Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Գարեգինը մեղադրանքի հետ կապ չունի. Արամայիս Թախմազյան

Հունիս 26,2026 14:25 Share

Կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը դատական նիստի ընթացքում (դատավոր՝ Դավիթ Դաբաղյան) չէր կարողանում հիմնավորել, թե Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ինչպես է հարկադրել իրեն մասնակցել ընդդիմության կազմակերպած հավաքներին, հստակ չէր կարողանում պատասխանել իրեն ուղղված հարցերին ու հաճախ ասում էր, որ լավ չի հիշում։

Ի վերջո` նա ասաց, որ Մկրտիչ սրբազանն այն եզակի եպիսկոպոսներից է, որ քահանաներին չի ներկայացրել կարգալուծության։ Քիչ անց էլ հավելեց. «Ինքը վատ մարդ չի, բայց թեմում ծառայելով՝ արել եմ այն, ինչ այդ պահին համարել եմ ինձ ավելի նվազագույն վնաս բերող»։

Արամայիս Թախմազյանը նաև դատարանում ասաց, որ իր համոզմամբ՝ Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանն (լուսանկարում) մեղադրանքի հետ կապ չունի, և եթե իր որոշելիքը լիներ, նա այստեղ չէր լինի։ Նա ասաց, որ տեր Գարեգինին վաղուց է ճանաչում։

Նշենք, որ դատարանը մասնակի բավարարեց փաստաբանների միջնորդությունը. Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվեցին, նրան թույլատրվեց այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի, սակայն նա չի կարող այս ընթացքում այլ հոգևորականների հետ շփվել։ Դատարանը թույլատրեց նաև տեր Գարեգինին պատարագներ մատուցել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ ԱՐՄԵՆԻԱՅԻ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել