Մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցած բոյկոտից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։ Սակայն բուհի ռեկտորի կողմից նրա կարգավիճակի մասին որևէ տեղեկություն կամ պարզաբանում չի ներկայացվել աշխատակիցներին։
Aravot.am-ի ձեռքի տակ է հայտնվել ներքին գրություն՝ վերնագրված «Զավշետ, թե՞ զավթում ՀՊՏՀ-ում», որում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից (մեր տեղեկություններով, գրության հեղինակը այդ մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն է) մի քանի հարցեր են ուղղվել բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանին։
Նամակագիրը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Mulberry 2 համակարգում պարոն Ասլանյանի օգտահաշվին կցվել ուրիշի էլեկտրոնային հասցեն, խոսքը ՀՊՏՀ-ի ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի տնօրենի հասցեի մասին է։
Կարդացեք նաև
Այդ գրության մեջ խոսվում է այն մասին, որ այս բուհում կառավարման ճգնաժամը օր-օրի խորանում է (տես փաստաթղթում)։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի անձնակազմը հունիսի 15-ին սկսել էր բոյկոտել աշխատանքները՝ ի նշան բողոքի, որ վերադասը կամայական ու անհիմն որոշում է կայացրել․ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոչ թե Կարեն Պետրոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը օրեր առաջ էր լրացել, այլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Մ․ Ասլանյանին։
Իհարկե, բոյկոտը տվեց իր արդյունքը․ մեկ օր անց ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Կարեն Պետրոսյանը, սակայն, ինչպես մամուլն է գրում, այս պատմությունը էժան չնստեց պրոռեկտոր Մխիթար Ասլանյանի վրա, որը հեռացավ սեփական դիմումի համաձայն։
Մեր տեղեկություններով, դիմում տալու ժամանակ բավական կոշտ խոսույթ է տեղի ունեցել բուհի ռեկտորի և հեռացող պրոռեկտորի միջև, որը ի սկզբանե դեմ է եղել Գյումրու մասնաճյուղի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններն իր ուսերին դնելուն։
Aravot.am-ը կփորձի պարզաբանումներ ստանալ բոլոր կողմերից։





















































