Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիջանյանը կոչ է անում չանդրադառնալ ձերբակալությունների մանրամասներին, ես հակառակը՝ կոչ եմ անում խոսել այդ մասին. շատերը կալանավորվել են քաղաքացիներին կաշառելու փորձերի համար. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Հունիս 26,2026 17:37 Share

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ նախագահ,

Ես միշտ համոզված եմ եղել, որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ ազգային պատվիրակությունները պետք է միմյանց հետ բանավիճեն: Այնուամենայնիվ, չեմ կարող անպատասխան թողնել պարոն Մամիջանյանի հնչեցրած հայտարարությունները:

Հայաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել խաղաղ, կազմակերպված եւ ժողովրդավարական պայմաններում, ինչն արձանագրվել է միջազգային դիտորդական տարբեր առաքելությունների կողմից:

Հայաստանի քաղաքացիներն ազատորեն արտահայտել են իրենց քաղաքական կամքը, եւ ընտրողների մեծամասնությունն ընտրել է խաղաղության, ժողովրդավարության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, եվրոպական ինտեգրման խորացման եւ մեր ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղին:

Ընդդիմության պահանջով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, եւ ներկայումս այդ հարցի վերաբերյալ քննություն է ընթանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում:

Վստահ եմ, որ ժողովրդավարական Հայաստանում պետական ինստիտուտները գործում են ազատ, անկախ եւ օրենքի ու ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ, ի թիվս այլոց, պարոն Մամիջանյանի քաղաքական ուժը չէր ապահովում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Այսօր, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների, Հայաստանի քաղաքացիները վստահ են, որ իրենց ձայնը նշանակություն ունի եւ հենց իրենք են երկրի իշխանության իրական կրողները:

Պարոն Մամիջանյանը կոչ է անում չանդրադառնալ ձերբակալությունների մանրամասներին: Սակայն ես հակառակը՝ կոչ եմ անում խոսել այդ մասին: Ձերբակալված անձանցից շատերը կալանավորվել են քաղաքացիներին կաշառելու փորձերի համար:

Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել եւ կանխել են ընտրողներին կաշառելու բազմաթիվ փորձեր: Այս գործողությունները կապված են ռուս օլիգարխի կուսակցության, բելառուսական կապեր ունեցող օլիգարխի եւ Մամիջանյանի նախկին քաղաքական թիմի անձանց հետ: Ուստի եկեք անդրադառնանք մանրամասներին:

Ընտրություններն ուղեկցվել են նաեւ զգալի արտաքին միջամտությամբ: Հայաստանը բախվել է համակարգված քաղաքական եւ տնտեսական ճնշումների, այդ թվում՝ զգալի ֆինանսավորմամբ իրականացվող փորձերի՝ ազդելու հանրային կարծիքի վրա, ինչպես նաեւ հայկական որոշ արտահանման ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումների: Այս ամենը վկայում է, որ մեր ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու փորձերը չեն սահմանափակվել միայն քաղաքական ոլորտով, այլ տարածվել են նաեւ տնտեսական ոլորտ:

Մեր ուղերձը նախընտրական ամբողջ ընթացքում շատ հստակ էր. Հայաստանի քաղաքացիները պետք է գնային ընտրության եւ որոշեին, թե ով է ձեւավորելու հաջորդ կառավարությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց քաղաքական կամքը՝ հօգուտ եվրոպական ինտեգրման հետագա խորացման, ինչպես նաեւ իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան, որն ապրում է խաղաղ եւ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների պայմաններում»,- նշել է պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930