Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երեխաները գիշերները հացի հերթ էին կանգնում, ասում էին՝ ընկեր Իրա, տալոնը տուր, քեզ համար էլ հաց բերենք»

Հուլիս 09,2026 12:00 Share

Իրա Թամրազյանը՝ Արցախի արվեստագործների միության առաքելության եւ իրենց աջակցելու մասին

Շենգավիթ համայնքում՝ Արտաշիսյան փողոցում գտնվող շենքի նկուղային հարկում գործում է Հադրութի ստեղծագործական կենտրոնը՝ այսօր արդեն որպես Արցախի արվեստագործների միություն ՀԿ: ՀԿ-ի հիմնադիր, արցախցի նկարիչ-ձևավորող, Արցախի վաստակավոր մանկավարժ Իրա Թամրազյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ 2020 թ. դեկտեմբերին են վերաբացվել Հայաստանում՝ 44-օրյա պատերազմից և Հադրութը կորցնելուց հետո:

«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվեց փաստաթուղթը, և տեղեկացանք, որ այլևս Հադրութ չենք գնալու, ստեղծագործական կոլեկտիվը խնդրեց, որ ինչ-որ բան մտածենք՝ Հայաստանում ստեղծագործելու ուղղությամբ: Ամեն մեկը Երևանում ինչ-որ տեղ տուն էր վարձել, այդպես մենք հավաքվեցինք: Առաջինը գնացի Նժդեհի 23 հասցե, որտեղ գտնվում էր Արցախի օպերատիվ շտաբը, ղեկավարությանը խնդրեցի մի փոքր սենյակ տրամադրել, որպեսզի Հադրութի արվեստագետներս հավաքվենք ու ստեղծագործենք: Ընդառաջեցին և մի սենյակ տվեցին մեզ, շտաբի պահեստը մի գիշերում մաքրեցին, կոլեկտիվը տեղավորվեց փոքր սենյակում: Ու 2021 թ. փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, կարողացանք նշել Նժդեհի 23 հասցեում, որտեղ արդեն կայացել էինք, տարբեր խմբեր ունեինք: Արցախի օպերատիվ շտաբը և Արցախի կառավարությունը մեզ օգնեցին, սկսեցինք աշխատավարձը շարունակական ստանալ որպես ՊՈԱԿ, ընդլայնվեցինք, մի փոքր սենյակից դարձանք 8 սենյակ, նույնիսկ մեր Հադրութի բռնցքամարտի խումբը վերաբացեցինք»,- պատմում է տիկին Իրան:

Նաև շարունակում է, թե հետո ինչպես է վերադարձել Ստեփանակերտ, որտեղ իրենց 10 աշխատակիցների ընտանիքներն էին ապրում, այնտեղ ևս տարածքի հարց է լուծել: Ֆրանկոֆոնիայի կենտրոնը, ում հետ դեռ Հադրութից սերտորեն համագործակցում էին, տարածք է տրամադրել իրենց գրասենյակում: Ստեփանակերտում կրկին կայացել են, գործել են պարի, նկարչության, կարպետագործության, կավագործության խմբերը, տիկնիկային թատրոնը… Անգամ շրջափակման ժամանակ են գործել, իսկ Ամանորին Արցախի սոցապ նախարարության աջակցությամբ ամանորյա նվերներ հանձնել երեխաներին:

Այնուհետև շարունակել են գործել Երևանում՝ Զեյթունում և մարզերում:

  

