Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսողությունը վերականգնելով՝ մարդիկ խուսափում են դեպրեսիայից եւ դեմենցիայից». ավելի քան 15 հազար լսողական սարք՝ ինը տարիների ընթացքում

Սեպտեմբեր 30,2026 14:30 Share

Այսօր արդեն ավելի քան 8000 մարդ Հայաստանում վերգտել է լսողությունը՝ շնորհիվ Հայկուհի եւ Արմեն Կավուկչյանների նախաձեռնությամբ սկսված «Հայաստանի լսողական սարքեր» ծրագրի։

«Ամեն ինչ սկսվեց 2008 թվականին։ Ես և ամուսինս՝ Արմենը, որպես լսողական սարքերի մասնագետներ, հրավիրվել էինք Մինեապոլիս՝ նոր տեխնիկայի և սարքավորումների հետ ծանոթանալու։ Երրորդ օրը ծանոթացանք Սթարքի (Starkey) հիմնադրամի հետ, որը 100-ից ավելի երկրներում աջակցում էր լսողական խնդիրներ ունեցող մարդկանց՝ տրամադրելով լսողական սարքեր։ Տեսանք տեսանյութեր, թե ինչպես են տարբեր երկրներում երեխաներն ու մեծահասակներն այդ սարքերի շնորհիվ առաջին անգամ լսում, ինչպես են պայծառանում նրանց դեմքերը, և մտածեցինք, որ Հայաստանում էլ կա դրա կարիքը։ Մոտեցանք հիմնադրամի ղեկավարներին և հարցրինք՝ հնարավո՞ր է Հայաստան էլ գաք։ Ասացին՝ կարող ենք գալ, բայց դուք շատ տնային աշխատանք ունեք անելու՝ մաքսատան, հիվանդանոցների, տեղական հիմնադրամների և այլ պետական ու ոչ պետական կառույցների հետ կապված։ Այդ «տնային աշխատանքը» տևեց մինչև 2015 թվականը, երբ Հայաստանում իրավիճակն ավելի բարենպաստ էր նման առաքելություն իրականացնելու համար։ Այդ ժամանակ ծանոթացանք Լիաննա Սահակյանի և նրա ղեկավարած «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանի հետ։ Հասկացանք, որ նրանց հետ շատ լավ կարող ենք աշխատել, և մինչև այսօր շարունակում ենք համագործակցել։ 2016թ. Starkey հիմնադրամի երկու աշխատակից եկան Հայաստան՝ ուսումնասիրելու պայմանները, քանի որ Հայաստանը դառնալու էր 107-րդ երկիրը, որտեղ Սթարքին աշխատելու էր։ Եվ արդեն 2017-ին 55 մասնագետներ՝ Անգլիայից, Ամերիկայից, Հնդկաստանից և Էմիրություններից, եկան Հայաստան՝ մեզ օգնելու եւ տեղադրելու լսողական սարքերը։ Երեք օր Համալիրում աշխատեցինք։ Օրական ավելի քան 600 հիվանդի սպասարկեցինք՝ ավտոբուսներով մարդկանց բերելով Գյումրիից, Վանաձորից և այլ վայրերից։ Ընդհանուր առմամբ սպասարկեցինք, կարծեմ, 1830 մարդու և տրամադրեցինք 3570 լսողական սարք, քանի որ գրեթե բոլորին էլ անհրաժեշտ էին երկուական սարք՝ երկու ականջների համար էլ»,- «Առավոտին» պատմում է հերթական առաքելությամբ այս օրերին Հայաստանում գտնվող «Հայաստանի լսողական սարքեր» ծրագրի հիմնադիր Հայկուհի Կավուկչյանը, որը պատանեկության տարիներից բնակվում է ԱՄՆ-ում, եւ հիմա ընտանիքի հետ միասին օգնում է իր հայրենակիցներին՝ բարելավել կյանքի որակը՝ ապրել ավելի գունավոր աշխարհում՝ շնորհիվ երկրորդ զգայարանի՝ լսողության վերականգնման։

Փաստորեն, արդեն 10-րդ տարին է, որ իրականացնում եք այդ կարեւորագույն առաքելությունը՝ մեր ճշտող հարցին ի պատասխան տիկին Կավուկչյանը պատասխանեց. «Այո, արդեն 10-րդ տարին է, միայն 2020 թվականին՝ Covid-19-ի պատճառով, չկարողացանք գալ եւ բերել սարքավորումներ»։

