«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների անօրինական գերության 1000-րդ օրը։ Վաղը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջապես հնարավորություն կունենա պաշտոնապես դատապարտելու այս շարունակվող անարդարությունը՝ աջակցելով օրենսդրական փոփոխության իմ առաջարկին և կոչ անելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել այդ բանտարկյալներին»,- Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը։
Նշենք, որ Բրեդ Շերմանի օրենսդրական առաջարկով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։
Ասուլիսին մասնակցում էին նաև կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին մասնակցում էր Արամ Համբարյանը։
Ասուլիսի ընթացքում Բրեդ Շերմանը վստահեցրեց՝ չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ հայ ռազմագերիները, պատանդառված անձինք ազատ չեն արձակվել․ «Այս վարչակազմը ձգտում է ապահովել տևական խաղաղություն Հարավային Կովկասում։ Սակայն չի կարող լինել կայուն խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չէ ադրբեջանական բանտերից և չի կարող վերադառնալ տուն։ Այսօր հայերը չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ այնտեղ որևէ հայի համար անվտանգ չէ ապրել։ Սակայն առնվազն հայ ռազմագերիները կարող են վերադառնալ և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ Հայաստանում։ Իմ առաջարկած փոփոխությունն արտացոլում է հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ աճող միջազգային համաձայնությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլին ընդունված բանաձևը։ Ես նախկինում ևս ներկայացրել էի այդ առաջարկը։ Ես բանակցել եմ հանձնաժողովի նախագահի հետ և կատարել որոշ փոփոխություններ, և այժմ ունենք նրա աջակցությունն այն փոփոխությանը, որով նշվում է, որ Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ հասնելու այս ռազմագերիների ազատ արձակմանը։ Սա պետք է տեղի ունեցած լիներ դեռ հազար օր առաջ»։
Կարդացեք նաև
Բրեդ Շերմանն ասուլիսի ընթացքում ահազանգեց՝ ավելի քան 1000 օր է անցել պատերազմի ավարտից, սակայն ադրբեջանական գերության մեջ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքական բանտարկյալները շարունակում են ենթարկվել բռնությունների և խոշտանգումների․ «Նրանց ստիպել են ներկայանալ նվաստացնող դատական նիստերի։ Նրանց տեսքը հաճախ վկայում էր, որ ենթարկվել են ծեծի և բռնության։ Դատավարությունները գրեթե ամբողջությամբ անցկացվել են փակ դռների հետևում՝ առանց անկախ դիտորդների մասնակցության, իսկ 16 մեղադրյալների համատեղ վերագրվել է 250 ենթադրյալ հանցագործություն՝ մտացածին մեղադրանքներով։ Հանրությանը որևէ ապացույց չի ներկայացվել։
Ադրբեջանն ըստ Freedom House-ի սանդղակի ունի ընդամենը 6 միավոր 100-ից ազատության ցուցանիշով։ Այսպիսով, նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիները չեն կարող ակնկալել արդար դատավարություն այդ դատական համակարգում, առավել ևս հայերը, որոնք տասնամյակներ շարունակ բախվել են այդ կառավարության կողմից իրականացվող բռնություններին և համակարգված խտրականությանը։ Այդ պատճառով կարևոր է, որ աշխարհը չհավատա Ադրբեջանի բռնապետի ստերին, երբ նա փորձում է այս ամենը ներկայացնել՝ որպես սովորական քրեական գործ։ Ալիևի պատկերացմամբ՝ էթնիկ զտում իրականացնելն ու կոտորածներ գործելը պատվաբեր է, իսկ էթնիկ զտմանը դիմադրելը՝ հանցագործություն։
Եկեք հստակ ասենք․ այս ռազմագերիների միակ «հանցանքն» այն է, որ նրանք հավատացել են, որ Արցախի բնիկ ժողովուրդն ունի արժանապատվության, ինքնավարության և ինքնորոշման իրավունք։ Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի սարսափելի մահապատիժներ, որոնք տեսագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում հանցագործների կողմից և փաստագրվել են Human Rights Watch-ի կողմից, կենսականորեն կարևոր է, որ ԱՄՆ-ն հստակորեն հանդես գա բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման օգտին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































