Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կարապետյանն անդրադարձել է ՀՀ-ում մարդու իրավունքների քաղաքականության զարգացումների, այդ թվում՝ խտրականությունից պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքներին

Հուլիս 03,2026 17:16 Share

ՀՀ–ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստի շրջանակում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ելույթով է հանդես եկել Հայաստանում մարդու իրավունքների քաղաքականության զարգացումների, այդ թվում՝ խտրականությունից պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում իրականացված բարեփոխումներին, արձանագրված առաջընթացին և առկա մարտահրավերներին։

Մասնավորապես, Աննա Կարապետյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023–2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները՝ ընդգծելով, որ ծրագրի ավարտից հետո իրականացվել է դրա համապարփակ գնահատում, որի արդյունքներն արդեն իսկ հիմք են հանդիսացել արդարադատության ոլորտի նոր ռազմավարական քաղաքականության մշակման համար։ Նախարարի տեղակալը նշել է, որ մարդու իրավունքների ոլորտում հետագա պետական քաղաքականությունը միտված է ոչ միայն օրենսդրության կատարելագործմանը, այլև մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդմանը, արդարադատության մատչելիության բարձրացմանը և մարդու իրավունքների մշակույթի շարունակական զարգացմանը։ Նշվել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի նոր գործողությունները կնախատեսվեն արդարադատության ռազմավարության ներքո՝ որպես առանձին ռազմավարական ծրագիր։

Ելույթում առանձին անդրադարձ է կատարվել հավասարության ապահովման և խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ներկայացվել է «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ կատարված աշխատանքները, մասնագետների վերապատրաստման ծրագրերը, խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելման և դրանց արդյունավետ արձագանքման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված շարունակական նախաձեռնությունները։

Աննա Կարապետյանը ներկայացրել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով երեխայակենտրոն արդարադատության զարգացման, բազմամասնագիտական «Բարնահուս» մոդելի ներդրման, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների քննության ընթացքում երեխայի լավագույն շահի ապահովմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների կարևորությունը։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև հավաքների, միավորումների, խոսքի և տեղեկատվության ազատության ոլորտներում առկա զարգացումները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված առաջնահերթությունները։

Երկխոսության մասնակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության կարևորությունը և շարունակական երկխոսության դերը՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել