«50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն, իրենք փոխարեն արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, ընդամենը 100 հատ նոր միացում են կատարել՝ 3000-3500-ի փոխարեն։ Դրա համար էլ առաջացել է այդ գումարը։ Մեծ խելք պետք չէր՝ բանկերի պարտավորությունը կատարելու համար, խելքը նրա համար էր, որ իրագործեն, արդիականացնեն, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են», – իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի մասին հարցին։ Նա ասաց՝ խնդրահարույց չի համարում այն, որ իրեն պատկանող մի ընկերությունը գնումներ է կատարել իրեն պատկանող այլ ընկերությունից՝ առանց մրցույթներ հայտարարելու, և միգուցե այդ դեպքում հնարավոր լիներ ավելի էժան ապրանքներ ձեռք բերել․ «Բա հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում ներդրումային ծրագրերը կատարել։ Բա թող ձեռք բերեն, տարուց ավել կառավարում են»։
Նա ասաց, որ այդ կերպ ձեռնտու է եղել ոչ միայն ՀԷՑ-ին, այլև իրեն պատկանող «մյուս ընկերությանը», քանի որ այդ ընկերությունը գործարան է, որտեղ մարդիկ են աշխատում, աշխատավարձեր են ստանում, իսկ ընկերությունն էլ հարկատու է․ «Իրենք գնացին այլ ճանապարհով՝ ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն մեկ տարի անցավ, բայց դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ ՀԷՑ-ն էլ փորձանքի կբերեն, ոչինչ»։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հնարավոր կալանավորման մասին հարցին էլ Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ ասելով, որ Գագիկ Ծառուկյանը «պինդ տղա է», նման բաներով դժվար թե նրան վախեցնեն։
Սամվել Կարապետյանը նաև ասաց, որ իր ղեկավարած ուժը հիմնական ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է, դա մեր գաղտնի պլաններից մեկն է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































