Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք նախանշած վերջնական ճանապարհ, ՍԴ որոշման և հետագա քայլերի պլանավորման արդյունքում հանդես կգանք հայտարարությամբ»․ Նարեկ Կարապետյան

Հունիս 26,2026 19:03 Share

«Ճանապարհային քարտեզի ուղղությունը հասկանալով՝ կորոշենք, թե որ ճանապարհով գնալ։ Բայց մեզ համար շատ կարևոր է թափանցիկություն ապահովել, մեր հայրենակիցների հետ խոսել»,- Սահմանադրական դատարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով իրենց համակիրների հետ այսօրվա փակ հանդիպմանը՝ նա ասաց, որ շատ թեժ, հետաքրքիր և ինտենսիվ քննարկում է եղել։ «Ով մեզ վստահության մանդատ է տվել, ազատ է, կարող է գալ, քննարկենք իրար հետ։ Հանդիպումը փակ ֆորմատով էր, բայց մարդկանց մոտ երկու բևեռային կարծիք կար։ Մարդկանց մի մասը կարծում է, որ պետք է օրենսդիրով քայլեր անել։ Բոլորի նպատակը մեկն է՝ իշխանության փոփոխություն, բոլորի նպատակն այն է, որ ընտրակեղծիքներով իշխանություն պահել ցանկացող իշխանությանը չպետք է հնարավորություն տանք, որ վերարտադրվի։ Բայց գործիքակազմերի տարբերության մասին էինք խոսում։ Ինչ-որ ընդհանուր տրամաբանություններ գտանք, բայց պետք է աշխատենք, որ մեր հայրենակիցների վստահությունը կարողանանք արդարացնել»,- հավելեց Նարեկ Կարապետյանը։

Հարցին, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանի՝ համախմբման կոչից հետո ի՞նչ պայմանավորվածություններ ու արդյունքներ կան, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, ընդհանուր քննարկումների մեջ ենք, մտածում ենք այն ռազմավարությունը, որը հետագայում պետք է ունենանք։ Հիմնական հարցը փոշիացման դեմ պայքարն է, փոշիացումը բերել է այն խնդրի, որ իշխանությունը, ունենալով 49 տոկոս ձայն, այսինքն՝ մեծամասնություն չունենալով, փորձում է հնարավորություն գտնել ու վերարտադրվել»։

Նարեկ Կարապետյանն ասաց, որ եթե ՍԴ-ն գտնվի օրենքի գերակայության տրամաբանության մեջ, ընդդիմությունը հնարավորություն է ունենալու նաև 3/5-րդի սահմանափակումը կիրառել իշխանության դեմ։ Եվ այդ պարագայում շատ սահմանափակված են լինելու իշխանության հնարավորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, որ կան տեղեկություններ, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքն արդեն որոշում ունի վերցնել մանդատները, և հիմա դա փորձում են «գցել քաղաքացիների գրպանը»՝ ներկայացնելով, թե քաղաքացիներն են դա ուզում, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Ընտրություններին հաջորդող օրերին թիմի մեծամասնությունը ցանկություն չուներ վերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի քննարկումներ ենք ունեցել, չեմ կարող հստակ ասել, որ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ։ Ժամանակի ընթացքում, կարծում եմ, ՍԴ որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ։ Դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ, այդտեղ պահելու բան չկա»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930