«Թույլ չեմ տա, որ աշխարհը մոռանա հայ ռազմագերիներին, ճիշտ այնպես, ինչպես թույլ չեմ տա մոռանալ այն 150 հազար էթնիկ հայերին, որոնք բռնի կերպով տեղահանվեցին Արցախից՝ իրենց նախնիների հայրենիքից»,- Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիդմանը։
Նա հիշեցրեց՝ մի քանի տարի առաջ պատիվ է ունեցել այցելելու Արցախ․ «Ես տեսա անչափ կենսունակ և հնագույն հայկական համայնքը, տեսա եկեղեցիներ, որոնց պատմությունը հասնում էր մինչև չորրորդ դար, տեսա աշխարհի ամենահին հայկական մշակութային արժեքներից և մասունքներից մի քանիսը։ Այն միտքը, որ այդ մարդիկ վտարվել են իրենց հայրենիքից, ողբերգական է, այն միտքը, որ այդ հուշարձանները, որոնք կարևոր են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար, պղծվում ու ոչնչացվում են Ադրբեջանի կողմից՝ որպես մշակութային և էթնիկ զտման քաղաքականության մաս, սարսափելի է։ Դա չպետք է հանդուրժի միջազգային հանրությունը։ Մենք արդեն տեսել ենք կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացում։ Քաղաքացիական բնակչության կյանքերը կործանվել են, մարդիկ վտարվել են իրենց տներից։ Մինչդեռ այդ մարդիկ պետք է հնարավորություն ունենան վերադառնալու իրենց հայրենի հող, այն գործին, ինչը ստեղծել են, այն կյանքին, որը կառուցել են սերունդների ընթացքում»։
Ըստ Լորա Ֆրիդմանի՝ Ադրբեջանը փորձել է փակել աշխարհի աչքերը, որպեսզի ոչ ոք չտեսնի իր իրականացրած ոճրագործությունները․ «Սակայն մենք ասում ենք, որ հրաժարվում ենք անտեսել այդ հանցագործությունները և հրաժարվում թույլ տալ, որ արդարությունը շարունակի մերժել հայ պատանդներին։
Ինչպես տարիներ շարունակ արել եմ՝ որպես Գլենդելի քաղաքապետ և որպես Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ, այնպես էլ հիմա շարունակելու եմ պայքարել մեր ընդհանուր արժեքների համար։ Այդ պատճառով ես հպարտ եմ, որ միացել եմ իմ դեմոկրատ և հանրապետական գործընկերներին՝ կոչ անելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ապահովել բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձը իրենց հայրենիք՝ Արցախ։
Կարդացեք նաև
Ես նաև պաշտպանել և շարունակելու եմ պաշտպանել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը, հումանիտար օգնության տրամադրումը տեղահանված հայերին, աջակցությունը Արցախից բռնի տեղահանված փախստականներին, որոնք այսօր հաճախ անօթևան են, ինչպես նաև կրթական ծրագրերը, որոնք կբարձրացնեն իրազեկվածությունը Հայաստանում ապրող հայերի վիճակի և Հայոց ցեղասպանության մասին։ Ես շարունակելու եմ ձեռք ձեռքի տված աշխատել նաև ԱՄՆ-ում հայկական համայնքի հետ՝ համոզվելու համար, որ նրանց ձայները չեն անտեսվում։ Պետք է ասեմ, որ հայ համայնքի հետ աշխատանքը՝ հատկապես Լոս Անջելեսում, եղել է չափազանց արդյունավետ, վճռական և հետևողական։ Նրանք այս հարցը դարձրել են ոչ միայն հայկական հարց, այլև Լոս Անջելեսի և ամբողջ Միացյալ Նահանգների հարցը։ Մենք իսկապես մեծ պարտք ունենք նրանց, և ես ցանկանում եմ ընդգծել նրանց համառությունն ու նվիրվածությունը հայկական շահի պաշտպանության հարցում»։
ԱՄՆ կոնգրեսականը վստահեցրեց՝ միշտ կանգնած կլինի հայերի կողքին․ «Խաղաղություն չի կարող լինել առանց պատասխանատվության։ Կայուն անվտանգությունը Հայաստանի համար հնարավոր է միայն Հայաստանի ինքնիշխանության, Արցախի էթնիկ ժողովրդի իրավունքների և բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման պայմաններում։ Ես հպարտ եմ կանգնել հայ ժողովրդի կողքին և այս պայքարում լինել կոնգրեսական Շերմանի հետ՝ կրկին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին։ Ես խոստանում եմ շարունակել պայքարել արդարության, հաշվետվողականության և հայ ժողովրդի իրավունքների համար։ Եվ ես անչափ հպարտ եմ նրանց շահերը ներկայացնել, հպարտ եմ, որ վայելում եմ նրանց վստահությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































