Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքը գրավադրած կենսաթոշակառուները վարկը մարելու պարտավորություն կենդանության օրոք չեն ունենա. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Հունիս 29,2026 14:51 Share

«Մենք Քաղաքացիական օրենսգրքում ունենք փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը 2 ինստիտուտ է ներդնում՝ հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի: Հետադարձ հիփոթեքը վարկային նոր պայմանագրի տեսակ է, որն ունի կոնկրետ սուբյեկտային շրջանակ և օրենսդրությամբ նախատեսված հստակ կարգավորումներ։

Դրանց ընդունվելու պարագայում հետևյալը կլինի. կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիները, եթե կունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության շինություն (բնակարան, բնակելի տուն, ամառանոց և այլն) և ցանկություն կունենան ստանալու վարկավորում, որը կտրամադրվի բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, կկարողանան իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը գրավադրել ի ապահովումը վարկի դիմաց իրենց մոտ առաջացող կուտակվող պարտավորությունների, կենդանության օրոք վճարումներ ստանալ բանկից կամ վարկային կազմակերպությունից, որոնք մարելու պարտավորություն կենդանության օրոք չեն ունենա»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

«Հետադարձ հիփոթեք» տերմինը մի փոքր բացահայտում է այս կոնցեպտի էությունը. եթե գործող կարգավորումներով վարկային պայմանագիր կնքելիս, որևէ գույք գրավադրելիս քաղաքացին պարտավորվում է յուրաքանչյուր ամիս վճարումներ կատարել բանկին, տոկոսները, մայր գումարը մարել, ապա այս դեպքում ամբողջ պարտավորությունները սկսելու են մարվել միայն քաղաքացու մահից հետո։

Ինչ վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին, մենք գիտենք, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը օրենքով համարվում է ամուսինների համատեղ սեփականության իրավունքը՝ անկախ նրանից, թե ով է ձեռք բերել և ում անունն է նշված սեփականության վկայականում: Եթե ամուսիններից մեկը մահանում է, ժառանգությունը բացվում է հետևյալ տրամաբանության ներքո. գույքի 50%-ը, որպես համատեղ սեփականության իրավունք, պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մյուս 50%-ը բաշխվում է մյուս ժառանգների միջև»,- մանրամասնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը։

Նրա խոսքով, քիչ չեն դեպքերը, երբ ժառանգությունը տնօրինելը դառնում է խնդիր. «Օրինակ, մեկն ուզում է վաճառել, մյուսը չի ուզում վաճառել, մեկն ուզում է շարունակել բնակվել և իր կենսապայմանները չփոխել, մյուսը՝ ոչ: Մենք ամրագրել ենք, որ եթե ամուսինները ցանկություն ունենան, կարող են դիմել կադաստրի կոմիտե և տալ անշարժ գույքին ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի կարգավիճակ, ինչը կնշանակի, որ եթե ամուսիններից մեկը մահանում է, գույքը մինչև մյուս ամուսնու մահը ամբողջությամբ անցնում է ի սեփականություն՝ ողջ մնացած ամուսնուն: Միայն վերջինիս մահից հետո այդ գույքը կարող է ներգրավվել ժառանգության զանգվածի մեջ և բացվել այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ սահմանում էր օրենքը»։

Տեսանյութը՝ ավելի ուշ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930