Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորանշանակ պաշտոնակատարը բուհը WhatsApp-ով է կառավարում»․ բոյկոտ Գյումրու տնտեսագիտական համալսարանում

Հունիս 15,2026 17:57 Share

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի անձնակազմը սկսել է բոյկոտել աշխատանքները՝ ի նշան բողոքի, որ վերադասը կամայական ու անհիմն որոշում է կայացրել, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոչ թե Կարեն Պետրոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը օրերս է լրացել, այլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Մ․ Ասլանյանին։

Նրանք հայտարարություն էին տարածել, գրելով․ «Ճգնաժամ և բոյկոտ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ,

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։

Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։

Ի՞նչ է տեղի ունեցել.

ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:

Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։

Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք հայտարարում ենք բոյկոտ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը»:

Նրանք նաև մամուլի ասուլիս էին հրավիրել՝ լրատվամիջոցներին՝ փոխանցելով իրենց դժգոհությունն ու մտահոգությունները։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ Հայկարամ Դրմեյանն ասաց, որ Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է ու պիտի նշանակվեր տնօրենի պաշտոնակատար։ Մայր բուհի ռեկտորը համաձայնել ու խոստացել է նշանակել նրան՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարումն ու կայացումը, սակայն առանց որևէ բացատրության, հիմնավոր պատճառաբանության՝ փոխել է իր որոշումը։

«Մոտ մի շաբաթ է՝ հարցը բարձրաձայնել ենք տարբեր մակարդակներում, և որևէ տեղից մեր հետ քննարկման, երկխոսության հրավեր չենք ստացել՝ հարցը լուծելու ուղղությամբ, հետևաբար և մենք գնում ենք բոյկոտի ճանապարհով։

Բացի նրանից, որ մայր բուհի կողմից որևէ նախաձեռնություն չեղավ մեզ հանդիպելու ու մեր հետ քննարկելու, մայր բուհի կողմից մեզ հետ հաղորդակցումը իջեցվել է այն մակարդակի, որ տնօրենի նորանշանակ պարտականություններ կատարողը WhatsApp-ով հանձնարարականներ է ուղարկում, հետո բացատրագրեր պահանջում, որ դրանց հիմքով նկատողություններ տան ու հետո աշխատակիցներին հեռացնեն։

Մենք կաշկանդված չենք այստեղ որևէ դիրքով, աթոռով կամ պաշտոնով, խնդիրն ավելի շատ բարոյական է, իրավական դաշտի հետ կապված մենք խնդիր չունենք։

Այն, որ տաս օր հարցը քննվում է, ուզում ենք մեզ հետ հանդիպեն, խոսեն, որևէ մեկը նախաձեռնություն չի հայտնում։ Իսկ նոր նշանակված անձը գալիս ու ասում է՝ ես միայն ուրբաթ օրերն են գալու, ստորագրեմ թղթեր, գնամ։

Այստեղի թիմը ինտեսիվ աշխատում է՝ շաբաթական 40 ժամ, դուք մի ժամ եք աշխատում, ստացվում է 40 անգամ պրոցեսները հետ եք գցում։ Սա անընդունելի կառավարման մոտեցում է մեզ համար, կամ ասում են՝ եթե ձեր դասախոսները կհրաժարվեն քննություններից և կմիանան բոյկոտի, մենք Երևանից դասախոսներ կհրավիրենք, քննությունները կանցկացնեն։ Սա այն մոտեցումն է, որ որդեգրել է մայր բուհի ղեկավարությունը»։

Նրանք Նիկոլ Փաշինյանից հանդիպում են խնդրել, հույս ունեն, որ նա կարձագանքի։

Հետազոտությունների և զարգացման բաժնի պետ Արսեն Ըռքոյանն էլ ասաց, որ 8 տարի է պահանջվել՝ հասնելու այն ամենին, ինչ բուհն ունի, սակայն ստեղծվել է մի իրավիճակ, որը նսեմացնում է ողջ աշխատանքը։ Ըստ նրա, իրենք անհաշտ են, իրենց անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում, իրենց կարծիքը փաստացի չեն լսում։

Ինչո՞ւ են նման ձևով վարվում Կարեն Պետրոսյանի հետ, որն իրականում մեծ աշխատանք է տարել բուհը զարգացնելու, մրցակցային դարձնելու ուղղությամբ․ գերժամանակակից է դարձրել բոլոր լսարանները, ուսանողական հետաքրքիր միջավայր է ստեղծել, աշխարհի տարբեր ծայրերից մասնագետների է հրավիրում դասավանդման, գուցե պատճառը քաղաքակա՞ն է, բուհի անձնակազմը բնականաբար այս հարցի պատասխանը չունի։

Կարեն Պետրոսյանն ասուլիսին չէր մասնակցում, որ նրանից ճշտեինք Գյումրիում շրջանառվող խոսակցությունների ու վարկածների իսկությունը։

Վարկածներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Պետրոսյանին, որը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ղեկավարն է, այդպես էլ չներեց այն, որ նա չկարողացավ դեկտեմբերի 7-ին Գյումրիում պատարագի մասնակցելու համար Շիրակի թեմի հոգևորականներից իր համար պատարագիչ ճարել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի պայմանն այն էր, որ իր մասնակցությամբ պատարագներին զեղչվելու է Վեհափառի անունը, իսկ Շիրակի թեմում որևէ մի հոգևորական չհամաձայնեց այդ պայմանին, ավելին` մեծ աղմուկ բարձրացավ․ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը հրապարակավ հնչեցրեց Կարեն Պետրոսյանի անունը՝ նրան քննադատելով, թե եկել էր իր մոտ՝ առաջարկով, որ չհնչեցնի կաթողիկոսի անունը, սակայն ինքը չէր համաձայնել։

Նշում են նաև, որ սա որոշակիորեն կապ ունի ԱԺ ընտրությունների հետ, Նիկոլ Փաշինյանն այնքան էլ գոհ չի մնացել իրեն սատարելուց, սակայն սրանք ընդամենը վարկածներ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930