«Մենք այս պահին շարունակական քննարկումների մեջ ենք՝ սկսած նրանից, որ տեխնիկական հարց ունենք լուծելու, օրինակ՝ կան մարդիկ, որ երկքաղաքացի են, Հայաստան են մտել մեկ, դուրս եկել՝ ուրիշ անձնագրով, ինչպե՞ս է համակարգը նույնականացնելու, որ այդ մարդն իսկապես 6 ամիս Հայաստանում է եղել: Հետեւաբար, այս խնդիրը լրջագույն տեխնիկական հատված ունի, որը մենք քննարկում ենք… Իմ առաջարկը գործընկերներիս հետեւյալն է՝ ցուցակների մեջ ներգրավելու մասին լինի, ոչ թե ընտրական իրավունքի, որպեսզի մարդիկ արագացված ընթացակարգով կարողանան վերականգնել ցուցակում իրենց ներգրավվածությունը»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնած «Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն նախաձեռնությանը, որ պետք է սահմանել ընտրական ցենզ, ըստ որի՝ եթե ՀՀ քաղաքացին վերջին 6 ամիսը բացակայել է երկրից, չի կարող իրացնել իր ընտրական իրավունքը:
«Կարող էի ելույթ չունենալ, այլ ուղղակի հրապարակել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը. ընտելու իրավունք եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի… Իսկ ինչո՞ւ է իշխանությունը ափալ-թափալ բերում այս նախագիծը, երբ ՔՊ-ն ապագա խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն՝ ոտքի վրա փոփոխություն կատարելու»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա դիմեց Թագուհի Ղազարյանին. «Տիկին Ղազարյան, երկուսս էլ խորհրդարանում 5 տարի եղել ենք, լավ գիտենք՝ օրենքի նախագիծն ինչ է, օրենքն ինչպես է մշակվում: Այնպես չէ, որ օրենքի նախագիծը պաշտոնապես հրապարակել եք, դրել եք շրջանառության մեջ, ԱԺ-ի կայքէջում կա, հիմա եկել ասում եք՝ մի հատ տեսնենք, որտեղ ինչ ենք անում: Այս օրենքի նախագծի տրամաբանությամբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը որպես ՀՀ քաղաքացի չի կարող մասնակցել ընտրություններին, Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել: Բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ կան, որոնք գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, ներկայացուցիչներ ունեն, իրենց աշխատակիցներին գործուղում են 1 տարով, 2 տարով՝ հանուն Հայաստանի Հանրապետության, այլ երկրներ, ձեզ համար հարկատուն հերոսն է, չէ՞… Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության բյուջեն լրացնող ընկերությունների ներկայացուցիչները զրկված են ընտրելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները այդ ցուցակներում են, դուք չեք կարող աչքաչափով ցուցակ փոխել, որոշել՝ ով ընտրի, ով՝ ոչ: Տիկին Ղազարյան, ես հասկանում եմ, որ քարոզարշավին պետք էր նոր թշնամի, նոր թիրախ, դա դարձրիք Ռուսաստանից եկած մեր հայրենակիցներին… Խնդրում եմ մատի փաթաթան մի դարձրեք այն մարդու խայտառակ մի հարցազրույցը, որը դարձրիք կուսակցությունների դեմ հակագովազդ, իրականում այդ մարդն իր իրոնիայով հերն անիծեց ամեն ինչի:
Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ 25-օրյա վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց… Օրերս պարզվեց, թե քանի քահանայի են զորակոչել, 5 տարի ծառայած գնդերեց քահանան, որ Ռուսաստանի հայոց թեմում է ծառայություն մատուցում, եկել է Հայաստան, միանգամից 25-օրյա հավաքի ծանուցագիր են տվել… Բայց մարդը կարող է Հայաստանում երբեւէ ապրած չլինել, 44-օրյա պատերազմի ժամանակ եղան շատ դեպքեր, երբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվեցին տղաներ, որոնք 18 տարին լրանալուց հետո եկան Հայաստան՝ իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































