Հայաստանում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ Երևանի Կապույտ մզկիթում կայացել է Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված երեկո, որի ընթացքում ցուցադրվել է նրա մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Ֆիլմի հեղինակներն անդրադարձել են իրանահայերի դերակատարությանը և նշել, որ նրանք ԻԻՀ սպանված առաջնորդի համար ոչ թե զուտ կրոնական փոքրամասնություն էին, այլ Իրանի ժողովրդի, երկրի պատմության ու մշակույթի անբաժանելի մասը:
Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին ընդգծել է, որ Ալի Խամենեին Հայաստանն անվանում էր անկեղծ հարևան, որին պետք է հատուկ հարգանքով վերաբերվել: Նաև հավելել է, որ երկու երկրների միջև եղած կապերի ամրապնդման ուղղությամբ Ալի Խամենեիի վարած քաղաքականությունը կշարունակվի:
ԻԻՀ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի փառահեղ պատմությունը լի է այնպիսի առաջնորդների ու մեծերի անուններով, որոնք հավատքով, պայքարով և անձնազոհությամբ իրենց կյանքը նվիրել են Աստծուն, Իրանի ժողովրդի արժանապատվությանը և այս հողի անկախության ու փառքի պահպանմանը։
Կարդացեք նաև
ԻԻՀ Գերագույն առաջնորդի իմաստուն ղեկավարությունը, բացառիկ խիզախությունը, անխոնջ պայքարը և անսահման աջակցությունը ճնշվածներին ու կարիքավորներին նրան դարձրել են ոգեշնչման աղբյուր՝ դիմադրության, հայրենիքի սիրո, ինքնավստահության և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում՝ ինչպես մտավորականների, այնպես էլ Իրանի բարեկամների շրջանում։
Նաև նշվել է, որ իրենց մեծ առաջնորդի գործունեությունը, նրա թողած ժառանգությունը գնահատելու նպատակով է կազմակերպվել հանդիսավոր հավաքը՝ գիտնականների, մտավորականների, դասախոսների, հետազոտողների և Իրանի բարեկամների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվեց փետրվարի 28-ին, նրան հուլիսի 9-ին կհուղարկավորեն հայրենի Մեշհեդ քաղաքում։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