Արամ Կավուկչյանը՝ տիկին Հայկուհու որդին, նույնպես Հայաստանում է՝ տիկնոջ, 10-ամսյա զավակի, եղբոր հետ. նրանք բոլորն օգնում են Հայկուհի եւ Արմեն Կավուկչյանների նախաձեռնության իրականացմանը։

«Կարող եմ ասել, որ ինը տարվա հանրագումարում, այս տարվանն էլ հետը՝ ընդհանուր առմամբ լսողական սարքեր ենք տրամադրել 8000 մարդու՝ մոտ 15 հազար սարք։ Սակայն միայն սարքերը տրամադրելով չի ավարտվում «Հայաստանի լսողական սարքի ծրագրի» գործունեությունը։ Ամեն ինչ արվում է համալիր ձեւով։ Առաջին՝ գրանցման փուլից հետո, գալիս է ստուգման փուլը։ Եթե խցանում՝ ականջաճարպ կա ականջի մեջ, մաքրում ենք։ Եթե բորբոքում կամ այլ խնդիր կա, դա նույնպես բուժում ենք։ Օրինակ՝ թմբկաթաղանթի վնասվածքի դեպքում լսողական սարք դնելը կարող է վնասակար լինել։ Հատուկ սարքավորումներով ստուգում ենք լսողության կորուստը։ Ոմանք իրենց հետ արդեն աուդիոգրամա են բերում, իսկ եթե չունեն, տեղում ենք կատարում թեստավորումը։ Դրանից հետո անցնում են ականջի կաղապարի՝ ear mold-ի պատրաստման փուլ։ Եթե կաղապարը ճիշտ չափսի չլինի, սարքը կարող է սուլել։ Մենք ունենք ութ ստանդարտ չափս, որոնց մեջ, ըստ ընդունված չափորոշիչների, մարդկանց մոտ 95 տոկոսը տեղավորվում է։ Եթե այդ չափսերից որևէ մեկը չի համապատասխանում, պատրաստում ենք անհատական՝ custom mold՝ հենց նրա ականջի ձևով։ Կաղապարը պատրաստելուց հետո մարդը ստանում է լսողական սարք՝ իր լսողության կորստին համապատասխան, և կատարվում է սարքի փորձարկումը։ Այնուհետև անցնում է խորհրդատվության փուլ, որի ժամանակ սովորեցնում ենք՝ ինչպես դնել և հանել սարքը, երբ հանել, ինչպես փոխել մարտկոցը, ինչպես խնամել և պահպանել սարքը։ Եթե ընտանիքի անդամ էլ կա, նրան նույնպես բացատրում ենք։ Դա շատ կարևոր է, որովհետև պարզապես սարքը տալը բավարար չէ. եթե մարդուն չսովորեցնես ճիշտ օգտագործել, կարող է ընդհանրապես չօգտագործել կամ արագ փչացնել։ Վերջին փուլը որակի վերջնական ստուգումն է՝ կաղապարը հարմա՞ր է նստած, սեղմո՞ւմ է, ձայնի մակարդակը ճի՞շտ է։ Իսկ վերջում նաև ստուգում ենք՝ խորհրդատվության ընթացքում բացատրված ամեն ինչ մարդը հասկացե՞լ է»,-պատմում է Արամ Կավուկչյանը։

«Բացի Երեւանի գրասենյակից, որտեղ ութ աշխատակից ունենք, գրասենյակ ունենք նաեւ Գյումրիում՝ երկու աշխատակից։ Առաքելությամբ մեկնում ենք նաեւ այլ մարզեր, օրինակ՝ Սյունիք, Գեղարքունիք եւ այլն, բայց, իրականում, շատ ավելի հարմար է ավտոբուսներ տրամադրել եւ մարդկանց բերել այստեղ, քան բոլոր սարքավորումները տանել մարզեր, այնտեղ ամբողջ համակարգը հավաքել, ինչը կարող է երկու օր տեւել»,- շարունակում է Արամ Կավուկչյանը, եւ ասում, որ այս տարիների ընթացքում հավաքվել են բոլոր շահառուների տվյալները, համակարգում գրանցել ողջ տեղեկությունը, ինչը հեշտացնում է հետագա աշխատանքը. «Եթե, օրինակ, հիվանդը հետագայում զանգում է և ասում, որ լսողական սարքը լավ չի աշխատում, մենք տվյալների բազայում գտնում ենք նրա վերաբերյալ ողջ ինֆորմացիան՝ ինչ կաղապար է օգտագործվել, ինչ չափսի է, ինչ հզորության լսողական սարք է ստացել և այլն։ Այդ տվյալները մեզ համար շատ կարևոր են նաև հաջորդ տարվա աշխատանքը պլանավորելու համար։ Դրանց հիման վրա որոշում ենք՝ ինչ քանակի և ինչ հզորության սարքեր պետք է բերենք»։

