Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ 2016թ. հունվարի 21-ի «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման և 2026թ. մայիսի 27-ի վճռով առաջացած հետևանքների մասին

Հուլիս 08,2026 12:00 Share

«Առավոտին» ահազանգած հեղինակը՝ Վարյա Սաֆարյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, ՀՀ արտաքին գործերի նախարարին, խնդրել սույն հաղորդումը դիտարկել ՄԻԵԴ 21.01.2016թ. «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման վերահսկողության շրջանակներում։

Ներկայացնում ենք Սաֆարյանների ընտանիքի գործով ՄԻԵԴ վճռի չկատարման հետևանքների մասին 

Հայտնում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 21.01.2016թ. «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» վճռից հետո իմ սեփականության իրավունքի խախտումները չեն վերացվել։

ՄԻԵԴ-ի վճիռը և հասցեիս կադաստրային գործի հիմք հանդիսացող 1928թ. Գույքաթերթը բավարար իրավական հիմք են հանդիսանում լուծելու հասցեիս անշարժ գույքի մաս կազմող, սակայն դեռևս չգրանցված 78.8 քմ և 244.44 քմ տարածքների պետական գրանցման հարցը՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի և Առաջին արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին համապատասխան՝ վերականգնելով սեփականատեր Վարյա Սաֆարյանի սեփականության իրավունքը։ Հայտնեմ նաև, որ 27.05.2026թ. ներպետական դատարանի կողմից կայացվել է հասցեիս անշարժ գույքի օտարման վերաբերյալ վճիռ, որով անտեսվել են ՄԻԵԴ 21.01.2016թ. վճռի կատարման հետ կապված հանգամանքները, ինչպես նաև սեփականության իրավունքի ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը։

Նշված վճռի կատարումը կհանգեցնի տարիներ շարունակ թույլ տրված խախտումների խորացմանը և Կոնվենցիայի 46-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների չկատարմանը։

Rule 9 հաղորդման անտեսման մասին

27.05.2026թ. վճիռ կայացնելիս դատարանը չի գնահատել իմ կողմից ներկայացված Rule 9 հաղորդումը, որով ներկայացվել էին ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված խնդիրները։

Մասնավորապես, դատարանին ներկայացվել էր, որ դեռևս լուծում չեն ստացել հասցեիս անշարժ գույքի մաս կազմող 78.8 քմ և 244.44 քմ տարածքների պետական գրանցման հարցերը։

Դատարանը չի տվել իրավական գնահատական ՄԻԵԴ վճռի կատարման և սեփականության իրավունքի շարունակական խախտման վերաբերյալ ներկայացված հանգամանքներին։

Կադաստրային գործի հիմքերի վերականգնման և 1928թ. Գույքաթերթի մասին

2007 թվականին դիմել եմ ՀՀ վարչական դատարան՝ «կադաստրային գործի հիմքերը վերականգնելու պահանջով»՝ նպատակ ունենալով վերականգնել քաղ. Վարյա Սաֆարյանի իրավունքները հասցեիս անշարժ գույքի մաս հանդիսացող, սակայն չգրանցված 78.8 քմ և 244.44 քմ տարածքների նկատմամբ։

Պահանջիս հիմքում դրվել է 1928թ. Գույքաթերթը, որը հանդիսանում է հասցեիս կադաստրային գործի և տան 1967թ. առուվաճառքի պայմանագրի հիմքը։

ՀՀ վարչական դատարանը 04.06.2008թ. վճռով անտեսել է հայցիս հիմքում դրված 1928թ. Գույքաթերթի նշանակությունը։

Անտեսվել է նաև իմ 11.04.2008թ. միջնորդությունը, որով դիմել էի ՀՀ վարչական դատարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակահատվածում դեռևս չէին գործում համապատասխան չափագրող կազմակերպությունները։ Դրանք սկսել են գործել հետագա տարիներին՝ 2012թ.-ից հետո։ Նշված միջնորդությամբ խնդրել էի դատարանին պարտավորեցնել վեճի կողմ հանդիսացող Կադաստրի կոմիտեին դատարան ներկայացնել հասցեիս հողամասի հատակագիծը՝ 1928թ. Գույքաթերթին համապատասխան, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել կադաստրային գործի հիմքերը և հասցեիս չգրանցված տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը։ Նշված պահանջը թողնվել է անհետևանք, ինչի արդյունքում հասցեիս անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ամբողջական վերականգնման հարցը մնացել է չլուծված։ Շուրջ երկու տասնամյակ շարունակվել են հասցեիս անշարժ գույքի նկատմամբ ոտնձգությունները և իրավական անորոշությունը։

Պաշտոնական գրություններում նշվել է տեղեկատվություն գոյություն չունեցող 1954թ. Գույքաթերթի մասին՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը քրեօրեն պատժելի արարք է։

Հանրության գերակա շահի ժամկետի և 2026թ. մայիսի 27-ի վճռի մասին

Ֆիրդուսի թաղամասը, այդ թվում, հասցեիս տարածքը, հանրության գերակա շահ է ճանաչվել դեռևս ՀՀ կառավարության 2007թ. N108-Ն որոշմամբ։ 2007թ. «հանրության գերակա շահ» ճանաչելու պահից անցել է շուրջ 20 տարի, սակայն այդ ժամանակահատվածից հետո ներկայացվել է հասցեիս անշարժ գույքի օտարման պահանջ։ Մինչդեռ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է գերակա շահի իրականացման 7 տարվա ժամկետ, որը տվյալ դեպքում լրացել է դեռևս 2014 թվականին։

Հաշվի չի առնվել նաև «Փոքրիկ երգիչներ» գործով արտահայտված իրավական մոտեցումը, ըստ որի՝ հանրության գերակա շահի իրականացման ժամկետի հաշվարկը կապված է սկզբնական որոշման ընդունման պահի հետ և չի կարող կամայականորեն երկարաձգվել նոր որոշումների ընդունմամբ։ Հետագայում ընդունվել է ՀՀ կառավարության 2018թ. N332-Ն որոշումը, որի իրավաչափության հարցը քննվում է ՀՀ վարչական դատարանում՝ ՎԴ/5866/05/18 վարչական գործով, և վերջնական դատական ակտ չի կայացվել։

Չնայած նշված հանգամանքներին՝ 27.05.2026թ. կայացվել է հասցեիս անշարժ գույքի օտարման վերաբերյալ վճիռ։

Կառուցապատման ծրագրի և անհամաչափ բեռի մասին

Հանրային գերակա շահ ճանաչված հասցեիս տարածքում կառուցապատման իրավունք է ստացել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն։ Հասցեիս տարածքում կառուցապատման ծրագրի իրականացումը դատարանին ներկայացվել է որպես հանրության գերակա շահի իրացում։

Միաժամանակ օտարման գործի շրջանակներում ներկայացված միջնորդություններով բարձրացվել են կառուցապատման ծրագրի իրական հանրային անհրաժեշտության և սեփականության իրավունքին միջամտության համաչափության վերաբերյալ հարցեր, որոնք դատարանի կողմից պատշաճ գնահատման չեն արժանացել։

Հանրային շահի անվան տակ իրականացվող կառուցապատումը չի կարող հանգեցնել սեփականատիրոջ իրավունքների անտեսմանը և սեփականատիրոջ վրա անհատական ու անհամաչափ բեռի դրմանը։

Տվյալ դեպքում դատարանը չի գնահատել, որ մինչ օտարման վճռի կայացումը անհրաժեշտ էր վերացնել տարիներ շարունակ չլուծված սեփականության իրավունքի խնդիրները՝ կապված հասցեիս անշարժ գույքի ամբողջական կազմի հետ։

Չեն գնահատվել հասցեիս անշարժ գույքի մաս հանդիսացող՝

  • 78.8 քմ տարածքը, որը հանդիսացել է հասցեիս միակ ելումուտի տարածքը դեպի Հանրապետության նրբանցք,
  • շվաքարանով զբաղեցված տարածքը և դրան կից 244.44 քմ տարածքը, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են որպես «Ֆիրդուսի» տոնավաճառի փաստացի գործող տարածք։

Նշված տարածքները հանդիսացել են ընտանիքիս ապրուստի միջոց՝ բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Չնայած դրան՝ 27.05.2026թ. վճռով օտարման հարցը լուծվել է առանց գույքի ամբողջական կազմը, փաստացի օգտագործումը և տնտեսական նշանակությունը գնահատելու։ Արդյունքում, չի պահպանվել արդար հավասարակշռությունը ենթադրյալ հանրային շահի և Վարյա Սաֆարյանի սեփականության իրավունքի պաշտպանության միջև՝ Կոնվենցիայի Առաջին արձանագրության 1-ին հոդվածի պահանջների իմաստով։

