Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է տպավորություն, որ փախստականի կարգավիճակում գտնվող արցախցիների խնդիրները վերածվել են պետական մարմինների համար եկամտի աղբյուրի. Էրիկ Բեգլարյանի բաց նամակը Սրբուհի Գալյանին

Հունիս 26,2026 16:00 Share

Փաստաբան Էրիկ Բեգլարյանի բաց նամակը ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանին

Հարգելի՛ տիկին Գալյան,

Սույն բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել արդարադատության նախարարության կողմից արցախահայության նկատմամբ կիրառվող այն մոտեցումների վրա, որոնք, իմ համոզմամբ, ոչ միայն անարդար և ոչ տրամաբանական են, այլև հակասում են սոցիալական արդարության և մարդասիրության սկզբունքներին։

Այսօր հազարավոր արցախցիներ, կորցնելով իրենց տունը, ունեցվածքը և բնականոն կյանքը, ստիպված են նոր կյանք սկսել Հայաստանի Հանրապետությունում։ Նման պայմաններում պետության և պետական մարմինների առաջնային պարտականությունը պետք է լինի աջակցել, այլ ոչ թե լրացուցիչ ֆինանսական բեռ դնել առանց այն էլ ծանր վիճակում հայտնված մարդկանց ուսերին։

Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով, արցախցի ընտանիքները ստիպված են յուրաքանչյուր երեխայի համար վճարել 5000 դրամ՝ փաստաթղթային կարգով հաստատելու, որ տվյալ երեխան հանդիսանում է իր ծնողների՝ հայրիկի և մայրիկի զավակը։ Կարծում եմ՝ սա պարզապես աբսուրդային իրավիճակ է, երբ պատերազմ և բռնի տեղահանում վերապրած մարդիկ ստիպված են գումար վճարել սեփական երեխաների ծնողական կապը պետական մակարդակով հաստատելու համար։

Այսպիսի մոտեցումը, մեղմ ասած, անընդունելի է և ստեղծում է այն տպավորությունը, որ փախստականի կարգավիճակում գտնվող արցախցիների խնդիրները վերածվել են պետական մարմինների համար եկամտի աղբյուրի։ Առավել ցավալի է, երբ հենց արդարադատության ոլորտը, որը կոչված է պաշտպանելու արդարությունն ու մարդու իրավունքները, առաջնորդվում է նման սկզբունքներով։

Բացի այդ, առկա են դեպքեր, երբ փաստաթղթային անճշտությունների հետևանքով արցախցիները ներկայացվում են որպես այլ անձանց ամուսին կամ կին, և այդ սխալները շտկելու համար քաղաքացիներից պահանջվում է վճարել 6000 դրամ պետական տուրք։ Անթույլատրելի է, որ պետական մարմինների կամ ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած սխալների բեռը դրվի հենց քաղաքացիների վրա և նրանցից պահանջվի լրացուցիչ վճար՝ սեփական իրավական կարգավիճակը վերականգնելու համար։

Այս ամենը հասարակության մեջ առաջացնում է արդարացի դժգոհություն և անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Հույս ունեմ, որ Դուք նախկինում լիարժեք տեղեկացված չէիք այս խնդիրների և դրանց հետևանքների մասին, և վստահ եմ, որ արդարության և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով՝ կարձագանքեք բարձրացված հարցերին։

Պահանջում եմ վերանայել արցախցիների նկատմամբ կիրառվող այս անարդար, սոցիալապես անընդունելի և, քաղաքացիների ընկալմամբ, թալանչիական մոտեցումները, վերացնել անհիմն վճարները,հետ վերադարձրել մարդկանցից արդեն ստացած գումարները և ապահովել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն պետության սոցիալական և բարոյական պարտավորություններին Արցախի բռնի տեղահանված բնակիչների նկատմամբ։

Հարգանքով՝ Էրիկ Բեգլարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930