- Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վերածւեցին համիսլամական սգոյ, ցասումի եւ միաժամանակ բողոք-պահանջատիրութեան կեցւածքների՝ ընդդէմ ԱՄՆ-Իսրայէլ տանդեմի։ Նոյն իսլամական հաւատամքների օրինաչափութեան համաձայն էլ՝ Առաջնորդ-Իմամի նահատակութեան հեղինակներն ի դէմս Թրամփ-Նաթանիահուի՝ արժանի են մահապատժի՝ անժամկէտ կտրւածքով…։
- Թէ’ մինչ, եւ թէ’ յետ «Իսլամաբադեան» 14 կէտանոց պայմանագրի ստորագրում, հրադադարի երկուստեք խախտումներն անպակաս եղան ու այժմս էլ փոխադարձ հրաձգութիւններն ու հրթիռակոծումները չեն դադարում։ ԱՄՆ եւ Պարսից ծոցի մէկ-երկու խամաճիկ էմիրանիստներ արդէն 3-4 օր է, որ թիրախ են դարձնում Իրանի հարաւային ծովեզերեայ քաղաքների ու կղզիների նաւթարդիւնաբերական ինչպէսեւ՝ էներգետիկ-տնտեսական խոշոր օբիեկտները։ Փոխադարձաբար՝ Իրանի հրթիռային համակարգերը թիրախաւորում են նոյն այդ էմիրանիստների տարածքներում տեղակայւած ԱՄՆ ռազմական յենակայանները։
- Այս ամէնի կռւախնձոր հանդիսացող Հորմուզի նեղուցն, ինչպէս ռազմաքաղաքական շատ փորձագէտներն են ընդգծում, վերածւել է ռազմավարական խոշոր հնարաւորութեան յօգուտ Իրանի։ Ոմանք նոյնիսկ նման հնարաւորութիւնն համազօր են համարում միջուկային կանխարգելիչ զէնքի, որն ունակ է ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ միջազգային մակարդակում ազդել աշխահաքաղաքական ու տնտեսական-էներգետիկ հաշւեկշիռների դրական, թէ’ բացասական տատանումների վրայ։
- Անպակաս են, սակայն, Թրամփի ամենօրեայ եւ արդէն կրկնւող յոխորտանքներն՝ ընդդէմ Իրանի, որոնք մեծ ու փոքր սպառնալիքներից առաւել՝ համեմւած են քարոզչական ձեւակերպումներով…։
Ինչեւէ, Հորմուզի նեղուցի եւ հակա-Իրան նկրտումների մասին մէկ՝ Չինաստանի եւ մէկ էլ՝ Ռուսաստանի իրանամէտ նախագահների հետ խորհրդակցող Թրամփը յայտարարել է, որ առաջիկային կարեւոր յայտարարութիւններով է հանդէս գալու ԱՄՆ ժողովրդի առջեւ, միաժամանակ յայտնելով, որ ապահովելու է Կոնգրէսի համաձայնութիւնը՝ Իրանի դէմ պատերազմական իրավիճակի վերականգնման հարցով…։
- Եթէ ոչ տասնամեակներ, բայց հաստատապէս վերջին տարիներին Իրանի Իսլ. Հանրապետութեան դէմ պատերազմ ու տարբեր կարգի սանկցիաներ իրականացնելու մեծագոյն շահագրգիռը հանդիսանում է Իսրայէլը։ Փաստ է արդէն, որ թէ’ 2025-ի 12-օրեայ, եւ թէ’ 2026-ի քառասնօրեայ պատերազմների դրդիչ ու սադրիչ հիմնական գործօնի դերակատարութիւն է ունեցել սիոնիստական ռեժիմը՝ պատերազմատենչ Նաթանիահուի գլխաւորութեամբ։ Իսլ.համակարգը երկու շաբաթւայ ընթացքում փլուզելու նպատակով պատերազմ շղթայազերծած ԱՄՆ-Իսրայէլ դաշինքը, Իրանին մեծագոյն կորուստներ պատճառելով հանդերձ, պարտաւորւեց կրկին յայտնւել բանակցային սեղանի շուրջ եւ ի վերջոյ ստորագրել «Իսլամաբադի » յուշագիր-պայմանագիրը ։
- Այսօր, դարձեալ վերոնշեալ պայմանագրի դրոյթները խախտող Իսրայէլը ոգի ի բռին շահագրգռւած է պատերազմական գործողութիւնների վերսկսմանը ընդդէմ Իրանի, ելնելով իր պետական,ռազմաքաղաքական եւ ինչու ոչ՝ գաղափարական հնամենի դոկտրինայից՝ սիոնիզմից։Ըստ նոյն դոկտրինայի, ոչ միայն պաղեստինեան երկարամեայ ազատագրական պայքարով դիմադրութեան ելած ժողովուրդը, այլ նոյնինքն այդ պայքարի թիկունքին կանգնած հիմնական հովանաւորող երկիր՝ իսլ. Իրանը հանդիսանում է թշնամի…, որին էլ հարկ է ամէն կերպ խոցել։
- Ահաւասիկ, համաշխարհային ընտանիքը ակնդէտ ու խոր մտահոգութեամբ սպասում է Պարսից ծոցի եւ մասնաւորապէս իրանապատկան Հորմուզ նեղուցի՝ ԱՄՆ-Իսրայէլ մեղսակցութեամբ ստեղծւած թնջուկի կարգաւորմանը։
Մէկ բան յստակ է ըստ ամենայնի. Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեւէ չի բարեկամանալու եւ հաշտութիւն չի կնքելու ԱՄՆ-ի եւ յատկապէս սիոնիստական ռեժիմի հետ, ելնելով իր իսկ քաղաքական,գաղափարական ու պատմական հիմնաւորումներից։ Դա այդպէս է, քանզի սրանից 47 տարի առաջ ասպարէզ իջած իսլ. յեղափոխութեան բուն պատճառները ԱՄՆ-ի հետ պատմաքաղաքական, իսկ մասնաւորապէս Իսրայէլի հետ գոյութենական-գաղափարական տարակարծութիւններն են եղել։ Միջին եզր, ցաւօք՝ ներկայ եւ տեսանելի հեռանկարում դժւար թէ ուրւագծելի լինի…։
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ ՊԳԹ


















