ՄԻԵԴ վճռի կատարման և Կոնվենցիայի 46-րդ հոդվածի մասին

Վերոգրյալ հանգամանքները վկայում են, որ ՄԻԵԴ 21.01.2016թ. «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» վճռով արձանագրված սեփականության իրավունքի խախտման հետևանքներն ամբողջությամբ չեն վերացվել։

ՄԻԵԴ վճռից հետո ևս շարունակվել է իրավական անորոշությունը հասցեիս անշարժ գույքի ամբողջական կազմի նկատմամբ։

Չեն լուծվել 1928թ. Գույքաթերթի հիման վրա բարձրացված կադաստրային գործի վերականգնման և հասցեիս անշարժ գույքի մաս հանդիսացող 78.8 քմ և 244.44 քմ տարածքների նկատմամբ իրավունքի վերականգնման հարցերը։

Այդ պայմաններում 27.05.2026թ. վճռով հասցեիս անշարժ գույքի օտարումը հանգեցնում է նախկինում արձանագրված խախտումների հետևանքների խորացմանը։

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը պարտավոր է կատարել ՄԻԵԴ վերջնական վճիռները և ապահովել ոչ միայն վճռով սահմանված փոխհատուցումը, այլև հնարավորության դեպքում վերացնել խախտման հետևանքները։

Տվյալ դեպքում սեփականության իրավունքի արդյունավետ վերականգնումը չի ապահովվել։

Վերջնական իրավական գնահատման մասին

Վերոգրյալ փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ 27.05.2026թ. վճռի կայացման պահին առկա էին դեռևս չլուծված հիմնարար հարցեր՝ կապված ՄԻԵԴ 21.01.2016թ. վճռի կատարման և սեփականության իրավունքի ամբողջական վերականգնման հետ։

Մինչև հասցեիս անշարժ գույքի օտարման հարցի լուծումը անհրաժեշտ էր իրավական գնահատական տալ 1928թ. Գույքաթերթին, կադաստրային գործի հիմքերի վերականգնման պահանջին, 78.8 քմ և 244.44 քմ տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցին և հանրության գերակա շահի ժամկետների պահպանման հարցին։

Այդ հարցերի անտեսման պայմաններում սեփականության օտարումը հանգեցնում է ոչ թե ՄԻԵԴ վճռով արձանագրված խախտման վերացմանը, այլ դրա հետևանքների շարունակմանը։

Հատկապես հաշվի առնելով, որ 2007թ. հանրության գերակա շահ ճանաչելու պահից անցել է շուրջ երկու տասնամյակ, իսկ օրենքով սահմանված 7 տարվա ժամկետի հարցը չի ստացել վերջնական իրավական գնահատական։

Հայտնում եմ նաև, որ 27.05.2026թ. վճիռը բողոքարկվել է։

Սույն հաղորդմամբ խնդրում եմ հաշվի առնել, որ ներկայացված հարցերը վերաբերում են ոչ միայն ներպետական դատական վեճին, այլ նաև ՄԻԵԴ 21.01.2016թ. վճռի կատարման արդյունավետությանը և խախտված իրավունքի վերականգնմանը։

Խնդրանք

Խնդրում եմ գնահատել, որ 2026թ. մայիսի 27-ի վճռի արդյունքում չեն վերացվել ՄԻԵԴ վճռով արձանագրված սեփականության իրավունքի խախտման հետևանքները։

Խնդրում եմ հաշվի առնել, որ հասցեիս անշարժ գույքի օտարումը՝ առանց 1928թ. Գույքաթերթի հիման վրա առաջացած իրավական հարցերի լուծման, առանց 78.8 քմ և 244.44 քմ տարածքների իրավական կարգավիճակի պարզման, կարող է հանգեցնել Կոնվենցիայի խախտումների շարունակմանը։

Խնդրում եմ ապահովել ՄԻԵԴ վճռի կատարման արդյունավետ վերահսկողությունը և Վարյա Սաֆարյանի սեփականության իրավունքի ամբողջական վերականգնումը՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի և Առաջին արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին համապատասխան։

Անահիտ Սաֆարյան

Վարյա Սաֆարյանի լիազորված ներկայացուցիչ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել