«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով դատարանում Գագիկ Ծառուկյանին կալանքի տանելու գործի քննությանը՝ ասաց. «Ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն է քննում, որովհետեւ Հայաստանում արդարադատությունը, իրավունքը, առողջապահությունը, թոշակը, սոցիալական ոլորտը, ամեն ինչը որոշում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանի արդարադատությունը դարձրել է «պոլի շոր»։
Ինչ երեկ կատարվում էր Գագիկ Ծառուկյանի հետ, նոր բան չէ։ Որքան հիշում եմ, Գագիկ Ծառուկյանը վերջին 10 տարիների ընթացքում ենթարկվում է քաղաքական հալածանքների, ինչի հետեւանքով դուրս եկավ քաղաքականությունից։ Լավ հիշում եմ, որ 2020 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պիտի հռչակի, որ Գագիկ Ծառուկյանը եկել է ընտրակաշառքով եւ պետք է դատվի։ Այսօրվա պես հիշում եմ, որ երբ հարց տվեցի իր Արարատ Միրզոյանին՝ ասելով, որ եթե դուք պնդում եք, եւ եթե դատարանը հաստատի, որ Գագիկ Ծառուկյանը եկել է ընտրակաշառքով, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ ընտրված վարչապետ է եւ պատրա՞ստ է հրաժարական տալու։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ 2020 թվականի հունիսին կարվեց մի գործ, որ Գագիկ Ծառուկյանը կաշառքով է եկել եւ հակակոռուպցիոն դատարանը պիտի քննի այդ գործը; ՀԿԴ-ն 2020 թվականից քննեց այդ գործը եւ ամիսներ առաջ՝ 2026 թվականի մարտի 11-ին եկավ եզրակացության, որ Գագիկ Ծառուկյանն անմեղ է։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ։ 5,5 տարուց մի քիչ ավելի, Գագիկ Ծառուկյանը ամեն շաբաթ գնաց ՀԿԴ, վարձեց պաշտպաններ, փաստաբաններ, ծախսեր արեց, իր որոշ հաշիվներ կալանքի տակ դրվեցին։ Իհարկե, լավ փաստաբաններ էին, որոնք պատրաստվել էին ընդհուպ դիմել ՄԻԵԴ։ Եվ հետո դատարանը որոշեց, որ Գագիկ Ծառուկյանը անմեղ է։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ուղղակի 5,5 տարի Գագիկ Ծառուկյանին տարավ, բերեց դատարաններ՝ մտածելով, որ պարոն Ծառուկյանն այլեւս քաղաքականության մեջ չի մտնի։
Գագիկ Ծառուկյանը որոշեց նորից մտնել քաղաքականություն, որովհետեւ ժամանակին օրենսդիրների առումով ունեցել է լավագույն խմբակցությունը խորհրդարանում։ Ու այս անգամ նորից պատժվում է քաղաքականության մեջ մտնելու համար։
Մենք կհիշենք, որ Հ1-ի եթերում դեբատների ժամանակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը չկար, ֆիզիկապես ներկա չէր, ինքը անունի շուրջ կռիվ էր տալիս Հ1-ի եթերում։ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում հանդուրժել, որ Գագիկ Ծառուկյանը մտել էր քարոզարշավի մեջ, բավականին լավ քարոզարշավ էր իրականացնում եւ ուներ համախոհների շատ մեծ բանակ։ Անգամ Գեղարքունիքում, որ ուներ այդքան պատգամավոր, այնպես չընդունեցին Նիկոլ Փաշինյանին, ինչպես Գագիկ Ծառուկյանին»,-ասաց Ռուզան Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































