Հայաստանի ապաշնորհ, իսկ հունիսի 7-ից հետո՝ նաեւ անօրինակարգ ղեկավարության անզորության համապատկերին Ադրբեջանի նախագահը շարունակում է հաղթողի դիրքերից թելադրել այն պահանջները, որոնք ՀՀ խորհրդարանական ընտրությունների բերումով առժամանակ հետաձգվել էին: Ապշերոնի բռնապետը տեղական վասալներ է ուղարկում Երեւան, շտապեցնում մարել «պարտքերը»՝ ամենայն հավականությամբ պահանջների հերթական «տրանշը» օր առաջ ներկայացնելու համար: Ալիեւի գործերը լավ են գնում. ՀՀ տարածքից եւս երկու անկլավ ենթակա է հանձնման, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ Սահմանադրության փոփոխության գործընթացը շատ մոտ է ավարտին:
Միակ հարցը, որի առնչությամբ հայկական կողմը, կարծես թե, դեռ «չեմուչեմ» է անում, 300 հազար ադրբեջանցի փախստականների վերաբնակեցումն է մեր երկրում՝ Հայաստանում, որին Իլհամը կնքել է զավթողական տեղանվամբ՝ «Արեւմտյան Ադրբեջան»: Այդ երկրի համար այստեղ մեծաթիվ ընտանիքների բնակեցումը, ինչպես խոստովանում են, ռազմավարական կարեւորություն ունի: Պատահական չէ, որ վերադարձի խնդիրը՝ զուգակցված «Արեւմտյան Ադրբեջան» թեմային, Հեյդարօղլուի հատուկ հոգածության առարկան է: Այնինչ Հայաստանի դեպքում դրա իրականացումն աներկբայորեն կգուժի հայոց պետականության վերջի սկիզբը, եւ սրանում ոչ մի չափազանցում չկա:
Չնայած դրան, հարեւան երկրում պետական ամենաբարձր մակարդակով գեներացվող «300 հազարի» թեմային, որը երկար ժամանակ չի իջնում ադրբեջանական մամուլի գլխագրերից, երբեք հավուր պատշաճի հակահարված չի տրվել: Ալիեւը՝ պարբերաբար զարգացնելով այդ զգայուն միտքը եւ հարցը լայնորեն դուրս բերելով միջազգային ասպարեզ, այդ թվում՝ ՄԱԿ, այլեւս չի էլ թաքցնում Հայաստանի հանդեպ իր տարածքային հավակնությունները: Ավելին՝ բոլոր հարթակներից հայտարարում է, որ Հայաստանի այժմյան տարածքը պատմականորեն ադրբեջանական հող է, եւ իրենք, վաղ թե ուշ, տեր են կանգնելու այն հողատարածքներին, որոնք իրենց են պատկանում: Ցավոք, թշնամական այս գործողություններին ՀՀ իշխանության համարժեք արձագանքը չենք տեսնում:
Գիտակցո՞ւմ է Փաշինյանը, թե ոչ՝ նրա «կիրթ» ու «կառուցողական» գործընկերը հասկանալ է տալիս, որ 300 հազար ադրբեջանցիների մուտքը ՀՀ՝ առաջին գրավադրումն է լինելու «իրենց պատմական հողում»: «Դուխը» չի հերիքում Ալիեւի ուղիղ ճակատին ասել ճշմարտությունը, բանավիճել, հակադարձել, մերժել, հետեւաբար 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի առնչությամբ ընդամենը ասում է. «Դա հորինված ու շինծու թեմա է. այդ թվով ադրբեջանցու վերադարձի հարց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ օրակարգում չի եղել»: Իսկ լրագրողների հարցին պատասխանելիս՝ անձամբ երաշխավորում է՝ «իմ պաշտոնավարման օրոք ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցի չի վերաբնակեցվելու»։ Բայց նրա հավաստիացումներին հավատացողն ո՞վ է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում


















































