիչ Գևորգ Տեր-Գաբրիելյանի մասնակցությամբ։
Հանդիպումը վարում էր սցենարիստ, հանրային կապերի մասնագետ և մշակութային լրագրող Վովա Արզումանյանը։
Հարցուպատասխանի ընթացքում հեղինակը ներկայացրել է իր ստեղծագործական մոտեցումները, անդրադարձել գիտաֆանտաստիկ գրականության առանձնահատկություններին, ինչպես նաև քննարկել ժամանակակից մարդու ինքնության, ընկալումների և հասարակական փոփոխությունների հետ առնչվող հարցեր։
Քննարկման առանցքում էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Քարկտիկ» և «Կայծեր» պատմվածքները։
Կարդացեք նաև
Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց դիտարկումներով, հարցեր ուղղելու հեղինակին և մասնակցելու բովանդակալից քննարկման։ Հանդիպման ընթացքում ձևավորվեց ակտիվ երկխոսություն, որը միավորեց ինչպես ստեղծագործություններին նախապես ծանոթ ընթերցողներին, այնպես էլ նրանց, ովքեր հետաքրքրվեցին դրանցով հենց միջոցառման ընթացքում։
Գևորգ Տեր-Գաբրիելյանը ժամանակակից հայ գրականության ճանաչված հեղինակներից է։ Նրա վերջին տարիների կարևոր ստեղծագործություններից են «Մեծ Տիեզերափայլ» և «Թալինթ Պֆեսթ» վեպերը, իսկ ներկայումս հեղինակը զբաղված է նոր գրքերի ստեղծմամբ։
Հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրականության կարևոր դերը ժամանակակից հասարակության մեջ ընթացող մտավոր և մշակութային քննարկումների ձևավորման գործում։
Ն․ Զ․


















































