Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անշարժ գույքի գների աճին։
«Ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացրել են եւ այլն։ Իհարկե, դա մեզ համար սոցիալական առումով մտահոգիչ է, բայց մյուս կողմից, այն, որ անշարժ գույքի շուկայում բարձր գներ են, ես ուզում եմ երկու էֆեկտի անդրադառնալ։ Այն մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, իրենք իրենց տանը նստած, ոչ մի բան չանելով, ըստ էության հարստանում են։ Մարդը, ում տունը երեք տարի առաջ արժեր 50 հազար դոլար, այսօր արժե 100 հազար դոլար։ Մարդն ինքն իր համար չի ֆիքսում, որ կրկնակի հարստացել է։ Մեր ընկալումներում այս նրբությունները չկան։ Երեւանի կենտրոնում մեկ քմ-ն 8000 դոլարով բնակարաններ են վաճառվել վերջին շրջանում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ երկրորդ էֆեկտը հետեւյալն է․ «Ես չեմ ուզում թաքցնել՝ կառավարությունում այդ հարցը քննարկել ենք եւ եկել ենք այն եզրակացության, որ անշարժ գույքի գները Երեւանում այսքան թանկանալը կարող են մի երեւույթի բերել, որը մեծ հաշվով ցանկալի երեւույթ է, որ դեպի Երեւան հոսքերը մի քիչ կդանդաղեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց․ «2021 թվականին, երբ մենք վերանայեցինք կադաստրային արժեքները եւ սահմանեցինք շուկայական մոտարկված արժեքներ, այդ ժամանակ բազմաթիվ բողոքներ ունեինք շուկայում առկա գների եւ սահմանված շուկայական արժեքների համեմատության վերաբերյալ։ Այդ բողոքները բավականին երկար ժամանակ է՝ արդեն ընդհանրապես դադարել են, որովհետեւ շուկայում գներն արդեն բարձրացել են այնքան, որ հեռացել են մեր սահմանած մոտարկված արժեքներից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը վկայում է լավատեսության մասին։ «Ուրիշ մեկնաբանություն չի կարող լինել։ Լրահոսը, որ կարդում ես, ասում ես՝ խուճապ է։ Ոչ միայն ռեժիմն է խուճապի մեջ, այլ բոլորն անընդհատ եւ ամենուր խուճապի մեջ են։ Բայց այս ցուցանիշները մի բանի մասին են վկայում, որ մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը։ Եվ կառավարության խնդիրն է՝ մարդկանց սպասումները տանել մինչեւ վերջ ու տեղ հասցնել։ Առաջիկայում պետք է հստակ ձեւակերպենք մեր խնդիրը, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը կարեւեր է։ Սա մենք պետք է արձանագրենք որպես խնդիր»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































