Վիճարկվող որոշումը ստորագրել է միայն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Այսինքն, ըստ հայցվոր նախարարի՝ որոշումն ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ օրենքով հստակ կերպով ամրագրված է այն իրավանորմը, համաձայն որի՝ հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է կոլեգիալ։ Պապիկյանը խնդրել էր անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումը։
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սուրեն Պապիկյանին տուգանել էր 100 հազար դրամով, «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության 2022թ. ֆինանսական միջոցներից կանխիկ գործարքներ կատարելու համար։ Պապիկյանը դիմել էր դատարան։
ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայցը՝ անվավեր էր ճանաչել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. օգոստոսի 16 -ի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ԻՎ/199/2024 որոշումը։ Հանձնաժողովը բողոք է բերել, որի քննությունը, մեր տեղեկություններով, կսկսվի սեպտեմբերին։
Հայցվոր նախարար Սուրեն Պապիկյանը հայցադիմումում նշել էր, որ վարչական մարմինը չի ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ արձանագրված ենթադրյալ իրավախախտման մեջ իր մեղավորության առկայությունը պարզելու և առհասարակ իր` պատասխանատու սուբյեկտ լինելու ուղղությամբ, քանի որ ինչպես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ, այնպես էլ վիճարկվող որոշման մեջ միայն վկայակոչել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածը, մինչդեռ, իրավանորմի բովանդակությունից բխում է, որ «օրենսգրքի իմաստով կուսակցության պաշտոնատար անձ կարող է հանդիսանալ ինչպես կուսակցության ղեկավար մարմնի անդամը, այնպես էլ կուսակցության կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պատասխանատու անդամը կամ աշխատողը», քանի որ օրենսդիրը նշված սուբյեկտներին թվարկելիս առանձնացրել է «կամ» շաղկապով, ինչից հետևում է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին վերացրած կարող է հանդիսանալ պատշաճ պատասխանատու սուբյեկտ:
Կարդացեք նաև
Պատասխանող ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ. հուլիսի 19-ին Պապիկյանին է հասցեագրել թիվ 01/2020-2024 գրությունը՝ նշված ծանուցումը ստանալու 5-րդ աշխատանքային օրը՝ ժամը 14:30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայանալու, հայցվորի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու մասին, միաժամանակ տեղեկացվելով ծանուցումը ստանալուն հաջորդող 7-րդ աշխատանքային օրը՝ ժամը 14:30-ին «վերոնշյալ առերևույթ իրավախախտման հիմքով կազմված արձանագրության և վերաբերելի նյութերի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի» քննության մասին: Պապիկյանն այն ստացել է հուլիսի 26-ին: Սակայն չի ներկայացել հանձնաժողով։ Նրա բացակայությամբ 2024 թ .օգոստոսի 2-ին հանձնաժողովում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ՎԻՎ/421/2024 արձանագրությունը: Հանձնաժողովը որոշել է՝ «Կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկներն անկանխիկ չկատարելու հիմքով կուսակցության պաշտոնատար անձ Սուրեն Պապիկյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 100,000 ՀՀ դրամի չափով» և նույն օրը ընդունվել է Հանձնաժողովի թիվ ՎԻՎ/199/2024 վարչական տույժ կիրառելու մասին որոշումը:
Ըստ Հանձնաժողովի՝ իրենք ուղղակի զրկված են, հանձնաժողովը չունի անձի ներկայությունը արձանագրության կազմմանն ապահովելու որևէ այլ լծակ, քան վերջինիս պատշաճ ծանուցման իրականացումն է:
Պատասխանողը հայտնել էր, որ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, հանձնաժովովականները նշված որոշումը կայացրել են կոլեգիալ, ինչը հաստատվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. օգոստոսյան նիստի արձանագրության քաղվածքով. ստորագրել են հանձնաժողովի անդամները՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանջնաժողովի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն:
Պատասխանողը խնդրել էր մերժել հայցը:
Ըստ դատարանի, գործի նյութերով հաստատվում է, տվյալ գործով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումն իրականացվել է լիազորված մարմնի կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձի կողմից՝ իր գործառութային իրավասությունների շրջանակում։
