Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պետությունը տեսնում նման մասնավոր գազանանոցը միայն այն ժամանակ, երբ սեփականատերը հայտնվում է թիրախում. իրավապաշտպան

Հուլիս 07,2026 10:04 Share

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կենդանիների ցուցադրական առգրավման տեսարաններն ինձ խորապես խոցում են, ինչպես նաև շատ պարզ հարց առաջ բերում. ինչո՞ւ է պետությունը տեսնում նման մասնավոր գազանանոցը միայն այն ժամանակ, երբ սեփականատերը հայտնվում է թիրախում։

Տարիներ շարունակ հանրության համար գաղտնիք չէր, որ Հայաստանում գործում են մասնավոր տարածքներ, որտեղ պահվում են վայրի կենդանիներ՝ առյուծներ, վագրեր, արջեր, տարբեր էկզոտիկ թռչուններ և այլ տեսակներ։ Դրանք հաճախ ցուցադրվել են տեսանյութերում, լուսանկարներում, դարձել են հանրային քննարկման թեմա։ Սակայն պետական արձագանքը, որպես կանոն՝ 0 բացակայել է։

Վայրի կենդանիներ պահելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է պետական թույլտվություն։«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահումը թույլատրվում է միայն լիազորված մարմնի տրամադրած թույլտվության հիման վրա։

Եթե կենդանիների պահումը ենթակա է թույլտվությունների, հաշվառման և վերահսկողության, ապա այդ վերահսկողությունը պետք է լինի շարունակական, այլ ոչ թե իրավիճակային։

Օրենքը չի կարող հանկարծակի գործել միայն այն պահին, երբ ինչ-որ մեկի գործունեությունը սկսում է «աչք ծակել» կամ դառնում է անհարմար։ Իրավական պետությունում վերահսկողությունը պետք է լինի կանխարգելիչ, հետևողական և հավասար բոլորի նկատմամբ՝ անկախ անձի ազդեցությունից կամ հանրային դիրքից։

Այս պատմությունը պետք է դառնա առիթ՝ վերանայելու վայրի կենդանիների հաշվառման, պահման, ներմուծման և արտահանման, ինչպես նաև պետական հսկողության ամբողջ համակարգը։ Եթե այսօր առգրավվում են կենդանիներ, ապա հասարակությունն իրավունք ունի նաև պատասխան ստանալու՝ ինչպե՞ս և ինչո՞ւ այդ կենդանիները տարիներ շարունակ պահվել են մասնավոր առանձնատանը, և որտե՞ղ էին այն պետական մարմինները, որոնք պարտավոր էին վերահսկել օրենքի կատարումը։

Ինչպես նաև, քանի՞ այլ նմանատիպ մասնավոր գազանանոցներ կան և ի՞նչ վերահսկողություն է սահմանված այդ կենդանիներին պահող անձանց նկատմամբ։

Հ․Գ․ Շաբաթներ առաջ տղաս տուն էր բերել ագռավի, որը չէր կարողանում թռնել։ Մտածում էինք թևը կոտրված է, բայց բժշկի զննությունից հետո պարզվեց, որ վանդակում են պահել, քանի որ շատ խելացի թռչուն է, երբեմն՝ մարդու կողքին ապրելով, նույնիսկ, սովորում է խոսել։ Նրա փետուրները թերի են ձևավորվել՝ փաստացի նրան զրկելով թռչող լինելուց։

Ասածս ի՞նչ է, բացի նրանից, որ մարդիկ արդեն իսկ չեն խնայում բնությունն ու նրա բնակիչներին, պետությունը, նույնպես, աչք է փակում ու չի կատարում իր գործառույթները, մինչև կգա, այսպես կոչված, հարմար պահը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031