«Չէինք պատկերացնում, որ պետք է թողնեինք Արցախը… Այնտեղ հրաշալի կենտրոն էինք հիմնել, Երևանից մեր վարպետները, մշակութային ընկերները պետք է գային, ապրեին կենտրոնում, դասեր անցկացնեին մեր արցախի երեխաների համար, բայց, ցավոք, իրադարձություններն այլ կերպ զարգացան: Երեխաները բլոկադայի ժամանակ գիշերները հացի հերթ էին կանգնում, ինձ ասում էին՝ ընկեր Իրա, տալոնը տուր, քեզ համար էլ հաց բերենք: Չնայած այդ վիճակին, այդքան էլ ընկճված չէինք: 2023 թ. սեպտեմբերին սկսեցին ռմբակոծությունը, արդեն ահավոր էր, մտածում էինք, որ գոնե երեխաներին պետք է հանեինք՝ փրկելու համար: 4000 երեխա Հադրութից 2020 թ. տեղահանվել էր, նրանցից 2000-ը նորից հետ էր գնացել Ստեփանակերտ, ու նրանք երկրորդ անգամ տեսան ահավոր պատերազմը, ռմբակոծությունը: Երբ ռմբակոծում էին, երեխաներին պահում էինք մեր կիսանկուղային տարածքում: Բլոկադայից հետո կարողացանք երեխաների գործած գորգերը բերել Արցախից, նաև մի 40 նկար, որ իրենք շրջանակներից հանել էին տեղափոխելու համար»,- նշում է մեր զրուցակիցը:

Չի մոռանում ոչ մի աջակցի ու հովանավորի, հիշում է հատկապես կանադացի Արտեմի աջակցությունը, որի շնորհիվ կարողացան 300 երեխայի նվերներ հանձնել ու տոնահանդես կազմակերպել՝ մոռացնելու համար պատերազմի դառնությունը: Իրենց հետ բերել են նաև Հադրութը պատկերող կտավը, Արցախի քարտեզներ, իսկ կենտրոնի ամենապատվավոր անկյուններից մեկում զոհված վարպետներ Վահագն Ավանեսյանի և Ռադիկ Խաչատրյանի նկարներն են:

Տիկին Իրան չի տրտնջում, բայց փաստ է, որ բարդ է կենտրոնը պահելը. նկուղային 130 քմ տարածքի համար ամսական 260.000 դրամ են վճարում՝ չհաշված կոմունալները, իսկ Վանաձորի իրենց մասնաճյուղն արդեն քանի ամիս է՝ տարածքի պատճառով չի գործում:

Իրա Թամրազյանը տեղեկացրեց, որ Շենգավիթ համայնքում գտնվող իրենց կենտրոն շուրջ 200 երեխա է այցելում, նաև 150 կին: Երեխաները գալիս են խմբակների, կանայք՝ նոր բան սովորելու: Երեք անգամ կար ու ձևի դասընթաց են ունեցել, կանանց կարի մեքենաներ են նվիրել: Արցախի արվեստագործների միություն ՀԿ-ի հիմնադիրը մանրամասնում է, որ դասընթացները տարբեր են՝ բատիկայի, ազգային գուլպայի, ասեղնագործ գորգի, Մարաշի ասեղնագործության, Սումախ կարպետի: Բոլոր վարպետներն արցախցիներ են, բացի Սումախ կարպետի դասընթացի վարպետից: Բոլոր դասընթացներն անվճար են: Հաճախ Թեքեյան կենտրոնի տնօրինությունն է աջակցում տարածքի վարձի առումով, երբեմն նույնիսկ առանց խնդրելու են փոխանցում վարձը:

«Կուզենայինք լիներ մի բարի մարդ, հովանավոր, որ գոնե տարածքի վարձը հոգար, որպեսզի ամեն անգամ մեկին չխնդրեինք: Մենք հաստատ մեզ կարդարացնեինք: Ցանկություն ունենք, որ տարբեր հիմնադրամների հետ հուշագրեր կնքենք, որպեսզի օգնեն վաճառել մեր աշխատանքները, կարողանանք կենտրոնը պահել: 2023-ից հետո սկսել ենք ցուցահանդես-վաճառքներ անել, իսկ մինչ 2023 թ. միայն ցուցադրվում էինք»,- ասում է տիկին Իրան:

Արցախի արվեստագործների միություն ՀԿ-ին աջակցել ցանկացողների համար տեղադրում ենք ՀԿ-ի՝ Ինեկոբանկի հաշվեհամարը՝ 2051022037471001, և հեռախոսահամարները՝ +374 97 295629 և +374 98 661684:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
08.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել