Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Իսրայելյան. «Որ հայտնվել ենք այս իրավիճակում, մեղավորությունը մերն է։ Ոչ մեկին, ոչ մի երկրի ու կենտրոնների չմեղադրեք»

Հուլիս 14,2026 15:14 Share

«Ինչ հիմա կատարվում է Գագիկ Ծառուկյանի շուրջ, նմանատիպ իրավիճակներ մենք ունեցել ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարագայում, անցել ենք Արցախի կործանման ճանապարհ»,-ասաց «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը «Հայելի» ակումբում։

«Միշտ ասել եմ, որ մեղավորությունը մեր մեջ է՝ հասարակությունից , մինչեւ ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնող քաղաքական ուժեր, որովհետեւ մինչեւ օրս չեմ հավատում, որ նմանատիպ ղեկավարը իշխանության մնալով, մեր գլխին այսքան ցավ ու դարդ բերելով՝ շարունակում է մնալ աթոռին։

Այսօր, որ մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի շուրջ ինչ է տեղի ունենում, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ ամեն մեկիս հետ է տեղի ունենում։ Մի մասի հետ արդեն տեղի է ունեցել, որ մնացել են անհայրենիք, անտուն, զոհ են դարձել։ Մյուս մասին էլ ասում եմ՝ ժամանակը գալու է ու ամեն մեկիդ դուռը ծեծելու է։

2020 թվականի պատերազմից հետո, որ եկա Մայր Հայաստան, Երեւանում տեսա, որ միայն անհետ կորած զինվորների ծնողներն են պայքարում, անհետ կորածների ծնողներն են միայն դուռ-դուռ ծեծելով այս իշխանություններից պահանջում իրենց երեխաների ճակատագրով զբաղվել եւ տեղեկություն տալ։ Ինձ համար աննորմալ տեսարան էր, որ ժողովրդի մեծամասնությունը անտարբեր նայում ու անցնում էին։

Դրանից հետո քայլ առ քայլ նույն իրավիճակը աստիճանաբար տարածվեց նաեւ ժողովրդի տարբեր այլ հատվածների վրա։ Ու հետո տեսանք ինչ եղավ։ Արցախի կործանում ու հայաթափում, 150 հազար մարդու տեղահանում, այնուհետեւ այս իշխանության կողմից արցախահայության նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք, մինչեւ օրս՝ ծաղրանք։

Ես այդ ժամանակվանից ասել եմ՝ ժողովուրդ, չի կարելի այդպես։ Եթե քո մի հատվածը տուժում է ոչ իր ցանկությունով կամ հայտնվում է մի իրավիճակում, որն ինքը չի ստեղծել, չի կարելի դատապարտել կամ այդ ժողովրդի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցադրել։ Այ, այդ վերաբերմունքի՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես»-ի, պտուղները հավաքում ենք հիմա։

Հիմա նայում եմ Գագիկ Ծառուկյանի հիմնարկների, օրինակ, «Արարատ Ցեմենտի» աշխատակիցների ակցիաներին։ Մի մասը արդար պահանջներ է դնում։ Բայց մի մաս էլ կա, որի համար տարբերություն չկա, թե «Արարատ Ցեմենտի» սեփականատերը ով պետք է լինի։ Ասում են՝ գործարանը թող աշխատի, որովհետեւ փող ենք աշխատում, տուն ենք պահում։ Բա այն մարդիկ, որոնք անտեր, անտուն են դարձել ներկա իշխանության պատճառով, որ այսօր հայտնվել են փողոցներում, նույն իրավիճակն է եղել չէ՞։ Այ, դրա համար ենք ասում, որ ազգային միասնության պայքարը դրա մեջ է։ Միասնական պետք է պայքարեք թե ձեր համար, թե կործանված Արցախի ժողովրդի համար, թե արժանապատվության, թե Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների համար։ Որ տարբերություն չդնենք՝ այսօր դա մեզ չի դիպչում ու շարունակենք հանգիստ ապրելը»,-ասաց Անաստաս Իսրայելյանը։

Անդրադարձավ նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչներին. «Մի քանիսը, որ մի երկու տող գրել են, իրենց կողքին կանգնած եմ։ Բա մյուսներն ո՞ւր են։ Ո՞ւր եք դուք։ Այսօր խփում են ձեր մեջքին կանգնածին, ձեր գրպանը փող դնողին, ձեզ մարզիկ սարքողին, ձեր հաղթանակները կառուցողին։ Ինչի՞ համար եք այդքան լուռ, ինչի՞ միասնական պատասխանատվություն չեք վերցնում, միասնական դուրս չեք գալիս։

Մաս-մաս եք եղած։ «Ցեմենտը» առանձին է բողոքում, Գագիկ Ծառուկյանի մյուս աշխատակիցները՝ առանձին, մարզիկներից մի քանի հոգի են ձայն հանում։ Սա՞ է ձեր արժանապատվությունը։

Այո, որ հայտնվել ենք այս իրավիճակում, մեղավորությունը մերն է։ Ուրիշ ոչ մեկին, ոչ մի երկրի, կենտրոնների չմեղադրեք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031