Ermenihaber-ը Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագայի, ուղիղ առևտրի հնարավոր ազդեցությունների և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ներուժի թեմայով զրուցել է քուրդ-հայկական ծագումով տնտեսագետ և գործարար Շյուքրյու Ադանըրի հետ։ Ադանըրը կարծում է, որ երկու ժողովուրդների միջև առկա են շատ ավելի ամուր մշակութային կապեր, քան հաճախ ենթադրվում է։ Նա նաև ընդգծել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող է ոչ միայն խթանել առևտրային համագործակցությունը, այլև արագացնել հասարակությունների մերձեցման գործընթացը։
Շյուքրյու Ադանըրը ֆինանսական խորհրդատու, տնտեսագետ և գործարար է։ Նա շուրջ 35 տարի աշխատել է որպես ֆինանսական խորհրդատու։ Մոտ 20 տարի ակտիվ գործունեություն է ծավալել տարբեր հասարակական կազմակերպություններում, իսկ շուրջ 6 տարի եղել է Մերձավոր Արևելքի արդյունաբերողների և նախաձեռնող գործարարների միության (OSGİAD) գործադիր խորհրդի նախագահը։ Այժմ նա ներդրումներ է իրականացնում շինարարության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում՝ հիմնականում Թուրքիայի Այդըն նահանգի Քուշադասը շրջանում, ինչպես նաև ղեկավարում է այդ ոլորտներում գործող մի շարք ընկերություններ։
– Եթե Թուրքիայի և Հայաստանի միջև սկսվի ուղիղ առևտուր, ապա որո՞նք կլինեն երկու երկրների գործարար համայնքների համար ամենակարևոր հնարավորությունները։
– Իրականում այս հարցին ես չեմ նայում միայն այսօրվա տեսանկյունից։ 2018-ին, որպես OSGİAD-ի՝ Մերձավոր Արևելքի արդյունաբերողների և նախաձեռնող գործարարների միության գործադիր խորհրդի նախագահ, հինգ հոգուց բաղկացած պատվիրակության հետ մոտ մեկ շաբաթ գտնվել եմ Հայաստանում և ունեցել մի շարք հանդիպումներ։ Ծրագիրն իրականացվել էր Շվեյցարիայի հյուպատոսության համակարգմամբ, Հրանտ Դինքի հիմնադրամի, «Urban» հիմնադրամի և մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։ Մենք անցկացրել ենք բազմաթիվ աշխատաժողովներ, հանդիպումներ և երկկողմ քննարկումներ։ Այդ ժամանակ ստացած տպավորություններիս մասին կիսվել եմ Թուրքիայի հանրության հետ և նունիսկ հոդված հրապարակել այդ թեմայով։
Կարդացեք նաև
Ուղիղ առևտրի մեկնարկը երկու երկրների գործարար շրջանակների համար կնշանակի նոր շուկաներ, ավելի ցածր լոգիստիկ ծախսեր և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման նոր հնարավորություններ։ Թուրքիայի համար Հայաստանը կարևոր դարպաս կարող է դառնալ դեպի Կովկաս, իսկ Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է հզոր արտադրական և մատակարարման կենտրոն։ Հատկապես Կարսի և հարակից շրջանների համար այս գործընթացը կարող է զգալի տնտեսական աշխուժություն ստեղծել։
Ցավալի է, որ մոտ 8 տարի անց էլ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տնտեսական համագործակցության գործընթացը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի։ Մինչդեռ այդ այցի ընթացքում ես տեսա մի կարևոր իրողություն․ խոսքը միմյանց համար օտար երկու հասարակությունների մասին չէ։ Մենք խոսում ենք երկու հարևան ժողովուրդների մասին, որոնք կիսում են նույն աշխարհագրական տարածքը, նման մշակույթ, խոհանոց, երաժշտություն և առօրյա կենսակերպ։ Տարիների ընթացքում ձևավորված նախապաշարմունքները ցույց են տվել, որ հասարակություններին միմյանցից շատ ավելի հեռու են, քան իրականում կան։ Իսկ այդ հեռավորությունը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցները երկխոսությունը, անմիջական շփումները և տնտեսական համագործակցությունն են։
– Կարսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում արդյո՞ք նկատեցիք թուրք և հայ գործարարների միջև համատեղ ներդրումային կամ համագործակցության նախագծերի նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն։ Ո՞ր ոլորտներն էին առանձնանում։