Լուսանկարը՝ «Հայաստանի սողական սարքեր ծրագրի» ՖԲ էջից

Հետաքրքրվում ենք, թե ովքե՞ր են ծրագրի շահառուները, կա՞ն սահմանափակումներ, թե ովքեր կարող են դիմել սարքավորումը ստանալու համար։ «Սահմանափակում՝ որպես այդպիսին, չկա։ Պարզապես, օրինակ, մինչեւ 18 տարեկանների կամ 65-ից բարձր տարիքի մարդկանց համար Հայաստանում կան արդեն գործող ծրագրեր, եւ մենք աշխատում ենք այն խմբերի համար, որոնք որեւէ պետական կամ այլ բարեգործական ծրագրերի մեջ ընդգրկված չեն։ Աջակցում ենք նաեւ մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառով դուրս են մնացել գործող ծրագրերից, կամ մարդկանց, ովքեր թույլ կամ միջին լսողության խնդիրներ ունեն, նրանք նույնպես սարքավորումների կարիք ունեն, որպեսզի աշխատանքից դուրս չմնան լսողության պատճառով»,-ներկայացնում է Հայկուհի Կավուկչյանը եւ շարունակում. «Այսօր մեր տրամադրած սարքերը բոլորը թվային են։ Երիտասարդների համար հատկապես կարևոր է հեռախոսի հետ միանալու հնարավորությունը։ Հեռախոսից կարելի է ձայնը բարձրացնել կամ իջեցնել, փոխել ծրագրերը, մաքրել ձայնը։ Օրինակ՝ եթե մարդը ռեստորանում է, կարող է համապատասխան ծրագիր ընտրել, կինոթատրոնում՝ մեկ այլ։ Այս տարվա տրամադրած սարքերը հատկապես փոքր են և գրեթե չեն երևում։ Այն մեծ սարքերը, որոնք նախկինում մարդիկ կրում էին ականջի հետևում և որոնք տեսանելի էին, այլևս չեն օգտագործվում մեր ծրագրում»։

Լուսանկարը՝ «Հայաստանի սողական սարքեր ծրագրի» ՖԲ էջից

Արամն էլ ավելացնում է՝ շատ կարեւոր է մարդկանց միջից հանել այն տարօրինակ կարծրատիպը, նախապաշարումը, թե «լսողական սարք կրելն ամոթ է»։ «Շատ ցավալի է այդ կարծրատիպը, մարդիկ տարիներ շարունակ իրենց դատապարտում են չլսելուն կամ վատ լսելուն, ինչ է, թե՝ ականջին չդնեն լսողական սարք։ Չէ՞ որ վատ տեսողության դեպքում որեւէ մեկը չի մտահոգվում ակնոց կրելուց, իսկ լսողական սարք կրելն ինչո՞ւ պիտի «ամոթ» լինի, եթե վատ ես լսում»,-զարմացած հարցնում է Արամը ու շարունակում. «Վատ լսողությունը մարդկանց դրդում է մեկուսացման, չշփվելու, իսկ դա հանգեցնում է դեպրեսիայի, եւ անգամ ավելի վատ՝ դեմենցիայի։ Այսինքն՝ մի պարզ քայլով՝ լսողական սարք դնելով, հնարավոր է շատ ավելի ծանր ու վտանգավոր խնդիրներից խուսափել»։

Կարծես շարունակելով որդու միտքը՝ Հայկուհին պատմում է. «2017-ին, երբ եկանք, տեսանք 30-40 տարեկան մարդկանց, որոնց համար օգտագործվում էր «խուլ-համր» բնորոշումը։ Նրանք չէին խոսում, ժեստերի լեզվով էին շփվում; Երբ ստուգեցինք լսողությունը, պարզվեց, որ ընդամենը երկրորդ աստիճանի լսողության կորուստ ունեին, դրեցինք լսողական սարքերը, եւ նրանք լսեցին իրենց երեխայի ձայնը… Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է իրազեկումը։ Մարդիկ տարիներ շարունակ համարվել էին խուլ-համր, բայց սարքը կրելուց հետո կարողացան լսել և շփվել աշխարհի ու իրենց երեխաների հետ»։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն, եթե ավելի վաղ լիներ ախտորոշումը, ավելի վաղ կրեին լսողական սարքը, գուցե խո՞սքն էլ վերականգնվեր, Հայկուհին պատասխանում է. «Այո, անշուշտ։ Խոսքի զարգացման թերապիաների օգնությամբ. եթե մարդը լսողական խնդիրը լուծեր, կարող էր նաեւ խոսքը վերականգնել»։

Հաշվի առնելով վերջին շրջանում իշխանական որոշ շրջանակների կողմից սփյուռքի մեր հայրենակիցների արած գործերն արժեզրկելու միտումը, հարցի ենթատեքստը չբացահայտելով, զգուշորեն հետաքրքրվեցինք, թե որքա՞ն է արժեցել այս բարեգործական ծրագիրը՝ գործունեության ողջ ընթացքում։ «Մոտավոր հաշվարկով՝ սարքավորումները, հետխնամքը, ընթացիկ սպասարկումը հաշվի առնելով՝ 1-1,5 մլն դոլար»,- պատասխանում է Արամ Կավուկչյանը եւ հավելում. «Կարծում եմ՝ այս գործունեությամբ մենք մեր պարտքն ենք կատարում մեր Հայրենիքի հանդեպ։ Եթե ես Հայաստանում ծնված լինեի՝ իմ պարտքը Հայրենիքիս հանդեպ պիտի բանակում ծառայելով կատարեի, բայց ծնվել եմ ԱՄՆ-ում, եւ այս ձեւով եմ փորձում Հայրենիքիս օգուտ տալ»։ Իսկ Հայկուհին հավելում է՝ սա ոչ միայն որպես հայ մարդ՝ մեր պարտավորությունն է մեր բոլորի Հայրենիքի առջեւ, այլեւ՝ Աստծո առջեւ. «Օգնելով մարդկանց, մենք աստվածահաճո գործ ենք անում։ Ես հավատում եմ, որ եթե օրհնված ենք, պետք է դիմացինին էլ օրհնենք»։

Հայկուհի Կավուկչյանը պատմեց, որ մինչեւ 2020 թվականը Սթարքի հիմնադրամը ոչ միայն սարքավորումներն էր տրամադրում, այլեւ մեծ մասակցություն ուներ հետխնամքի գործում։ Քովիդի պատճառով հիմնադրամի գործունեությունը ժամանակավորապես կանգ առավ։ «Սակայն այդ ժամանակ Հայաստանում 44-օրյա պատերազմը եղավ, եւ հարյուրավոր զինվորներ լսողության խնդիրներով վերադարձան պատերազմից։ Մենք հասկացանք, որ չենք կարող կանգնեցնել ծրագիրը եւ սպասել, թե երբ Սթարքին կվերսկսի իր գործունեությունը։ Այդ ժամանակ Լոս Անջելեսում հիմնեցինք «Armenia Hearing Aid Project»-ը՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, և որոշեցինք դրամահավաքների միջոցով շարունակել ծրագիրը։ Հայաստանին այս կամ այն ձեւով օգնելը դրսում ապրող հայերի մեծամասնության համար շատ կարեւոր մի բան է, եւ բոլորը փորձում են որեւէ ձեւով իրենց պարտքը կատարել։ Լոս Անջելեսում շատ մարդիկ կան, որոնք մեր ծրագրին donation անելով են փորձում օգտակար լինել հայրենիքին։ Մարդիկ վստահում են մեզ, մեր աշխատանքը թափանցիկ է, և մեծ սիրով մասնակցում են դրամահավաքներին։ Ուզում են իրենց լուման ներդնել։ Օրինակ, հիմա իմ չորս ընկերուհիներն ինձ հետ այստեղ են եկել՝ որպես կամավորներ աշխատելու, որովհետև առանց կամավորների հնարավոր չէ։ Բայց միայն Սփյուռքը չէ, որ ուզում է օգնել, օգուտ տալ մարդկանց։ Մենք նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Բժշկական համալսարանից, Բրյուսովի համալսարանից և այլ բուհերից 50-60 կամավոր ուսանող ենք ունենում ամեն տարի, որոնք երեք օր մեզ մեծ սիրով օգնում են, հսկայական աշխատանք են անում»։

