«Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետեւ դա է բխում էն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլեւ ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- բայց էս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում… ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:
Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:
Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ է մետաղադրամներ (գյափիկ – ռուսերեն копек բառից) ու թղթադրամներ (մանաթ – ռուսերեն монета բառից) թողարկել:
Կարդացեք նաև
Ադրբեջանական մանաթը շրջանառության մեջ է մտել 1992-ին, իսկ 1994-ի հունվարի 1-ից դարձել է Ադրբեջանի տարածքում վճարման միակ օրինական միջոցը, քանի որ խորհրդային ռուբլին հանվել է շրջանառությունից: Մանաթին զուգահեռ շրջանառության մեջ է մտել դրա մանրադրամը՝ գյափիկը (1 մանաթը հավասար է 100 գյափիկի), որը թողարկվել է մետաղադրամի տեսքով:
Գյափիկի առաջին նմուշները՝ 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամները, թողարկվել են 1992-1993 թթ.: Դրանց վրա Ադրբեջանի քարտեզը չի եղել (տես ստորեւ):
Գյափիկի երկրորդ թողարկման նմուշները շրջանառության մեջ են մտել 2006-ի հունվարից եւ կիրառվում են մինչ օրս: Թողարկվել են 1, 3, 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամներ: Սրանց դիմերեսին պատկերված է Ադրբեջանի քարտեզը, որի վրա, սակայն, առանձնացված չեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին ձեւավորված անկլավները: Այլ կերպ ասած՝ Արծվաշենը առանձնացված չէ Ադրբեջանի տարածքից, իսկ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն՝ Հայաստանի տարածքից (տես ստորեւ):
Ինչ վերաբերում է ադրբեջանական մանաթին, ապա սրա առաջին նմուշները թողարկվել են 1992-2001 թթ. (շրջանառության մեջ են եղել 1, 5, 10, 50, 100, 250, 500, 1.000, 10.000 եւ 50.000 մանաթ արժեքով թղթադրամներ): Սրանց վրա, ինչպես առաջին թողարկման գյափիկների վրա, քարտեզ չի եղել:
2005-ից շրջանառության մեջ են մտել նոր նմուշի թղթադրամներ, որոնք կիրառվում են մինչ օրս: Սրանց բոլորի դարձերեսին առկա է Ադրբեջանի քարտեզը:
Ընդ որում՝ 2005-2018 թթ. տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50, 100, 200 մանաթ արժեքով թղթադրամներ) քարտեզների վրա անկլավները երեւում են: Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի տարածքից առանձնացված է Արծվաշենը, Հայաստանի տարածքից՝ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն, իսկ Տիգրանաշենը ներկայացված է իբրեւ Հայաստանի մաս (առանձնացված չէ):
Փաշինյանը ամսի 9-ի իր հայտարարության մեջ նկատի է ունեցել հենց այս նմուշները, սակայն նա կա՛մ լրագրողներից եւ հանրությունից միտումնավոր թաքցրել է, կա՛մ անտեղյակության հետեւանքով չի բարձրաձայնել այն փաստը, որ 2020-ին եւ դրանից հետո թարմացված դիզայնով թղթադրամների վրա Արծվաշենը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս:
Այսպես՝ 2020-ին եւ դրանից հետո տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50 եւ 100 մանաթ արժեքով թղթադրամներ), որոնց ավելացել է նաեւ 500 մանաթանոցը (տպագրվել է 2021-ին, դիմերեսին ու դարձերեսին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունն է), ոչ միայն Արծվաշենը ձուլվել է Ադրբեջանի տարածքին եւ չի երեւում որպես անկլավ, այլեւ, ի տարբերություն նախորդ նմուշների, Հայաստանի տարածքում որպես անկլավ առանձնացվել է Տիգրանաշենը, իսկ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն գրեթե բոլոր նմուշներում (բացառությամբ 2021-ին տպագրված 20 մանաթանոցի) ներկայացված են ոչ թե որպես անկլավ Հայաստանի ներսում, այլ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունեցող տարածք:
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում























































