Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետամֆետան տեսակի թմրամիջոցը Հայաստանում սինթետիկ թմրամիջոցներից ամենատարածվածն է». Վաչե Հովսեփյանը՝ թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարի մասին

Հունիս 26,2026 19:45 Share

«Արմենպրես» լրատվական գործակալությունում «Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի» թեմայով քննարկմանը ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ գործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը նշեց, որ ՆԳՆ-ն շարունակում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության կանխարգելման ուղղությամբ նպատակային և համակարգված միջոցառումները, ապա ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ։

«2026 թվականի հինգ ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործության դեպք, որոնցից 1269-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1325-ի դիմաց։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է՝ կազմելով 52,7 %՝ նախորդ տարվա 50,9 %-ի դիմաց։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք՝ նախորդ տարվա 802 դեպքի դիմաց։ Այստեղ նույնպես ունենք բացահայտման ցուցանիշի աճ՝ 21 %՝ նախորդ տարվա 19,3 %-ի դիմաց։

Ինչ վերաբերում է թմրամիջոցների մաքսանենգությանը, ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է 38 դեպք։ Մաքսանենգության դեպքերի մասին կցանկանայի ընդգծել, որ էականորեն աճել է մաքսանենգության այն դեպքերի քանակը, որոնցով հանցագործություն կատարողների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, այսինքն՝ նրանց տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Սա խոսում է այն մասին, որ բարելավվել է մաքսանենգության դեպքերի բացահայտման աշխատանքների որակը։ Այսինքն՝ այդ աշխատանքներում օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև նախաքննական մարմնի հետ համատեղ իրականացված գաղտնի քննչական և այլ գործողությունները հնարավորություն են տվել ստեղծել ապացուցողական բավարար բազա՝ այդ հանցագործության մեջ ներգրավված անձանց նկատմամբ հարուցելու քրեական հետապնդում։ Այդպիսի դեպքերը կազմել են 36,8 %՝ նախորդ տարվա 8,3 %-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ, հինգ ամիսների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 518 անձի նկատմամբ՝ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։

Մաքսանենգության դեպքերի որակական աճը պատահական չէ։ Դա ՆԳՆ որդեգրած ռազմավարական նոր մոտեցումների արդյունքն է։ Հիմնականում վերջին շրջանում և նաև ռազմավարության ընդունումից հետո մեր հիմնական ներուժն ուղղում ենք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման մեծ խմբաքանակների հայտնաբերմանը։

Սա նաև դրա արդյունքն է։ Դրա արդյունքն է նաև, որ վերջին տարիներին աճ ենք գրանցում ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների ծավալի առումով։ Կիսամյակային առումով տվյալները փորձաքննական հաստատությունների կողմից ամփոփվում են, և կիսամյակի ավարտից հետո կներկայացվեն, բայց այս պահին կարող եմ ներկայացնել միայն ոստիկանության ստորաբաժանումների կողմից ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների ծավալը։ Ըստ այդմ՝ մինչ այս պահը ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Թմրամիջոցների այս ընդհանուր կառուցվածքում իր տեսակարար կշռով ավելացել է սինթետիկ թմրամիջոցների հայտնաբերման ծավալը, մասնավորապես՝ Մետամֆետան տեսակի թմրամիջոցի, որը Հայաստանում սինթետիկ թմրամիջոցներից ամենատարածվածն է։ Առգրավումները կազմել են 18 կգ, ինչը գրեթե եռակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց ոստիկանության գնդապետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930