– Այո՛, նկատեցի, որ փոխադարձ հետաքրքրությունը բավականին մեծ էր։ Հատկապես առանձնանում էին լոգիստիկայի, սննդի արտադրության, գյուղատնտեսության, շինանյութերի, տեքստիլի, զբոսաշրջության և սահմանային առևտրի ոլորտները։ Գործարար համայնքի գլխավոր ակնկալիքն այն է, որ ամրապնդվի փոխադարձ վստահության մթնոլորտը, և փոքր, բայց գործնական քայլերի միջոցով ձևավորվեն կայուն և երկարաժամկետ համագործակցություններ։
– Ի՞նչ հիմնական լոգիստիկ և տրանսպորտային խոչընդոտներ կան երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանք հաղթահարելու համար։
– Ամենակարևոր խոչընդոտը ցամաքային սահմանի և ուղիղ լոգիստիկ կապերի դեռևս լիարժեք չգործելն է։ Երրորդ երկրների միջոցով իրականացվող առևտուրը ոչ միայն ավելացնում է ծախսերը, այլև ժամանակի կորուստ է առաջացնում։ Սահմանային անցակետերի բացումը, երկաթուղային կապերի վերագործարկումը, մաքսային ընթացակարգերի պարզեցումը և բեռնափոխադրումների ենթակառուցվածքների զարգացումը կարող են զգալիորեն արագացնել այս գործընթացը։
– Ձեր կարծիքով, տնտեսական համագործակցությունը կարո՞ղ է արագացնել քաղաքական կարգավորման գործընթացը։
– Անկասկած՝ կարող է։ Առևտրի ծավալների աճին զուգահեռ մարդիկ ավելի լավ են ճանաչում միմյանց, ձևավորվում է վստահության մթնոլորտ, և ընդհանուր շահերը սկսում են ավելի մեծ դեր խաղալ։ Տնտեսությունը հաճախ այն կարևոր գործիքն է, որը կարողանում է բացել այն դռները, որոնց բացումը քաղաքականության համար երբեմն դժվար է լինում։
– Կարծիքներ են հնչում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կունենա ոչ միայն տնտեսական, այլև հասարակական ազդեցություն։ Ձեր կարծիքով՝ առևտրային և մարդկային շփումների աճը կարո՞ղ է նպաստել երկու հասարակությունների միջև առկա նախապաշարմունքների նվազեցմանը։
– Ես ամբողջ սրտով հավատում եմ դրան, որովհետև անձամբ եմ դա զգացել։ 2018-ին Հայաստանում գտնվելու ընթացքում համոզվեցի, որ իրականում երկու հասարակություններն իրար շատ ավելի մոտ են, քան պատկերացնում են։ Մենք ունենք ընդհանուր մշակութային արժեքներ, նման խոհանոց, կենսակերպ և մարդկային ընկալումներ։ Սակայն շուրջ մեկ դարի ընթացքում ձևավորված նախապաշարմունքները երկու ժողովուրդների միջև անտեսանելի պատնեշներ են ստեղծել։
Այդ պատնեշները հաղթահարելու ամենաարդյունավետ ճանապարհը միմյանց ճանաչելն է։ Որքան աճեն առևտրային կապերը, զբոսաշրջությունը, մշակութային միջոցառումները և քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը, այնքան ավելի արագ կնվազեն այդ նախապաշարմունքները։ Ես վստահ եմ, որ նման շփումները կարող են կարճ ժամանակում զգալիորեն նպաստել երկու հասարակությունների մերձեցմանը։
– Առաջիկա 5 տարվա հեռանկարում ինչպե՞ս եք տեսնում Հայաստան–Թուրքիա հարաբերությունները տնտեսական և առևտրային տեսանկյունից։
– Եթե պահպանվի քաղաքական կամքը և վերացվեն առկա լոգիստիկ խոչընդոտները, կարծում եմ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն կաճի։ Հատկապես Կարսը, Իգդիրը և հարակից շրջանները կարող են վերածվել տարածաշրջանային առևտրային կենտրոնների։
Ես այս գործընթացը դիտարկում եմ ոչ միայն որպես տնտեսական ձեռքբերում, այլև որպես ռազմավարական հնարավորություն, որը կարող է նպաստել կայուն խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և երկու հասարակությունների միջև վստահության վերականգնմանը։
Վերջում ցանկանում եմ իմ ողջույններն ու լավագույն մաղթանքներն ուղղել բոլոր հայ եղբայրներին ու քույրերին։
Էլեն Քոքչյան


















































