Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ «անկլավների՞ն». աննախադեպ պատկեր

Հուլիս 10,2026 10:00 Share

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արձանագրել է, այսպես կոչված, անկլավների նկատմամբ Ադրբեջանի «իրավունքը»: Սա, իհարկե, նորություն չէ: Այդ «իրավունքը» Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ճանաչել է վաղուց: Այստեղ «նորությունը» այն է, որ Փաշինյանը այդ հարցերը կապում է այն տարածքների հետ, որոնք համարում է օկուպացված՝ Ջերմուկի երկօրյա պատերազմի հետեւանքով, նաեւ դրանից առաջ՝ 2021 թվականի մայիսին առանց որեւէ կրակոցի զբաղեցրած տարածքները:

Այդ տարածքները Նիկոլ Փաշինյանը համարում է օկուպացված, այդ հարցում իր հետ համաձայն չլինելու համար նա «գժտվել» է եւ սառեցրել հարաբերությունը ՀԱՊԿ հետ, բայց հիմա համարում է, որ Հայաստանն էլ ունի ադրբեջանական տարածքներ, ու՝ եթե դրանք չտա, ինչպե՞ս պահանջի Ադրբեջանի «օկուպացրածները»: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «ՀԱՊԿ-ը ճիշտ էր, ես սխալվեցի»: Որովհետեւ ՀԱՊԿ-ը հենց այդպես էլ արձագանքում էր, որ սահմանազատման ու սահմանագծման բացակայությունը անհստակություն է ստեղծում սահմանային վեճերի շուրջ: Հիմա Նիկոլ Փաշինյանն ինքն է դե ֆակտո ասում, որ խնդիրը սահմանային վեճն է, որ պետք է լուծել փոխանակումով:

Իհարկե, մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն այդպիսով բացահայտում է, թե ինչ մեծ ինֆորմացիոն փուչիկ էր ՀԱՊԿ թեման, որ փչվեց եւ օգտագործվեց մի քանի տարի շարունակ՝ ինքնիշխանության կենացի անվան տակ: Դա, իհարկե, բերեց ներքին շատ քարոզչական դիվիդենդներ:

Այստեղ կա շատ ավելի առարկայական հանգամանք: Նախ, այսպես կոչված, անկլավների «իրավունքն» ու դրա իրացումը Ադրբեջանին տալու է Հայաստանի հանդեպ թե ռազմա-քաղաքական, թե դեմոգրաֆիական գերակայության հաստատման ու խորացման լայն հնարավորություն: Ընդ որում, դրա առաջմղմանը ծառայել է նաեւ այն ագրեսիան, որ եղել է Ջերմուկի ուղղությամբ: Եվ այստեղ ամենամտահոգիչն է այն «բանաձեւի» առումով, որ բարձրաձայնում է Փաշինյանը՝ պատերազմի հետեւանքով հայաստանյան տարածքների օկուպացիայի փաստը դե ֆակտո ճանաչելով Հայաստանի հանդեպ «իրավունքների» առաջմղման գործիք: Սա աննախադեպ է թերեւս միջազգային հարաբերությունների պատմության մեջ, երբ պետությունը հայտարարում է իր տարածքներն օկուպացնելու մասին, իսկ հետո այդ օկուպացիայով «հիմնավորում» օկուպանտի այլ հավակնությունը Հայաստանի նկատմամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել