«Մեր հայրը միշտ մեզ՝ իր ընտանիքին, հեռու է պահել քաղաքականությունից։ Երբևէ որևէ առնչություն որևէ բանի չենք ունեցել։ Այս դեպքերն ակնհայտ ապօրինի են և օրենքից դուրս գործողություններ։ Մեր քաղաքացիները թող սա տեսնեն ու հասկանան, որ նման գործողություններ կարող են բոլորի դուռը թակել»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, որը նաև Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի կինն է։
Հիշեցնենք, որ երեկվանից Ծառուկյանի առանձնատանն ու նրան պատկանող ընկերություններում խուզարկություններից հետո, Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ու այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը:
Նրա խոսքով՝ նման պահվածքը բարեգործ մարդու նկատմամբ աններելի է .«Նման կերպ վարվել, ձեռքերը շղթայել, մտնել տուն ու 13 ժամ խուզարկություն անել, որևէ լուրջ բան չգտնել, հետո երկրորդ անգամ նույն բանը կրկնել։ Մի անգամ արդեն այս ամենի միջով անցանք. կալանավորեցին, տունը խուզարկեցին, գործունեությունը դադարեցրին, գործարաններ փակեցին, հետո բացեցին, ինչ ասես արեցին այս ութ տարվա ընթացքում։ Որևէ հիմք ու լուրջ բան չգտնելով՝ հիմա եկել ու գտել են կենդանիներին, որոնք մարդը տարիներ շարունակ պահել է։ Բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներով տեսել եք այդ կենդանիներին, դա իր հոբբին է։ Մանկուց այդ կենդանիներին պահել ենք։ Հիմա եկել են, կենդանիներին քնեցրել ու տարել կենդանաբանական այգի, որտեղ եղած կենդանիներին էլ չեն կարողանում նորմալ պահել։ Թող մարդիկ տեսնեն ու եզրակացություններ անեն։ Ոչ մի բան ասելու չունենք»։
Կարդացեք նաև
Ռոզա Ծառուկյանը ոչ ուղղակի կերպով անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանին՝ քննադատելով. «Աստվածաշնչյան պատգամներով են առաջնորդվում, պատարագների են գնում, սաղմոսներ ասում, բայց քրիստոնյայի կեցվածքը ամենօրյա ապրելու աշխատանք է, ամենօրյա ապրելու ոճ։ Չես կարող ուրիշ բան խոսել, ուրիշ բան անել։ Բոլորի դատավորը Աստվածն է։ Ամեն ինչ, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, սա էլ կանցնի։ Պարզապես կան բաներ կյանքում, որոնք անդառնալի փոփոխություններ են բերում»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