Ուստի, Ռուզաննա Առաքելյանի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու լիազորության բացակայության վերաբերյալ հայցվորի պնդումը հիմնավոր չէ։
Հաջորդիվ, անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, թե որոշումը չի ընդունվել կոլեգիալության կարգով, դատարանը գտնում է, որ նշված փաստարկը ևս անհիմն է, քանի որ գործի նյութերով հաստատվում է, որ վարչական տույժ նշանակելու մասին թիվ ՎԻՎ/199/2024 որոշումն ընդունվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավազոր նիստում՝ կոլեգիալ կազմով։
Փաստվել էր. «Դատարանը նաև նկատում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը իրավասու է ստորագրելու Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները և եզրակացությունները, մինչդեռ Հանձնաժողովի անդամների ստորագրման պարտականությունը վերաբերում է բացառապես նիստերի արձանագրություններին։ Հետևաբար, այն հանգամանքը, որ վիճարկվող որոշումը ստորագրվել է միայն Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողի կողմից, ինքնին չի կարող վկայել որոշման ոչ կոլեգիալ ընդունման կամ կոլեգիալության սկզբունքի խախտման մասին։
Այսպիսով, դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ընդունվել է օրենքով սահմանված կոլեգիալ ընթացակարգի պահպանմամբ, և հայցվորի հակառակ պնդումը չի հիմնավորվում գործի նյութերով»։
Ինչ վերաբերում է հայցվորի մյուս փաստարկներին, այն է՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ընթացքում թույլ տրված էական ընթացակարգային խախտումներին և վարչական պատասխանատվության սուբյեկտի անհատականացված հիմնավորման բացակայությանը, ապա դատարանը դրանք գնահատում է հետևյալ կերպ։
Սակայն, ըստ դատարանի՝ «Վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ՎԻՎ/421/2024 արձանագրությունը կազմվել է հայցվորի բացակայությամբ։ Թեպետ գործի նյութերից երևում է, որ հայցվորը պատշաճ կերպով ծանուցված է եղել արձանագրության կազմման վայրի և ժամի մասին, այնուամենայնիվ, արձանագրության բովանդակությունից չի հետևում, որ արձանագրություն կազմելիս պահպանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ և 267-րդ հոդվածներով սահմանված այն պարտադիր պահանջները, որոնք ուղղված են ենթադրյալ իրավախախտի դատավարական իրավունքների իրացման ապահովմանը»։
Նշվել էր, որ արձանագրությունում բացակայում է որևէ նշում այն մասին, որ հայցվորին բացատրվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, մինչդեռ օրենքը տվյալ պահանջը սահմանում է որպես իմպերատիվ, իսկ դրա կատարումը պետք է հստակորեն արձանագրված լինի հենց արձանագրության մեջ։
Դատարանն արձանագրել էր, որ վարչական մարմնի կողմից հայցվորի՝ որպես վարչական պատասխանատվության ենթարկվող սուբյեկտի պատասխանատվությունը հիմնավորվել է հիմնականում այն հանգամանքով, որ վերջինս հաշվետու ժամանակահատվածում հանդիսացել է կուսակցության վարչության նախագահ և կանոնադրությամբ օժտված է եղել կուսակցության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ։ Սակայն «վարչական ակտից չի երևում, որ վարչական մարմինը կատարել է հայցվորի գործողությունների կամ անգործության անհատականացված գնահատում՝ պարզելով, թե արդյոք կոնկրետ կանխիկացման գործառնությունները իրականացվել են հենց նրա կողմից, նրա հանձնարարությամբ կամ նրա կողմից չկատարված վերահսկողության հետևանքով, ինչպես նաև՝ ինչպիսին է եղել այդ գործառնությունների և նրա պաշտոնեական պարտականությունների միջև առկա պատճառահետևանքային կապը»։
Դատարանը հանգել էր այն եզրակացության, որ թեև Պապիկյանի այն փաստարկները, որոնք վերաբերում են արձանագրություն կազմած պաշտոնատար անձի իրավասությանը և որոշման կոլեգիալության սկզբունքի խախտմանը, հիմնավոր չեն, միևնույն ժամանակ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ընթացքում թույլ են տրվել էական ընթացակարգային խախտումներ, իսկ վարչական պատասխանատվության սուբյեկտի և մեղավորության հարցը չի ենթարկվել պատշաճ, անհատականացված և համակողմանի գնահատման։ Նման պայմաններում վիճարկվող վարչական ակտը չի կարող համարվել իրավաչափ և չի կարող առաջացնել իրավական հետևանքներ հայցվորի համար։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2026


















