Լուսանկարը՝ «Հայաստանի սողական սարքեր ծրագրի» ՖԲ էջից

Միտքը շարունակում է Արամը. «Հիմա էլ շարունակում ենք աշխատել Սթարքի հետ։ Դրամահավաքներն անհրաժեշտ են լսողական սարքեր գնելու, տեղադրելու, այստեղի աշխատակիցների աշխատավարձերի և սպասարկման ծախսերը հոգալու համար։ Մտածում ենք նաև նոր ծրագրերի մասին՝ լավ, լսողական սարքերը տվեցինք, սպասարկումն իրականացրինք, բայց ո՞րն է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը Ear Healthcare-ն է, և այս ուղղությամբ Սթարքն էլ է մեզ աջակցում։ Ցանկանում ենք այս ծրագրի շրջանակներում մարզերի հիվանդանոցներում աուդիոմետրեր տեղադրել, կրթական հաստատություններում FM և Loop համակարգեր ներդնել, որոնց միջոցով լսողական սարք ունեցող աշակերտը կարող է ավելի լավ լսել ուսուցչին։ Շատ տարբեր ծրագրեր կան, ուզում ենք ընդլայնել աշխատանքը՝ հնարավորության սահմաններում օգնելով պետությանը լուծել այդ խնդիրները»։

Մայր եւ որդի Կավուկչյանները խիստ կարեւորեցին նաեւ այս առաքելության մեկ այլ, լսողական խնդիրների հետ կապ չունեցող ազդեցության մասին պատմել։ Խոսքը օտարերկրյա բժիշկների մասին է, որոնք որպես կամավոր այցելում են Հայաստան։ «Մենք՝ որպես հայեր, պարտավոր ենք օգնելու մեր հայրենիքին, սակայն օտարերկրացիները, որոնք գալիս են Հայաստան՝ ամերիկացիները, հնդիկները, անգլիացիները, կամավոր են գալիս։ Նրանք պարտավոր չեն մեզ օգնել, և մենք պետք է մեծ շնորհակալություն հայտնենք նրանց՝ մեր ազգին այսքան օգտակար լինելու համար»,- նշում է Հայկուհի Կավուկչյանը։ Նա պատմեց մի բրիտանացի բժշկի մասին, որը որպես կամավոր աշխատում է իրենց հետ. «Նա այնքան մեծ թվով ականջներ է զննել և մաքրել ամբողջ աշխարհում, որ, կարծում եմ, կարող է նույնիսկ Guinness World Records-ի արժանի ցուցանիշ ունենալ»։

Իսկ Արամն ասում է. «Ինձ համար այս գործի ամենահաճելի կողմերից մեկն է, երբ օտար մարդիկ, որոնք ընդհանրապես Հայաստանի տեղը քարտեզի վրա չգիտեին, մեր խմբի հետ գալիս են Հայաստան, ծանոթանում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր մշակույթի, մեր խոհանոցի հետ, կապվում եւ սիրում։ Բժիշկներ կան, որոնք մեզ հետ Հայաստան գալուց հետո վերադարձել են Անգլիա, իրենց ընտանիքներին պատմել Հայաստանի մասին, իսկ հետո ամբողջ ընտանիքով եկել են Հայաստան՝ հանգստանալու։ Ինձ դա շատ է ուրախացնում։ Ունենք բժիշկներ, որոնք արդեն յոթերորդ կամ ութերորդ անգամն են մեր խմբի հետ գալիս Հայաստան։ Հենց լսում են, որ Հայաստանում նոր mission է լինելու, ուզում են անպայման միանալ, կրկին գալ»։

Հայկուհին էլ հիշում է, որ 2019 թվականին մոտ 60-70 հոգանոց բազմազգ խմբով այցելեցին Արցախ եւ 700 մարդու լսողական սարք տրամադրեցին։ Իսկ երբ 2020-ին պատերազմը սկսվեց, այդ կամավորներն անընդհատ հաղորդագրություններ էին ուղարկում, հարցնում՝ ինչպես կարող են օգնել, օգտակար լինել. «Մեզ հետ միասին լացել են եւ աղոթել են մեզ համար, Արցախի համար»։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել