Ռուսաստանը վերջին շաբաթներում կարծես առավելապես մտահոգված է Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների պատճառով: Մինչ տրամաբանական է թվում ենթադրել, որ Ռուսաստանի իշխանությունները վստահաբար հավաստիացումներ ստացել են Հայաստանի կառավարությունից, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցելու ԵՄ-ին, Մոսկվան, այնուամենայնիվ, գնալով ավելի թերահավատորեն է մոտենում այդ հավաստիացումներին:
Ռուսաստանի պաշտոնական այրերը շատ լավ են հասկանում, որ ԵՄ-ին անդամակցելը միակողմանի գործընթաց չէ: Այն երկարաժամկետ նախապատրաստական աշխատանք պահանջող գործողություն է, որը պարտավորվածություններ է դնում ինչպես Երեւանի, այնպես էլ Բրյուսելի առաջ: Այդ պատճառով էլ Մոսկվան իրոք զայրացած է այն գիտակցությունից, թե Հայաստանը հնարավորություններ է որոնում փոխելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը:
Ռուսաստանը նաեւ մտահոգված է այն աննախադեպ աշխուժացման հետեւանքով, որ Եվրոմիությունն ու Մ. Նահանգները ցուցաբերում են Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի նկատմամբ: Մինչ Մ. Նահանգները իր պետական շահերն է հետապնդում, Եվրոմիությունը, ըստ Մոսկվայի, փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական քաղաքական ձեւաչափի մեջ, ինչը չի կարող ծառայել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա ներկա կառավարության շահերին:
Պարադոքսային կարող է հնչել, բայց պետք է նշել, որ Հայաստանի պետական շահերն ու ՀՀ կառավարության շահերը միշտ չէ, որ նույնական են: Հայաստանի համար Ռուսաստանի հետ կապերի կտրուկ խզումը եւ կամուրջների այրումը կարող է անվտանգության եւ տնտեսական անկայունության նշանակալի ռիսկեր պարունակել: Կառավարության համար նման քայլը կարող է նվազեցնել իր քաղաքական դիրքն ու վարկը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` միջազգային թատերաբեմում: Այդ պատճառով էլ հավանական չեմ համարում, որ իշխանությունները կդիմեն նման կտրուկ քայլի:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են բալանսավորել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի շահերը, խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են անմիջականորեն սպառնալ կողմերից մեկի կենսական շահերին: Այդուհանդերձ, Մոսկվայի աճող մտահոգությունն այն է, որ Հայաստանը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա, ինչը Ռուսաստանի կարծիքով անթույլատրելի է եւ այդ մասին բազմիցս արտահայտվել է բացահայտորեն:
Իրականում Մոսկվան Երեւանին հստակ ուղերձ է հղում: Եթե Հայաստանը ընտրի դեպի ԵՄ թեքվելու ուղղությունը, Ռուսաստանը Հայաստանին վերաբերվելու է այնպես, ինչպես վերաբերվում է ԵՄ-ի հետ, այսինքն` թշնամաբար:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ/«Ազգ»


















































